Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Միքայել Թավրիզյան. Կենսագրություն

Միքայել Արսենի Թավրիզյան (1907, մայիսի 14, Բաքու - 1957, հոկտեմբերի 17, Երևան), հայ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր (1946, 1951)։

Կենսագրություն

1923-1926 թվականներին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, 1932 թվականին ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի, 1934 թվականին՝ դիրիժորական բաժինները։ 1935 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1946 թվականից՝ գեղարվեստական ղեկավար։

Միքայել Թավրիզյանի հուշատախտակը Երևանում

Ղեկավարել է Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» և այլն, իրականացրել, Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս», Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները։

1948 թվականին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»)։

Թավրիզյանի կատարմանը բնորոշ էին ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունությունը և ռիթմի սուր զգացողությունը։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ ԽՍՀՄ (1954-1958), ՀԽՍՀ (1947-1955) Գերագույն խորհրդի պատգամավոր։

Թավրիզյանի անունով կոչվել է երաժշտական դպրոց Երևանում։

Թավրիզյանի անունով կա նաև փողոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում:

Մրցանակներ, պարգևներ

Ստալինյան մրցանակ
Լենինի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
«Պատվո նշան» շքանշան

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի