Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին» (Եսայի 65:8)

Սայաթ-Նովա․ «Քամանչա»

Ամէն սազի մէջըն գոված դուն թամամ դա՛սն իս, քամանչա՛,
Նաքազ մարդն քիզ չի տեսնի, դուն նըրա պաս՛ն իս, քամանչա՛.
Ղա՛ստ արա՝ է՛լ լաւ օրերու էտիւըն հասնիս, քամանչա՛.
Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի, աշուղի բա՛սն իս, քամանչա՛։

Անգաջըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ ջաւահիր քարած,
Կութըդ շիրմայեմէն պիտի, փուրըդ սադափով նախշ արած,
Սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ փանջարա արած.
Օչ ով ղիմէթըդ չի գիտի - լալ ու ալմասն իս, քամանչա՛։

Ճիպոտըդ վարաղնած պիտի՝ թահր ունենայ հազար ռանգով.
Ձարըդ ռաշի կուդէն պիտի, վուր դուն խօսիս քաղցըր յանքով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանքով՝
Անուշահամ գինով լիքըն դուն օսկէ թասն իս, քամանչա՛։

Ածողիդ էրկու կու շինիս. առաջ չայի, ղափա կ՚ուզիս,
Կու մեձըրուիս այվընումըն, պարապ վախտի րափա կ՚ուզիս.
Եփ վեր կու գաս մէջլիսումըն քաղցըր զող ու սափա կ՚ուզիս.
Բոլորքըդ գօզալնիր շարած մէջլիսի կէսն իս, քամանչա՛։

Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիւընդի դողըն
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ՚ոնիս, բաց կու լի հիտդ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «ապրի քու ածողըն».
Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շա՛տ բան կու տեսնիս, քամանչա՛։

Իր խոհախրատական երգերում Սայաթ-Նովան բարձր է գնահատել բարությունը, պատիվը, արդարությունը և բարեկրթությունը, թևավոր խոսք է դարձել նրա «Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե» արտահայտությունը: Նա իր երգերում հաճախ է դատապարտել հասարակական չարիքներն ու արատները. «Ում հաքին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թե էս ո՞վ ա», ասվում է նրա երգերից մեկում: Երգիչն առանց վարանելու դիմում է նաև Վրաց Հերակլ արքային՝ հորդորելով արդարամիտ լինել, թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը:

Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական եղանակներով, երաժշտական տարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները: Նրա հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել երաժշտագետ Մուշեղ Աղայանն ու երգիչ Շարա Տալյանը:

«Քամանչա» երգում այս նվագարանը դիտվում է որպես արվեստի խորհրդանիշ: Երգը ոչ միայն սոսկ քամանչա նվագարանի գովքն է, այլև մարդ և արվեստ հարաբերության գեղագիտական իմաստավորումը: Երգում, բացի նրանից, որ գովերգվում է քամանչա նվագարանը, նկարագրվում նրա բոլոր մասերն ու ասվում, որ արժանի էր՝ դրանք սարքել ոսկուց, արծաթից ու թանկարժեք քարերից, նաև գեղեցիկ կերպով նկարագրվում է նրա նվագի թողած ազդեցությունը մարդու վրա՝ «Շատ տխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիւընդի դողըն»:
Հայտնի է, որ այս երգը Սայաթ-Նովան գրել է 1759 թվականին:

Աշուղ Սայաթ-Նովայի (1712-1795) «Քամանչա» երգն է՝ Իզաբել Բայրակդարյանի և կանադական «Մանիտոբա» կամերային նվագախմբի կատարմամբ։