Այսպէս է ասում Տէրը. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես 16:7)

Մարմնի պահքը հոգու սնունդն է

«Մարմնի պահքը հոգու սնունդն է» (Հովհան Ոսկեբերան):

Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում այս կիրակին նշված է՝ որպես Առաջավորաց պահքի բարեկենդան: Ըստ ավանդության՝ սա Հայ Եկեղեցու առաջին պահքն է և սահմանվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից՝ ի նշան հեթանոսությունից հայ ժողովրդի դարձի, ուստի և հատուկ է միայն մեր Եկեղեցուն: Շատ հավատացյալներ, թյուրիմացաբար, այն կապում են սուրբ Սարգսի տոնի հետ, քանի որ վերջինս անմիջապես հաջորդում է պահքին, սակայն, բնականաբար, սուրբ Սարգսի տոնի հետ այս պահքն առնչություն չունի:

Սիրելինե՛ր, հաշվի առնելով, որ այս հնգօրյա պահքից զատ, առջևում Մեծ Պահքի շրջանն է, որոշեցի այսօր խոսել եկեղեցական հայրերի կողմից խիստ կարևորվող այդ շրջանների մասին՝ պարզաբանելու դրանց իրական դերն ու նշանակությունը հավատացյալի կյանքում:

Վերջին տարիներին մեր երկրում կարելի է ասել նույնիսկ նորաձև է դարձել պահք պահելը, և շատ աշխարհիկ մարդիկ, որոնց առնչությունը Եկեղեցուն սկսում և ավարտվում է միայն ժամանակ առ ժամանակ մոմ վառելով, մեծ ոգևորությամբ հետևում են Եկեղեցու հաստատած պահքերին: Շատ ռեստորաններ և սրճարարաններ հատուկ պահոց ճաշացանկ են ներկայացնում իրենց այցելուներին և դա, բնականաբար, գովելի է, սակայն կարևոր է հասկանալ, թե իրականում որն է պահքը և ինչ նպատակ է հետապնդում: Այո՛ այն առողջարար է, բեռնաթափում է մարմինը, նվազեցնում քաշը, սակայն միայն այս տեսանկյունից պահքը դիտարկում են հոգևորից անտեղյակ մարդիկ, իսկ առաքյալները, սրբերը կամ ճգնավորները առողջությունն ու մարմինը շտկելու համար չէ, որ պահեցողության էին դիմում. «Մարմնի պահքը հոգու սնունդն է»,- ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը, ուստի կերակուրից հրաժարվելը ոչ թե մարմնի, այլ հոգու համար է, սիրելինե՛ր:

Ինչպես գիտեք՝ պահքի շրջանները կոչվում են նաև ապաշխարության ու աղոթքի շրջաններ, և սա հստակ հուշում է մեզ, որ իրական պահքն անխզելի կապով, անանջատ կերպով միաձուլված է աղոթքին, զղջմանն ու ապաշխարությանը և ուղղված է հոգուն, այլապես դառնում է պարզ սննդակարգ, որը յուրաքանչյուր լավ սննդաբան կարող է կազմել: Ուստի, եթե բռնել ես պահքի ուղին և հրաժարվում ես քեզ հաճելի սննդարար մթերքներից, կերակրատեսակներից ու զբաղմունքներից, այսինքն՝ զոհողության ես գնում, սակայն այդ ուղին չի ուղեկցվում քո ու մերձավորիդ հոգու փրկության համար աղոթքներով՝ պահքդ դիետա է: Եթե հրաժարվում ես սնունդից, սակայն չես հրաժարվում վատ ու մեղավոր սովորություններից, չես զղջում ու ապաշխարում՝ պահքդ դիետա է: Եթե սնունդից հրաժարումը խստացնում է սիրտդ և պահքդ չի ուղեկցվում սիրո և ողորմության գործերով, ապա պահքդ կրկին դիետա է, և սա խորհելու լուրջ առիթ է, սիրելի՛ հավատացյալներ:

Եկեղեցու սուրբ և խորագետ հայրերը պահքը համարում են հոգևոր կյանքի հույժ կարևոր ու պարտադիր բաղկացուցիչներից մեկը, որը հոգին տեսնելու և մաքրելու հրաշալի միջոց է: Իսկ ինչո՞ւ է մեղքերը տեսնելն ու հոգին դրանցից մաքրելն այդքան կարևոր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Դիտարկենք երեխայի օրինակը. նա անուշահամ հյութ է խնդրում ձեզնից և իր խաղալիք բաժակը՝ փոշոտ, ավազոտ, մի քիչ էլ ցեխոտ, բերում է, որ դրա մեջ լցնեք այն: Մեր հոգիները, ցավոք, շատ հեռու են միայն «մի քիչ ցեխոտ» լինելուց, բայց, այնուամենայնիվ, մենք էլ անմիտ ու քմահաճ մանկան պես, երբեմն էլ ոտքներս գետնին զարկելով, մեր երկնավոր Ծնողից օրհնությունների ու շնորհների անուշահամ օշարակ ենք խնդրում, և մեր առատագութ ու ողորմած Հայրն էլ ուրախ է՝ այդ ամենը մեզ լիուլի բաշխելու, սակայն հարց է, թե ո՞ւր լցնի: Ինչպես մենք մեր զավակի խնդրածը աղտոտ բաժակի մեջ չենք լցնի, այնպես էլ Նա է մեզնում մաքուր անոթ փնտրում, և համբերատար սպասում է, որպեսզի մեր աղտոտվածությունը գիտակցելով՝ մաքրենք ու լվանանք մեր հոգու անոթը գարշահոտ մեղքերից, կրքերից ու ցանկություններից, որպեսզի դրանց փոխարեն անբիծ ու անանց սիրով, ճշմարիտ ուրախությամբ ու աստվածային լույսով լցնի մեր հոգին: Աստվածային այս գանձերով է արարվել մարդը, սիրելինե՛ր, դրանց պարգևած երանության մեջ է բնակվել ու հենց դրանք է կորցրել Աստծուց հեռանալով: Եվ այժմ էլ գիտակցաբար, թե անգիտակցորեն հենց ա՛յս զգացումներն է ամենուր փնտրում, որպեսզի լցնի հոգու դատարկությունը, խլացնի ճնշող դատարկության ցավը: Մարդը, չգիտակցելով, որ իր փնտրածն Աստծու՝ Կենսատու Արեգակի ներկայության շողերն են, որ միայն Արարիչը՝ Երկնավոր Հայրը կարող է դրանք պարգևել Իր զավակին, հողն է ապարդյուն փորփում՝ հայացքը երկինք ուղղելու փոխարեն: Մարդը հոգու գանձերը մարմնում է փնտրում՝ երջանկության, սիրո, լիարժեքության, ապահովության զգացումները կապելով միմիայն խեղճ մահկանացու մարմնի հետ: Նա փորձում է ուրախություն ստանալ ուտելուց ու խմելուց, զվարճալի ժամանցից, մարմնի ցանկությունները կատարելուց, մարմինն ու դեմքը փոխելուց, շտկելուց և այլն և այլն` առանց գիտակցելու, որ ժամանակավոր ու անկատար մարմնի պատճառած ուրախությունն էլ թերի ու ժամանակավոր է լինելու: Եվ հենց այստեղ է, որ Տիրոջ պատգամած և հայրերի սահմանած օրհնյալ պահքը գալիս է մեզ օգնության: Որովհետև ի՞նչ է կատարվում պահքի ժամանակ, սիրելինե՛ր. մարդն ընկճում է իր մարմինը՝ իշխանության գահից իջեցնելով այն, և ուշադրությունը բևեռում հոգուն, որպեսզի աստվածային անաչառ լույսի ներքո կարողանա տեսնել հոգու բոլոր արատները, դրանում կուտակված աղբը և Տիրոջ փրկագործ օգնությունն աղերսի՝ սրբվելու, մաքրվելու այդ ամենից և հաստատվելու Քրիստոսի երանավետ ներկայություն մեջ: Ինչպես Պողոս Պատրիարքն է նշում. «Հովիվը, եթե իր շանը շարունակ ոչխարի մսով կերակրի, նրան գայլ կդարձնի, իսկ եթե մեկն իր մարմինը հարատև պարարտ կերակրով սնի, ապա կդարձնի իրեն գազան և արդեն ըմբոստացած, այլևս չի հնազանդվի հոգու կամքին, այլ բռնադատելով՝ կծառայեցնի իր հաճույքներին»: Եվ եթե աշխարհիկ մարդկանց համար պահքը առողջությունը շտկելու միջոց է միայն, ապա մեզ` քրիստոնյաներիս համար այն միջոց է հոգու ապաքինման, հոգևոր ախտերից ազատագրման ու բժշկման: Քանի որ առատ ու համեղ կերակուրը բորբոքում է մարմնի կրակը՝ այլևայլ ցանկություններ ու կրքեր առաջացնելով, իսկ պահքն այն զուլալ ու սառնորակ ջուրն է, որ շիջում է այդ կրակը՝ հանդարտ ու սթափ պահելով մարմինը: Հետևաբար, սիրելինե՛ր, կերակուրն ինքնին արատավոր կամ անմաքուր չէ, այլ մարդուն վնասում է այն ժամանակ, երբ դրա պատճառով մեղավոր ցանկություններ են ծնվում կամ բորբոքվում: Երբ ուտելուց հետո ոչ թե աղոթելու ցանկություն է առաջանում, այլ մարմնական հաճույքները շարունակելու: Այդ է պատճառը, որ խոստովանահայրերն իրենց խոստովանազավակներին պահեցողություն են նշանակում՝ մարմնական կրքերից ձերբազատվելու համար:

«Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը»,- նշում է Օգոստինոս Երանելին: Իսկ հինգերորդ դարի հայրերից՝ Հովհաննես Կոլովը մի հետաքրքիր համեմատություն է բերում՝ ասելով. «Եթե թագավորն ուզում է թշնամու քաղաքը գրավել, ապա նա ամեն բանից առաջ կտրում է այդ քաղաքը սնող ճանապարհները, ու քաղաքացիները սովից նեղվելով՝ հանձնվում են, որպեսզի չմեռնեն: Այսպես է լինում մարմնավոր ցանկությունների հետ, երբ մարդը կենցաղվարում է պահքով և ծոմով, ապա ցանկությունները ուժասպառ են լինում նրա հոգում»: Այսինքն՝ պահքն ինքնանպատակ չէ, ինքն իրենով առաքինություն չէ, այլ առաքինության հասնելու, առաքինություն ձեռք բերելու միջոց:

Պատմում են, որ մի երիտասարդ վանական այցելում է ծերին՝ հարցնելու, թե ինչ է պահքը: «Հիմա կբացատրեմ»,- ասում է կանխատեսության շնորհն ունեցող ծերն ու սկսում հերթով թվարկել այն բոլոր մեղքերը, որ հարցնողը գործել էր: Այնուհետև նայում է շփոթված ու ամոթահար կրոնավորին ու ժպիտով ասում. «Իսկ այժմ գնա՛ ու ճաշի՛ր»: «Չեմ կարող, Հա՛յր, պատառը կոկորդովս չի անցնի»,- պատասխանում է տրտմած վանականը: «Պահքը հենց դա է, որ կա. երբ հիշում ես մեղքերդ, զղջում և ուտելու մասին արդեն չես մտածում»,- եզրափակում է սրբակյաց ծերը: Սաղմոսերգուն էլ պատկերավոր կերպով ասում է. «Հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա: Մոխիր կերա հացի տեղ, և ըմպելիքս արտասուքով խառնեցի» (Սաղմ. 101:5, 9): Ուստի ինչպես սկզբում ասացի՝ իրական, մաքրագործ պահքն անպատճառ պետք է ուղեկցվի սեփական մեղքերը գիտակցելով, դրանց համար զղջալով ու ապաշխարելով և Աստծու հետ մշտական կապը՝ աղոթքը պահելով: Իսկ սիրող Հայրն էլ, տեսնելով Իր զավակի ջանքերը, նրա մաքրված ու անախտ հոգին, մի՞թե չի գա` նրա հետ բնակվելու, և մի՞թե ավելի քաղցր ու երանելի բան կա աշխարհիս երեսին, քան Քրիստոսի ամենաօրհնյալ ներկայությունն է: Ուստի մի՛ կորցրեք ձեզ ընձեռված անգին հնարավորությունը, սիրելի՛ հավատացյալներ, մի՛ քամահրեք պահքը կամ նսեմացրեք դրա նշանակությունը, քանի որ ճշմարիտ պահքի թագն ու պսակը Քրիստոսի բնակությունն է մեր հոգում: Եվ քարոզս ավարտեմ սուրբ Բարսեղ Կեսարացու հայտնի խոսքով. «Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք»:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբուր՝ Surbzoravor.am