Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Հրաչյա Ռուխկյան․ Կենսագրություն

Հրաչյա Լիպարիտի Ռուխկյան (1915, (ապրիլի 20 (մայիսի 4), Ալեքսանդրապոլ - 1992, նոյեմբերի 28, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։

Կենսագրություն

1935 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1941 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ։

1983 թվականին Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ։

Գործերից պահվում են ԱՊՀ երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։


Հրաչյա Ռուխկյանի հուշատախտակը Երևանում

2006 թվականին Անահիտ Ռուխկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հրաչյա Ռուխկյան» պատկերագիրքը։ 2009 թվականին կազմվել է օրացույց՝ հայ հանճարների դիմանկարներով։ 2011 թվականին լույս է տեսել Ռուխկյանի եկեղեցիներով պատկերած օրացույցը, 2012 թվականին՝ Ռուխկյանի Սայաթ-նովյան նկարաշարով օրացույցը։

Ստեղծագործական ուղի

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։ Ժյուրիի կազմում են եղել Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, ով պատգամել է նկարչին շարունակել ազգանվեր գործը և ստեղծել հայ հանճարների դիմանկարները.

Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»: - Մարտիրոս Սարյան

Հրաչյա Ռուխկյանը ստեղծել է «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ։ Ստեղծել է նաև Վռամշապուհ արքայի դիմանկարը, որը զորավիգ է եղել Մաշտոցի այբուբենի ստեղծմանը։

Տեսնելով Նարեկացու դիմանկարը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն բարձրաձայնել է.

Սա շեդեվր է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կզարդարեմ Ռուխկյանի ստեղծած դիմանկարով։ - Ժան Պիեռ Մահե

Պատկերել է Ստեփան Շահումյանին (այդ թվում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986), Խաչատուր Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948, կավճաներկ, Տարտուի համալսարան), Հովհաննես Թումանյանին (1969, խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Սուրեն Սպանդարյանին (1980, կավճաներկ) և այլն։ Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983) պատկերի և «Ինքնանկարի» (1984, երկուսն էլ՝ կավճաներկ)։ Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975) հուշապատումը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին, և ճեպանկարների շարքը՝ բանաստեղծի քառատողերով (1975)։

Նկարել է 120 եկեղեցի։ Սահմանի մոտ նկարել է Անիի ավերակները, նկարը վերնագրել «Անփարատ վիշտ» (ստեղծագործությունը այսօր պահպանվում է Հուշարձանների պահպանության վարչությունում, Սայաթ-Նովան՝ Հայաստանի ազգային պատկերասրահում)։

1965 թվականին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին Ռուխկյանը վրձնել է «Հայրենի ծուխ 1915 թ. ապրիլ» գրաֆիկական աշխատանքը։

Ցուցահանդեսներ

Հրաչյա Ռուխկյանը 1961 թվականին եղել է Եգիպտոսում։ Վերադառնալուն պես ներկայացրել է «Երկու շաբաթ Մերձավոր Արևելքում» ազդագրով անհատական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Ունեցել է 30 անհատական ցուցահանդես։