Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Թեոդոր Աման

Ռումինահայ նկարիչ, ռումինական արվեստի նշանավոր դեմքերից Թեոդոր Ամանը (1831 թ.-1891 թ., Բուխարեստ): Ծնվել է այժմյան Ռումինիայի Արճեշ նահանգի Կամպլունգ Մուսչել քաղաքում: Նահանգի անվանման ծագումը միանշանակ կապվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի համանուն քաղաքի հետ:

Թեոդոր Ամանը իր սկզբնական նկարչական կրթությունը ստացել է հայրենի Կոռտատել դղյակից ոչ հեռու գտնվող Կռայովա կենտրոնի և Բուխարեստի արվեստի դպրոցներում: Հետագա կրթությունը ստացել է Փարիզում: Կարճատև ճանապարհորդության ժամանակ այցելել է Կոստանդնուպոլիս և Ղրիմ: 1855 թ. Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցել է իր նոր «Ալմայի ճակատամարտը» կտավի ցուցադրումով:

1863 թ. Թեոդոր Ամանը վերադառնալով կարճատև ճանապարհորդությունից ընկերոջ հետ քայլեր է ձեռնարկում հայրենիքում հիմնելու արվեստի օջախ: Ջանքերը ապարդյուն չեն անցնում, և 1864 թ. հոկտեմբերի 4-ին իշխան Ալեկսանդրու Իոանն Ա-ի հրովարտակով Բուխարեստում հիմնադրվում է Ազգային գեղարվեստի դպրոցը: Նորաստեղծ հաստատության տնօրեն է նշանակվում ինքը՝ Թեոդոր Ամանը՝ գլխավորելով այն մինչ մահը՝ 1891 թ.: Զբաղվել է նաև կսիլոգրաֆիայով: Ստեղծել է պատմական թեմաներով կտավներ, մարտանկարներ, դիմանկարներ, գունանկարներ:

1868-69 թթ. Թեոդոր Ամանը Բուխարեստում՝ Կլեմենտի փողոցում կառուցում է իր առանձնատուն-արհեստանոցը: Առանձնատան ներքին հարդարանքի մասին պատկերացում կարելի է կազմել գեղանկարչի մի քանի պատկերներից, ինչպիսիք են՝ «Գեղանկարչի արհեստանոցը» ու «Դիմակահանդես արհեստանոցում»:

Վաստակավոր նկարիչ-պրոֆեսորի մահից 17 տարի անց՝ 1908 թ.-ին, իր իսկ ցանկությանը համաձայն՝ առանձնատունը նորից բացում է իր դռները արդեն որպես տուն-թանգարան: «Թեոդոր Աման» թանգարանում ցուցադրվում են հեղինակային շուրջ 200 գեղանկար, 400 նկար ու փորագրանկար և 50 փորագրանկարների կաղապար-կլիշէներ: 1990 թ. հետմահու ընտրվել է Ռումինիայի Ակադեմիայի պատվավոր անդամ: Թեոդոր Ամանի կտավները այժմ գտնվում են Ռումինիայի տարբեր պատկերասրահներում:

 

Աղբյուր՝ Panorama.am