Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Լեռ Կամսար. Ես ո՞նց ապրեմ

Մա՜յր իմ, այս անհամ շրջապատում ինչո՞ւ ինձ քաղցր ծնար։ Դարվինը չե՞ս կարդացել, չգիտե՞ս, որ կենդանի արարածը իր գոյությունը պաշտպանելու համար պետք է շրջապատին հարմարվի, թիթեռը անապատում ավազի գույն հագնի, կանաչի վրա` կանաչ, երկնքում ճախրելիս` կապույտ։

Ճիշտ այնպես, ինչպես հիմա ապրելու համար մարդիկ դաշնակների իշխանությանը դաշնակ են դառնում, բոլշևիկյան իշխանությանը` բոլշևիկ, դեմոկրատականինը` դեմոկրատ։

Իսկ դու սևի վրա սպիտակ ծնար, ես ո՞նց ապրեմ…

Քաղցր բան է երազը, մանավանդ, որ քեզ տանում է նախասովետական օրերը, երբ դու էլ մարդ էիր։ Փողոցով անցնելիս բոլորը մատով ցույց էին տալիս քեզ, չմնացած գովասանքը շռայլելով, չափազանցված հարգանքով շրջապատում էին քեզ. դու էլ ինչքան էլ համեստ ես, այնուամենայնիվ չէիր կարող չուռել, չփքվել ու գոհունակությամբ շուրթերդ չլիզել։

Բայց երազը երկսայրի է։ Մեկ էլ տեսար ծռեց իր ճամփան, խլեց քեզ ընտանիքիցդ ու տաքուկ սենյակիցդ, տարավ Չեկա, գցեց մութ նկուղների պաղ ցեմենտի հատակի վրա, սև ու կեղտոտ ոջիլները ծվարեցին վրադ ու կծի՛ր, որ կկծես։ Այսպես յոթանասուն օր, որից հետո վեց ամիս բանտը։

Սա դեռ պատիժը չէ, պատժի նախերգանքն է։

Սա այն է, ինչ Թումանյանի «Շունն ու կատուի» մեջ Քեռի քուչին կատվի բերած մորթին «ցրցամ է» դրել, որ հետո նրա համար գլխարկ կարի։

Այս նախնական տանջանքներով պետությունը քեզ «ցրցամ» է դրել, որ դատարանում անձիդ հարմար հանցանք կարի ու քեզ հեռավոր հյուսիս քշի։

Եվ ահա դու կանգնած երեք կատաղած զինվորականների առաջ, դռնփակ դատվում ես։

Այնտեղ այդ երեք զինված հրեշներն են, դու՝ ու քո Աստվածը։

Մեջտեղի նստողը հանում է ատրճանակը պատյանից, դնում սեղանին ու դառնալով քեզ ասում.

- Խոստովանի՛ր հանցանքդ։

- Ես հանցանք չունեմ...

- Չունե՞ս, - բղավում ու վերցնում է ատրճանակը...

- Ունեմ, ունեմ...

Դու երկար մտածում ու ոչ մի հանցանք չես ճարում։ Հետո ասում ես.

- Ես չգիտեի, հանցանք գտնելն էլ մեր պարտականությունն էր. կարծում էի դուք կմեղադրեք ու կպատժեք։

Այդ միջոցին քննիչի աջ կողմ նստողը տեսնելով քո հուսահատ անմեղությունը, խղճում է քեզ և դառնալով գլխավոր քննիչին ասում.

- Ինչպես երևում է իրոք հանցանք չունի, մի պատրաստի հանցանք տանք թող ընդունի, դատենք գործը վերջացնենք։

Ապա դառնալով քեզ հարցնում է.

- Գնդակահարվե՞լ ես ուզում, թե քսան տարով աքսորվել։

- Քսան տարով աքսորվել։

- Լավ, այն ժամանակ քեզ կհամարես ֆաշիստ։ Ու որպեսզի չմոռանաս այդ բանը, լավ կանես մի տեղ նշես։ Եթե ոչ՝ կարող է հանկարծ հանցանքդ մոռանաս՝ ստիպված լինենք նորից կանչենք դատենք։ Ուրեմն, դատը վերջացավ, մնաց ծեծը։ Այս րոպեիս վախտյորը կկանչենք քեզ մի քիչ ծեծի՝ այն ժամանակ ազատ ես աքսորվելու։

Ու վերցնելով հեռախոսը վախտյոր է կանչում։

Հայտնվում է մի գազան՝ հաստ փայտը ձեռքին ու ասում.

- Ուժ չմնաց թևերումս, ընկեր դատավոր, առավոտից մարդ եմ ծեծում։ Խնդրել եմ ձեզ օգնական տալ ինձ. մինչև կեսօր ես ծեծեմ, կեսօրից հետո՝ օգնականը, որ ծեծը էֆեկտ ունենա։ Իմ առավոտյան ծեծածները անպայման մեռնում են, որովհետև ուժ ունեմ թևերումս։

- Ներկա կալանավորը չի մեռնելու, քսան տարով պիտի աքսորենք։ Քեզ հարկավոր է միայն այնպես ծեծել, որ քսան տարում չմոռանա։

- Այդքանը կարող եմ, - ասում է մարդն ու սկսում է ծեծել քեզ։

Բայց դու ոչ թե քսան տարում, այլ հենց առաջին հարվածը, որ իջավ գլխիդ՝ կանգնած տեղդ էլ կմոռանաս։

Տանջարանիդ դռները կբացվեն առաջիդ և ուր ուզես՝ կերթաս...

Ես այս աշխարհում, որ այսքան դժվարությամբ եմ ապրում՝ այդ նրանից է, որ ի բնե ազնիվ եմ ծնված։ Այո՛, չափազանց ազնիվ։