Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթեր» (Առակներ 27:1-2)

Հավատը մեր ինքնության փնտրտուքն է Ճշմարտության մեջ

Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ, իսկ այն ժամանակ պիտի լինի դեմ առ դեմ: Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ՝ ինչպես որ Նա ճանաչեց ինձ:
(Ա Կորնթ.13.12)

«Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը: Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում-գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի» (Հակ.1.22-25):

Մեզ ուղղված Աստծո Խոսքը մի զարմանահրաշ և արտասովոր հայելի է, որի մեջ նայելով՝ մենք մեզ չենք տեսնում այնպիսին, ինչպիսին ենք, այլ՝ ինչպիսին չենք, բայց պետք է լինենք. «մեր բնական դեմքը», քանի որ մեղավոր մարդը անբնական վիճակում է: Եթե մենք միայն ծանոթանում ենք Խոսքին, սակայն չենք հնազանդվում, մենք նմանվում ենք հայելու մեջ իր արտացոլանքում իրեն դիտող ու փնտրող կամ, մերօրյա լեզվով ասած, նույնականացնող մարդուն, որը, սակայն, հայելուց հեռանալուն պես մոռանում է, թե ում է տեսել: Ցանկացած արտացոլանք միայն արտացոլանք է՝ անկախ նրանից՝ ի՞նքն է մեզ կրկնում, թե՞ մենք՝ նրան: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են նայում իրենց արտասովոր արտացոլանքին: Սակայն եթե մարդը, նայելով հայելու մեջ, փափագում է նմանվել իր հայելային «ես»-ին, նա սկսում է ջանք թափել դրա համար: Եթե մարդը նայում է հայելու մեջ՝ ընդունում է Խոսքը, դա արդեն իսկ վկայում է նրա հավատի մասին, մինչդեռ առաքյալը զգուշացնում է. «Դու հավատում ես, որ Մե՛կ է Աստված. լա՛վ ես անում: Դևե՛րն էլ են հավատում ու դողում: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Ինչպես մեռած է մարմինն առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի» (Հակ.2.19-20,26):

«Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ.18.8): Ի՞նչն է խոչընդոտում մեր հավատի կենսունակությանը և ինքնադրսևորմանը. կեղծ համեստությունը, որ խոնարհության հակառակորդն է: Մարդիկ սովորաբար շփոթում են դրանք. «Ի՞նչ ունես, որ Աստծուց ստացած չլինես, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես», «Նա, ով պարծենում է, թող պարծենա Տիրոջով» (Ա Կորնթ. 4.7, 1.31): Իրական համեստ մարդը ոչ միայն անհարմար է զգում, երբ իրեն գովում են, այլև վատ չի զգում, երբ իր արժանիքները չեն նկատում, իսկ իրական խոնարհ մարդը ոչ միայն լավ է զգում, երբ իրեն անարգում են, այլև երբ պատվում են. նա խոնարհ է թե՛ նեղության, թե՛ լիության մեջ: Կեղծավոր հավատը անպտուղ է: Ի՞նչ կլիներ, եթե Սուրբ Կույսն էլ լիներ մե՛զ պես խոնարհ և մե՛ր չափ համեստ: Անշու՛շտ, նա չէր հավատա Գաբրիելի խոսքերին և, իրեն անարժան համարելով, կմերժեր Աստծո կոչը, կհրաժարվեր Աստծո Որդու և աշխարհի Փրկչի Մայրը լինելու պատվից: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք մեր հավատն ընդունենք ոչ թե որպես շնորհ կամ ուղղակի փաստ, այլ որպես մեր երկրային կյանքը իմաստավորող և հավիտենականը ստանալու միակ միջոց: Ձևապաշտություն ու մարդահաճություն. ևս երկու՝ հավատը խեղդող հոգեվիճակ:

Ամեն անբնականն ու կեղծը սպանում են հավատը, որ իրական կյանքի համար է: Հավատը մեր ինքնության փնտրտուքն է Ճշմարտության մեջ:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Աղբյուր՝ Irates.am