Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Տերը

Տերը, 1983 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմ։

Սյուժե

Անտառապահ Ռոստոմը փորձում է պայքարել անտառի ու դրա հետ միաժամանակ նաև շրջակա բնության պահպանության համար։

Դերերում

Խորեն Աբրահամյան - Ռոստոմ

Գալյա Նովենց - Ռոստոմի քույրը

Անահիտ Ղուկասյան - Ռոստոմի կինը

Մ. Հակոբյան - քաղաքից եկած կին

Կարեն Ջանիբեկյան - Սենիկ

Նկարահանող անձնակազմ

Ռեժիսոր - Բագրատ Հովհաննիսյան

Սցենարի հեղինակ - Հրանտ Մաթևոսյան

Օպերատոր - Գագիկ Ավագյան

Հնչյունային օպերատոր - Յուրի Սայադյան

Կոմպոզիտոր - Տիգրան Մանսուրյան

Նկարիչ - Լիդիա Գևորգյան

«Տերը» ֆիլմի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, Life.panorama.am-ի «Մեր կինոն» շարքից։

Երբ «Աշնան արև» ֆիլմի պրեմիերայից որոշ ժամանակ անց վիպակի հեղինակ Հրանտ Մաթևոսյանն ու ֆիլմի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, վերջապես, հաշտվեցին, արձակագիրը խոստացավ, որ նրա հաջորդ ֆիլմի համար օրիգինալ սցենար կգրի: «Աշնան արևի» թողարկումից հետո կտրուկ փոխվել էր նաև ահնիձորցիների վերաբերմունքը այդօրինակ ֆիլմերի նկատմամբ: Եթե նախկինում նրանք, դիտելով «Մենք ենք, մեր սարերը», ասել էին. «Հրանտը մեզ ծաղրում է» և հենց դա էր պատճառը, որ գրողը չէր ուզում՝ իր գյուղում ֆիլմ նկարահանվի ու գժտվել էր ռեժիսորի հետ, «Տերը» ֆիլմի ժամանակ, արդեն, ահնիձորցիները հասկացել էին, որ մարդիկ նաև կինոներով են իրենց գյուղը ճանաչում:

Ռեժիսորի կինը՝ դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով «Տերը» ֆիլմում Ռոստոմի կնոջ դերակատարուհին էր, նշում է, որ Մեր կինոյում դա միակ ֆիլմն է, որի շրջանակներում դերասանուհու, այսինքն՝ իր համար հատուկ դեր է գրվել, որը նախատեսված էր ի սկզբանե, իսկ քասթինգ չի եղել:

Հետաքրքիր է, որ ինչպես «Աշնան արևի» դեպքում, «Տերը» ֆիլմի գլխավոր հերոսները ևս ունեցել են իրենց նախատիպերը. «Նրանք ապրում էին Ահնիձորում, այդ անտառապահին իրականում էլ գտել էին անտառից, նրա կինը բուժքույր էր, երեխա չունեին: Այդ մարդիկ գիտեին, որ իրենց մասին ֆիլմ էր նկարահանվում, և շատ ջերմ էին վերաբերվում մեզ»,-հիշեց Ռոստոմի կնոջ դերակատարուհին:

Դերասան Աշոտ Ադամյանը, ով ֆիլմում վարորդի դեր էր խաղում, շատ է արժևորում ռեժիսորի՝ ճիշտ պահին ճիշտ թեմա ընտրելու կարողությունը.«Ֆիլմը թույլ է տալիս, որ մարդիկ էլ ավելի հաղորդակցվեն Մաթևոսյանի գրականության հետ»,-նկատեց նա:

Դերասանը հիշում է, թե իր կերտած կերպարին ինչ լրջորեն էր մոտենում ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ռոստոմի դերակատարը՝ Խորեն Աբրահամյանը. «Նա հստակ գիտակցում էր, որ ինքը խոսում էր երկրի տեր լինելու մասին: Հիշում եմ, թե նա ինչ թրթիռ ուներ այդ տիրոջ զգացողության նկատմամբ, երեխայի նման փայփայում էր իր դերը: Մեր զրույցների ընթացքում նա անդրադառնում էր երկրի, դրա փլուզման վտանգի և երկիրն այդ փլուզումից փրկելու մեր պարտավորությանը»,-ընդգծեց դերասանը: