Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Սուրբ առաքյալ Տիտոսի վկայաբանությունը

Յոթանասունից մեկի` սուրբ Տիտոս առաքյալի պատմությունը գրառել է Զինասը, որին հիշում է Պողոսն իր թղթում:

Տիտոսը Կրետե կղզուց էր, խիստ բարեբարո և մեծազգի և եղբորորդին էր Մինոս արքայի, որ Կրետեի թագավորն էր: Եվ Տիտոսը հույժ ուսումնասեր էր և ցանկանում էր սերտել իմաստասիրական գրքերը, [ծանոթանալ] հելլենական դպրությանն ու Հոմերոսի ու Պլատոնի հանճարներին և նրանց նման իմաստասերների ստորոգություններին:

Եվ երբ քսան տարեկան էր, մի ձայն լսեց, որ ասում էր իրեն. «Տիտո՛ս, Տիտո՛ս, դու պետք է դուրս գաս այստեղից և փրկես քո հոգին, որովհետև ոչ մի օգուտ չես քաղի Հոմերոսի և Պլատոնի գրքերից, որոնցով որոշել ես ուսանել»: Տիտոսը խիստ զարմացավ և այնուհետև սկսեց ընթերցել մարգարեական գրքերը: Եվ վերցնելով Եսայի մարգարեի գիրքը` բացեց այն տեղն, ուր գրված էր. «Նորոգվեցե՛ք Իմ առջև, կղզիներ» (ԽԱ. 1): Եվ երբ ծածկեց գիրքը, ինչ-որ աստվածային շնորհ իջավ նրա վրա: Եվ Քրիստոսի համբավի և Նրա գործած սքանչելիքների լուրն իսկույն առան Մինոս թագավորն ու ամբողջ Կրետե կղզին: Թագավորը զարմացավ և կամենում էր տեսնել Քրիստոսին, ինչպես Եդեսացիների քաղաքի Աբգար1 թագավորը: Եվ խորհրդակցեց Կրետեի իշխանների հետ և իր եղբորորդի Տիտոսին Երուսաղեմ առաքեց, նրա հետ նաև սուրհանդակներ և իշխաններ2` տեսնելու Քրիստոսին և Նրա գործած սքանչելիքները, որ վերադառնալով` ամենն ստույգ պատմեին իրեն:

Եվ երբ Տիտոսը գնաց Երուսաղեմ, տեսավ Քրիստոսին և երկրպագեց Նրան, նաև ականատես եղավ սքանչելիքներին, որ Քրիստոս գործում էր Երուսաղեմում: Եվ ստուգությամբ թագավորին գրեց Քրիստոսի մասին և իշխաններին ու սուրհանդակներին թղթով հանդերձ ուղարկեց հորեղբոր մոտ, իսկ ինքը մնաց Երուսաղեմում` հարելով Քրիստոսի աշակերտներին: Եվ ականատես եղավ Քրիստոսի չարչարանքներին, խաչելությանը, մահվանը, թաղմանը, մեռելներից հարություն առնելուն և երկինք համբարձվելուն: Եվ երբ Սուրբ Հոգին Վերնատուն իջավ, Տիտոսը սուրբ առաքյալների հետ էր և դասվեց Տիրոջ յոթանասուներկու աշակերտների շարքը:

Երբ Պողոսը պաղեստինցիների Կեսարիայում հավատաց ի Քրիստոս, առաքյալները Տիտոսին եպիսկոպոս ձեռնադրեցին և Պողոսի հետևից ուղարկեցին աշխարհով մեկ քարոզելու: Եվ գնալով Քրիստոս էին քարոզում ու սերմանում էին կենաց խոսքը բոլոր քաղաքներում և գավառներում: Եվ բազում տանջանքներ և նեղություններ կրելով` դիմացան Տեր Քրիստոսի անվան համար: Եվ մկրտությամբ լուսավորում էին` բազում և անթիվ, նաև մեծամեծ հրաշքներ և սքանչելիքներ գործելով և այդպես Քրիստոսի հավատքին բերելով: Եվ մշտապես հավատացյալների անթիվ բազմություններ էին նվիրում Աստծուն:

Եվ գնալով Կրետե կղզին` Պողոսը, իբրև հայրենի ժառանգություն, Տիտոսին Գորտինա քաղաքի եպիսկոպոս կարգեց: Եվ այնտեղից ելնելով` գնացին Ասիա` Եփեսոս: Մտան քաղաքն ու սկսեցին քարոզել փրկության Ավետարանը: Եվ բազում հիվանդների վրա դնում էին ձեռքերն ու արտասանելով Տեր Հիսուսի անունը` անմիջապես բժշկում: Եվ նրանց սքանչելիքների համբավը տարածվեց ամբողջ գավառով մեկ: Եվ հրեաներից ու հեթանոսներից շատերը այդ ժամանակ հավատքի եկան, ավելի քան տասներկու հազար մարդ` կանանցով և երեխաներով, և մկրտվեցին միևնույն օրը: Իսկ Պողոսը, Սուրբ Հոգու կանչով, այնտեղից դարձավ և եկավ Հռոմ: Եվ քարոզության սկզբից ի վեր մինչև վախճանը Տիտոսը [երբևէ] չթողեց Պողոսին, այլ մշտապես շրջեց նրա հետ` մեծամեծ վշտեր և դժվարություններ կրելով, մինչև որ Ներոն կայսրը Հռոմ քաղաքում Պողոսի գլուխը սրով հատելու վճիռ կայացրեց: Եվ մնալով առանց սուրբ Պողոսի` երանելի Տիտոսը սգաց:

Ասես մնալով որբ` արտասվաթաթավ վերադարձավ Հռոմից և եկավ իր վիճակը` Կրետե կղզի: Եվ իբրև ազգակցի` նրան ընդունեցին մեծ խնդությամբ և նրա գալով` ճոխ խնդություն կատարեցին, ու քանի որ դեռևս հեթանոս էին, զարդարեցին կուռքերի տաճարն ու Տիտոսին տաճար հրավիրեցին: Եվ տաճարը մտնելով` սկսեց աղոթել եբրայեցոց բարբառով և ասել այս սաղմոսը. «Մե՛ր Աստված, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր մեզ» (ԿԶ. 2): Եվ երբ այսպես աղոթեց, խոսքն ավարտելով` կնքեց փրկական Նշանով և հանկարծակի Արտեմիսի բագինն ընկավ գետին ու ջարդվեց: Իսկ հավաքված ժողովուրդը, տեսնելով սուրբ առաքյալի միջոցով կատարված սքանչելիքը, նրան Աստված համարեց և միաբան սկսեց աղաղակել և ասել. «Մի է Աստված, որ այսօր երևաց մեզ»:

Եվ սկսեց Քրիստոս քարոզել նրանց, և այդ օրը հինգ հարյուր մարդ հավատաց: Եվ սուրբ ավազանով մկրտելով` լուսավորեց նրանց: Եվ նրանցից երեցներ և սարկավագներ ձեռնադրեց, եկեղեցի կառուցեց և քահանաներ և պաշտոնյաներ կարգեց ու գնաց այլ տեղեր ու քաղաքներ: Եվ Կրետե կղզում ինը քաղաք կար, և` բազում գյուղեր: Եվ այնտեղ բազում սքանչելիքներ գործեց և Քրիստոս քարոզելով` նրանց աստվածգիտության դարձրեց: Եկեղեցիներ կառուցեց և ինը քաղաքներում եպիսկոպոսներ ձեռնադրեց` Կնոսոսում, Եռապիտնիսում, Կիդոնիայում, Քերոնիսոնում, Ելևթերոնում, Լամբիսում, Կիսամիայում, Կամբանայում, Գորտինայում: Եվ Գորտինան դարձրեց մետրոպոլիս, որ մայրաքաղաք է թարգմանվում: Եվ մնալով վեց տարի` նրանց ամրապնդեց ամենասուրբ Երրորդության հավատքի մեջ: Եվ բազում ու անհամար սքանչելիքներ գործեց այնտեղ և ամբողջ աշխարհին բարիքների օրինակ եղավ, որովհետև առաքինի էր հույժ, և նրա կերակուրը լոկ պարտեզի բանջարն էր ու խմելու ջուրը:

Եվ նրա սուրբ կյանքի օրերն այսքան եղան. քսան տարեկան էր, երբ գնաց Երուսաղեմ Քրիստոսին երկրպագելու և Քրիստոսի մոտ մնաց մեկ տարի: Քարոզության ժամանակ Պողոս առաքյալին հետևեց երեսունութ տարի, վեց տարի մնաց Կրետեում` իր աթոռին, իսկ իր գավառը գնալով` մնաց ինը տարի: Եվ աշխարհում նրա կյանքի տարիները եղան յոթանասուն և չորս: Եվ այսքան տարի ճնշում էր մարմինն իր տեսակ-տեսակ առաքինություններով, որ և [անգամ] քնի ժամանակ չէր հանգչում բարձին, այլ գետնին` քուրձերի և մոխրի վրա:

Իսկ երբ պետք է փոխվեր առ Քրիստոս, տեսավ հրեշտակական գնդերը, որ իջել էին իր մոտ: Եվ տունը լի եղավ անուշահոտ խնկով, և մի լուսավոր ամպ հովանի եղավ նրա վերևում: Եվ նրա երեսը պայծառացավ, ու ժպտաց, ձեռքերը բարձրացնելով դեպի երկինք տարածեց ու այսպես ասաց. «Ի՛մ Տեր Հիսուս Քրիստոս, Քո հավատն անշարժ պահեցի և անդրդվելի` Քո ժողովրդին: Այսուհետև Դու, Տե՛ր, անխախտ հաստատի՛ր և պահի՛ր Քո ժողովրդին: Իմ հոգին հանձնում եմ Քո ձեռքը»: Եվ արտասանելով` «Ամեն», հոգին Աստծուն ավանդեց: Եվ վերցնելով նրա մարմինը` պատեցին մաքուր կտավով և օծեցին յուղերով ու խնկով: Եվ երբ գերեզմանն էին տանում թաղելու` հրաշքներ և սքանչելիքներ եղան, և ինչքան պահված ու թաքցված բագիններ կային կղզում` բոլորն ընկնելով կործանվեցին: Ինչը տեսնելով` ամենքն ավելի հաստատվեցին հավատքի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք, հավիտյանս հավիտենից. ամեն:

1  Խոսքը Եդեսիայի Աբգար Արշակունի թագավորի մասին է: Ծան. հրատ.:

2  Գրքում` «իմաստուններ»: Փխ. ըստ հետագա շարադրանքի:

Աղբյուր՝ Surbzoravor.am