Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին»(Իմաստ. Սողոմոնի 1:3)

Սուրբ Ատոմյանց զորավարների հիշատակության օր

Երբ խոսում ենք նահատակված հայ զինվորականների մասին, նախ պետք է հիշել Ս. Վաչեյանց՝ նախարարական զորավարներ և հայազգի զինվորականներ, որոնք Վաչե Մամիկոնյան զորավարի առաջնորդությամբ, բազմաթիվ հաղթանակներ տանելուց և ներքին ու արտաքին թշնամիներին հայրենի սահմաններից վտարելուց հետո, նահատակվեցին: Եվ այդ ժամանակվա կաթողիկոսը՝ Վրթանես Հայրապետը, նրանց արժանի դարձրեց ամենամյա հիշատակության, որովհետև ընկել էին «Հայաստան աշխարհի, եկեղեցու և աստվածագործ կարգերի համար»: Ուստի ազգասեր Հայրապետն ասաց. «Մեր երկրի մեջ օրենք պետք է դարձնենք, որ նրանք Քրիստոսի համար նահատակվածների նման, ամեն տարի մշտական հիշատակության արժանանան»: Եվ սուրբ հայրապետն ավելացրեց, որ ոչ միայն Վաչեյանք, այլ նաև բոլոր նրանք «ովքեր հայրենիքի փրկության համար նրանց նման կմահանան»՝ սրանց հետ հիշատակվեն:

Այսօր Ս. Վաչեյանց անունով տոն չունենք: Կարծիք կա, որ սկզբում Վարդանանց հիշատակը Վաչեյանց հետ է տոնվել և ապա Ս. Եղիշեի և Ս. Փարպեցու մեզ ծանոթ պատմական գրքերի շնորհիվ Վարդանանց նահատակությունը ազգի մեջ փառավոր տեղ գրավելով՝ իր մեջ առավ Ս. Վաչեյանց հիշատակությունը:

Նաև պե՛տք էր հիշատակել այն քաջ և բարձրաստիճան զինվորականներին, որոնց անունները, դժբախտաբար, պատմության մեջ չեն հիշատակված, որոնք, սակայն, տանջանքների ենթարկվելով նահատակվեցին Վարդանանց շարժումին նախորդող հալածանքների օրերին: Հիշատակության էր արժանի նաև «երանելի այրը, որի անունն էր Գարեգին», որը համարձակվեց հանդիմանել Հազկերտին, երբ սա, իբրև խաչի անարգ մահով մեռած մեկին, հեգնում էր Քրիստոսին: Գարեգինը ասաց. «Ինչո՞ւ չես հիշում Նրա Հարությունը, Համբարձումը և վերստին Գալուստը իբրև բովանդակ մարդկության Դատավոր»: Սա էլ պիտի խառնված լիներ Վարդանաց զորավարների հետ և հավանաբար «Առաջադեմ» կոչված այս Գարեգինը միաձուլված լինի Գարեգին Սրվանձտյան նախարարի հետ, որն ընկավ Ավարայրի ճակատամարտում:

Այժմ մենք անդրադառնանք Ատոմյանց զորավարներին, որոնք մինչ այժմ հիշատակվում են մեր տոնացույցում և ներառված են Հայսմավուրքներում:

Սրանց գլխավորներն են Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, որոնք մինչև վարդանանց շարժումը իրենց գնդերով ծառայում էին պարսից հրամանատարության ներքո: Նրանք պարսից թագավորից Պարսկաստանի հեռավոր սահմաները գնալու հրաման ստացան, սակայն, Ճանապարհին մտափոխվելով՝ Հայաստան վերադարձան: Ճանապարհին պարսից հսկայական բանակի դեմ առ դեմ հանդիպելով և դիմադրելն անօգուտ համարելով՝ զենքերը վայր դրեցին և կամավոր նահատակությունը հանձն առան՝ քանի որ պարսիկները հրաման էին ստացել նրանց ստիպել ուրանալ և հակառակ պարագայում՝ նահատակել: Սրանք նահատակվեցին Վանի հարավային կողմում գտնվող Անձևաց և Ռշտունյանց գավառներում: Նրանց մեջ, բացի վերոնշվածներից, անունով հայտնի են նաև Ատոմի որդին՝ Վարս Գնունին, ինչպես նաև Վարս Ոստանիկ, Ներսեհ Երվանդունի և Վարձավոր Արծրունի, «սուրբ ընկերակիցները»: Ուրեմն սրանք երկու նախարարական հեծյալ գնդեր էին, ընդհանուր շուրջ հազար հոգի:

Նրանց հիշատակը տոնվում է Բուն Բարեկենդանը կանխող երկրորդ շաբաթվա երկուշաբթի օրը, իսկ Հայսմավուրքը օգոստոսի 19-ին է նշում նրանց նահատակության պատմությունը:

Մի յուրահատուկ մանկունք շարական ունեն, որի առաջին տունը այստեղ ենք դնում

Աղաչում եմ Քեզ, Տեր, Սուրբ Ատոմյանների բարեխոսությամբ,

Որոնք նահատակվեցին պատերազմական ճակատամարտում,

Հաղթական եղան թշնամու դեմ,

Սրանց բարեխոսությամբ խնայիր մեզ Քրիստոս:

Աղվյուր՝ Surbzoravor.am

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը