Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են

Այսպես, ուրեմն, օրենքը սուրբ է, պատվիրանն էլ՝ սուրբ և արդար ու բարի (Ա Հռոմ. 7.12)։
Պատվիրանները կամ արգելում են, կամ խրախուսում են ինչ-որ բան անել:

Այսպես, Աստված պատվիրեց մարդկանց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցե՛ք դրանց...», իսկ քիչ անց. «Չուտե՛ք, որպեսզի չմեռնեք»: Այս երկու, կարելի է ասել, նախապատվիրանները Աստծո անսահման հոգածության պտուղ են. մեկը խրախուսում է կյանքի զարթոնքը` ինչպես կյանքի պտուղ, մյուսը կանխարգելում է մահվան հաստատումը` ինչպես արգելված պտուղ:

«Աճեցե՛ք և բազմացեք». սա օրհնություն և պատվիրան է միաժամանակ, օրհնություն է, քանզի առանց Աստծո օրհնության ոչինչ չի կարող հաստատվել, լինել, աճել ու բազմանալ, պատվիրան է, քանզի մարդը, որ բարի է ի բնե, պետք է աճի բարու մեջ և բազմանա միայն բարին բազմացնելու և տարածելու նպատակադրությամբ: Սակայն մեղքը խափանում է այդ օրհնանք-պատվիրանը, քանզի շատերը աճելով` ամուլ են մնում, շատերն էլ բազմանում են` առանց աճելու, առանց հոգեմտավոր անհրաժեշտ փուլերով անցնելու, քանզի մարդու վերարտադրողական կարողությունը և զգայությունը, որ մարմնի գործառույթն են, ամբողջանում են շատ ավելի վաղ, քան բանական-իմացական կարողությունները, որ հոգու գործառույթն են: Արդյունքում մարդը անտեսում է խոսքի պատիվը` ծնելով դատարկախոսություն և սուտ, արհամարհում է իր ծագումը` պատիվ ընծայելով կապկին, դադարում է խորհել իր լինելության` գոյության և կեցության բուն իմաստի, առաքելության և նպատակի շուրջ, մոռանում և ուրանում է սեփական` Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված էությունը, գոյությունից անցնում է չգոյության: Եվ հենց սրանից` այդ մեծ սխալից էլ ծնվում են բոլոր մյուս սխալները: Եվ հաստատապես ա՛յդ սխալն է մատնանշում մեծ մտածող հայը` Վիլյամ Սարոյանը. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:

«Չուտե՛ք, այլապես կմեռնեք», - պատվիրեց Աստված, քանզի «Կյանքը միայն ուտելով չէ», և «Եթե ուտեք, ոչինչ չպիտի ավելանա ձեզ, եթե չուտեք` պիտի չպակասի»:

Սա, ըստ էության, առաջին և միակ արգելող պատվիրանն էր: Աստված միայն չպատվիրեց կամ միայն չարգելեց, այլև բացատրեց, թե ինչու և ինչ նպատակով է արգելում կամ սահմանափակում մարդու ազատությունը: Հետագայում նախապատվիրաններին հաջորդեցին տասնաբանյա պատվիրանները, որոնցից առաջին հինգը մղում են բարեգործության, մնացածը չարիքից հետ պահելու նպատակ ունի: Պատվիրանները, անշուշտ, ինքնանպատակ, առավել ևս, աննպատակ չեն: Ի սկզբանե պատվիրանների նպատակը մարդու ինքնաոչնչացման ժխտումն էր ու աստվածային օրհնության հաստատումը, և այսօր էլ դեպի այդ նպատակը տանող ուղին որևէ կերպ չի շեղվել: Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են, մարդու` մարդ լինելու և մնալու երաշխավորները, նրա մարդկային դիմագծի ու նկարագրի ճարտարապետները: Առաքյալը վստահեցնում է, որ նույն այդ պատվիրանները կարող են վերափոխվել անողորմ դատավորի ու մահվան դատավճռի, եթե մերժվեն, անտեսվեն ու արհամարհվեն (Հռոմ. 7.7-12):

Ոմանց համար պատվիրանապահությունը ձանձրալի ու անիմաստ է, քանզի նրանց համար կյանքին գույն, համ ու հոտ տվողը մեղքն ու արկածախնդրությունն են, ոմանց համար սկզբունքորեն անհնար, որովհետև դրանով սահման է դրվում «ազատություն» պիտակը կրող ամենաթողությանը, այլոց համար` անհասանելի ու աննվաճ մի բարձունք, որն իրենց հողանյութ էության համար անհաղթահարելի է: Եթե մարդը չլինի արկածախնդիր, այլ ունենա բարեկրոն կենցաղավարություն և բարոյական նկարագիր, ապրի ներդաշնակ աստվածահաստատ պատվիրաններին և սեփական սկզբունք դարձնի աստվածային հոգածության ու նախախնամության հանդեպ վստահությունը, նա կունենա արժանավայել կյանք` գոյապահպանության փոխարեն, և պատվաբեր մահ: Պատվիրանները տրված են մարդու բարօրության համար` առողջ ու ապահով կյանքի համար, քանզի միայն աստվածատուր պատվիրաններին հնազանդվելով է, որ մարդը կկարողանա ապրել լիարժեք կյանքով, կկարողանա «կյանք ունենալ և լիուլի ունենալ» (Հովհ. 10.10): Ինչպես դայակը չի կարող ծնողական սեր և գորով տալ երեխային, այնպես էլ օրենքը` որպես ծնողի նշանակած դայակ ու դաստիարակ, ծնողի աչալուրջ ու հետևողական հսկողության ներքո խնամում է` ի լրումն ժամանակի, երբ կգա ծնողը և կպարուրի իր զավակին սիրով ու գորովով: Այդպես եղավ հրեա ազգի հետ, որ ուներ օրենքը և մարգարեները, այդպես եղավ հեթանոս աշխարհի հետ, որ ուներ բնական օրենքը, որոնցով սնվելով ու դաստիարակվելով աճեցին մինչև կատարյալ ու կատարելագործող Սիրո գաղափարը: Այդպես է և ամեն մեկի պարագայում, որ ունի Մեծ պատվիրանը. «Պիտի սիրես Աստծուն քո ողջ կարողությամբ», և երկրորդը, որ սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը` ինչպես սեփական անձդ» (Մատթ. 22.38), և մի նոր պատվիրան. «Սիրեցե՛ք միմյանց» (Հովհ. 13. 34)։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Աղբյուր՝ Irates.am