Այսպէս է ասում Տէրը. «Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից» (Առակներ 22:5)

Էդուարդ Տեր-Ղազարյան․ Կենսագրություն

Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյան (1923, հունիսի 20, Երևան - 2012, ապրիլի 16, Երևան), մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2004)։ Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ՝ 1947 թվականին։ Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով։ Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն։

Կենսագրություն

Բազմամյա գործունեության և վաստակի համար 87-ամյա Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։ Տաղանդավոր ջութակահարին իրենց կատարումներով ողջունեցին «Շելլ» դաշնամուրային տրիոն, Երևանի կամերային երգչախումբը, «Բերդ» պարային համույթը, ինչպես նաև արվեստագետի թոռնուհին։ Անսովոր ձիրքի տեր արվեստագետը նաև սրամիտ ու կենսուրախ մարդ է եղել։ Արվեստագետի ընկերոջ՝ Արմեն Բուդաղյանը բնորոշմամբ քանդակագործը «մեր ժողովրդի պարծանքն է, որը չունի մրցակից և թափանցում է անտեսանելի գաղտնիքներից այն կողմ»։ Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր Այվազովսկու «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին։ Կուլ է տալիս մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը։

Գործունեություն

1977 թվական - ավարտել է Երևանի կոնսերվատորիան,
1939 - 1946 թվականներին նվագել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում,
1946 - 1986 թվականներին՝ Հայաստանի սիմֆոնիկ (1947-1986 թվականներին՝ կոնցերտմայստեր) նվագախմբում։
1990 - 1992 թվականներին Երևանում գործել է նրա անվան «Հրաշքների աշխարհ» թանգարանը։

Նվաճումներ

Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության՝ շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր, որոնք դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը։ Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ՝ չկրկնելով դրանցից և ոչ մեկը։ Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի։

Գլուխգործոցներ

1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ՝ «Չարլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ), ինչպես նաև 1500 ծաղրանկար։

Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակված ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներան, ամենափոքր սրբապատկերը, մազի ծայրին քանդակված Ազատության արձանը, որոնք հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ։ Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

Արարչագործություններ

Վերակերտել է Յ. Ս. Բախի «Վիոլա պոմպոզան» (1724, վարպետ՝ Հոֆման), որը լռել էր շուրջ 270 տարի, պատրաստել երաժշտական քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն՝ մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք, այդ թվում՝ «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները (1985), նաև «Խաղաղության երաժշտական ավտոմատը» (1987), որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ։

Ցուցահանդեսներ

Նրա միկրոքանդակներն առաջին անգամ ցուցադրվել են 1947 թվականին Երևանի ազգային թանգարանում, Առնո Բաբաջանյան համերգասրահի[4] ճեմասրահում («Վիոլա պամպոզա» ալտը, ծաղրանկարները)։ Նրա միկրոգլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, Ստալինին։ Իսկ միջազգային ասպարեզ առաջին անգամ դուրս են եկել 1977 թվականին, ցուցադրվել Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում, և որակվել իբրև աշխարհի «ութերորդ հրաշալիք»։

Նրա ցուցահանդեսները գրավել են նաև շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր։ Միայն 1983 թվականի ընթացքում Էդուարդ Տեր-Ղազարյանի անունն 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում (Գինեսի ռեկորդների գրքի ռուսական տարբերակը)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև ԱՊՀ մի շարք քաղաքներում։

Աշխարհի ութերորդ հրաշալիք

Լոս Անջելեսում կայացած՝ վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին։ Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա նա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Մեդալներ

2006 թվականին «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից. հայտարարվել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը։

Ոսկե մեդալ` ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգև։

2010 թվականի մայիսին «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։

Վավերագրական ֆիլմը՝ «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության։