Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Հրաչյա Աճառյան. Էջմիածնում

Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ...

Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն: Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ:

Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց.

- Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս:

- Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան:

- Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես քու հոդվածներդ կկարդամ «Բազմավէպ»-ի և «Հանդես ամսօրեայ»-ի մեջ:

- Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդես ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ:

- Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ:

Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ.

«Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»:

- Է՜հ,-պատասխանեց Կաթողիկոսը,-դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜:

Շա՜տ լավ... է՜, տաճկերեն գիտե՞ս:

- Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ:

- Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարվեցավ. քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես:

Ես իմ գոհունակությունը հայտնեցի:

Կաթողիկոսը վճարեց առաջին ամսական ՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ:

Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի No1 սենյակը:

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ», ԵՐԵՎԱՆ 1967