Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Անի)

Գագկաշեն, Գագիկաշեն կամ Անիի Գրիգոր Լուսավորչի տաճար, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։ 1001-10 թթ. կառուցել է ճարտարապետ Տրդատը, Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով՝ մայրաքաղաքում վերակերտելով ավերակ Զվարթնոցի տիպարը։ Կառույցի ավերակները բացվել են 1905-06 թթ. պեղումներով։ Թորոս Թորամանյանը ուսումնասիրել և կազմել է Գագկաշենի վերակազմության նախագիծը, որը հիմնավորվել է հետագայում, պեղումներով Գագիկ Ա Բագրատունու՝ ձեռքին եկեղեցու մանրակերտը, արձանի հայտնաբերմամբ։

Կառույցը եռաստիճան (եռահարկ) դեպի վեր աստիճանաբար նվազող տրամագծերով երեք գլանային (արտաքուստ բազմանիստ) ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածք է, որի հատակագծային հիմքը շրջանց սրահի մեջ ներառնված քառակոնքն է (սյունակազմ կոնքերի միջև չորս հուժկու մույթեր են)։ Երեք հարկի արտաքին պատերը գոտևորում են կրկնակի կիսասյուների վրա ձգվող դեկորատիվ կամարաշարեր։ Պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը ուրույն մոտեցումով մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։

Հատակագիծ

1013-ին տաճարը մեծ վնասվածքներ է ստացել (կառուցվածքային թերությունների պատճառով), և նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները, միջին հարկը պահող կամարները և այլն) ամրացվել են։ Այդուհանդերձ, Գագկաշենը կործանվել է (ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շենքերը)։ Հետագայում տուժել է նաև թուրքերի արշավանքից։

Գրականություն

Մարության Տ., Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ, Երևան, 1963։
Մնացականյան Ս., Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971։
Թորամանյան Թ., Զվարթնոց, Գագկաշեն, Երևան, 1984։

Աղբյուր՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ