Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Սոս Սարգսյան․ «․․․Աստված հեռու պահի, մենք մեզ չսրբացնենք, թե չէ կդառնանք մատաղացու ոչխար. պատմությունը վկա․․․»

… Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը` ամենաբութը, կրկնում ենք հավիտյան. աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում` աղերսելով…
Զգայուն ժողովուրդ ենք. եթե չենք գտնում,- իսկ մենք չենք գտնում երբեք,- խոր հիասթափություն ենք ապրում, անհարկի ցնցումներ…

Չենք տեսնում, որ արդարությունն ու հաղթանակները քայլում են նրանց հետ, ովքեր ազգը միացնող միտք ունեն, պետականության ձգտում…

Քանի՞ դար կարելի է, ժողովրդի ասած` նստել թախտին, սպասել բախտին…

Եվ չսրբանանք: Աստված հեռու պահի, մենք մեզ չսրբացնենք, թե չէ կդառնանք մատաղացու ոչխար. պատմությունը վկա: Միլիոն ու կես միանգամից, անպայքար զոհ տալուց հետո չարժե հոխորտալ. , չարժե. դեռ մեր հողում թաղված ու չթաղված մեռելների ոսկորներն է տրորում նվաճողը:

Մեր մեղավորությունը ինքներս մեզնից չպարտակենք, պարտությունները տղամարդավարի ընդունենք, ԱԶԱՏԻ պես մտածենք, թող կարգավորվի, առողջանա մեր հոգու աշխարհը, մեր պատմության առաջ ապաշխարենք ազգովին, թողություն հայցենք մեր Աստծուց` մեր թերությունների, մեր դեմ իսկ գործած մեղքերի համար…