Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղաքիա 2:7)

Ռաֆայել Իսրայելյան. Հայ ճարտարապետության համար որքան որոշիչ նշանակություն է ունեցել քարը, նույնքան էլ մեծ դեր է խաղացել Հայաստանի պայծառ արևը

Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը մշակույթի նմուշների մի անհատնում հարստություն է կուտակել:

Պեղված ու հայտնաբերված բազմաթիվ իրերը, որ շատ են բազմազան ոչ միայն իրենց ձևով, կիրառման նպատակով, այլև արտադրման եղանակով ու նյութով, համարյա միշտ էլ իրենց վրա կրում են նկարչի, փորագրողի ճաշակի կնիքը: Անգամ պարզունակ կճուճի վրա ծեփողը ցանկացել է մի հավելյալ նախշ, գիծ դնել, որ գեղեցկացնի իրը, արտահայտի ստեղծողի սերը դեպի իր աշխատանքը: Եվ այսպես` դարից դար, վարպետից վարպետ:

Հայ ճարտարապետությունը մեր լեռնաշխարհի ծնունդ հայ վարպետի հանճարի ուժով դարձել է մեր բնաշխարհի զարդը, լեռների ու ժայռերի անքակտելի մասը:

Մեր ամենահին կոթողների մեջ արդեն կային ազգային ճարտարապետության հիմքը կազմող այն հատկությունները, որոնք հետագայում զարգացան և բնորոշ դարձան նրա հետագա ողջ ուղու համար: Հայրենի լեռների խորությունը, ժողովրդի աննկուն եռանդն ու տոկունությունը ամենավառ կերպով արտահայտվեցին ճարտարապետության մեջ, որի բնորոշ հատկանիշները դարձան զուսպ ձևերը, ծավալների պարզությունը, կունստրուկտիվ մասերի անողոք արտահայտումը: Դա է պատճառը, որ մեր ճարտարապետության կոթողների ներքին տարածական կազմը միշտ զգացվել է արտաքին ձևերի մեջ, այդ կոթողներում դժվար է գտնել որևէ անիմաստ, անտեղի ու ավելորդ բան, թե՛ քարի կառուցվածքային ու ծավալային լուծումների և թե՛ նրա հարդարանքի մեջ:

Լինելով այսքան խստապահանջ, մեր վարպետները, այնուամենայնիվ, չեն հրաժարվել բյուրեղյա հստակություն ունեցող ճարտարապետական կոթողների ոգուն համապատասխան զարդարանքից: Մեզանում զարգացել է նաև զարդաքանդակը, որ վաղուց դարձել է ճարտարապետության անբաժանելի մասը: Բայց մեր հմուտ կառուցողները, քաջ գիտակցելով ու զգալով զարդաքանդակի կարևորությունը, միշտ էլ այնպես են տեղադրել դա, որ ընդգծեն, շեշտակի դարձնեն շենքի այս կամ այն մասը, իրենց համեստ խոսքով լրացնեն ճարտարապետական կերպարը և ոչ մի դեպքում չխախտեն շենքի ընդհանուր պատկերը, նրա ծավալների պարզությունը:

Զարդաշարով են բոլորվել պատուհանների ու շքամուտքերի պսակները, շրջանակները, քանդակվել են շենքների հուժկու կամարները կրող խոյակներ: Զարդաքանդակներով են ծածկվել սեղանների բաց ճակատները, արևի հավերժական շարժման նշանները, զինանշանները և տոհմական ու իշխանական նշանները:

Մեր ճարտարապետության վաղ շրջանում զարդաքանդակները մշակվել են լույս ու ստվերի կտրուկ սահմաններով` ավելի խոշորացված և ընդհանրացված ձևերով: Հետագայում այդ ձևերը դարձել են ավելի չափավոր ու նուրբ: Շատ է տարածված եղել բուսական պատկերը, հիմքում դրված տերևի մի տեսակ, որը, անթիվ, անհամար ձևերով փոխակերպվելով, ստացել է բազմապիսի չկրկնվող կերպեր: Մեր վարպետները պատկերել են նուռ ու խաղող, որոնք նույնպես բազմապիսի դրսևորումներով են հանդես եկել:

Մեր ճարտարապետության մեջ շատ հաճախ ենք հանդիպում նաև երկրաչափական ձևերից կազմված զարդաքանդակների, որոնք երբեմն զուգակցվել են բուսական և կենդանական պատկերների հետ և դարձել զարդաքանդակին բնորոշ մի ուրույն տեսակ: Այս տիպի զարդաքանդակներում հանդիպում են ասեղնագործական նրբության հասած չափազանց բարդ քարե հյուսվածքներ:

Հմուտ վարպետները միշտ էլ հաշվի են առել քարերի ֆիզիակական հատկությունները և ըստ այնմ որոշել զարդաքանդակի մշակման եղանակն ու աստիճանը, նրա ձևն ու ոճը: Այսպես, եթե քարը եղել է միտարր, մանր ու մասնիկներից կազմված, ապա քանդակը եղել է նուրբ: Քարի կոպտության, նրա միջի հատիկների խոշորության դեպքում քանդակը ևս խոշորացվել է: Եղել են խորը փորագրված զարդաքանդակներ, որ ավելի բնորոշ են հնագույն շրջանին: Եղել են նաև զարդաքանդակների գծային փարագրություններ և, ընդհակառակը` բարձրաքանդակներ, որոնք պիտի հարթությունից զգալիորեն դուրս պրծած լինելով` շինության մարմնի մասն են կազմել:

Հայ ճարտարապետության համար որքան որոշիչ նշանակություն է ունեցել քարը, նույնքան էլ մեծ դեր է խաղացել Հայաստանի պայծառ արևը:

Ուժեղ լույսը և ստվերն այնպիսի կենդանություն եվ տվել ծավալներին ու քանդակներին, որ հավելյալ միջոցների, ինչպես, ասենք, արտաքին պատերի գունավորման կարիքը բնավ չի զգացվել:

Արևի լույսը եղել է քանդակագործի աջ թևը, եթե կարելի է ասել` զարդաքանդակի գունավորողը: Առանց այդ լույսի մեր զարդաքանդակները շատ դժգույն ու անշուք կլինեին:

Անմոռանալի է Գեղարդի գավթի ժամատան` երդիկավոր ծածկի սկզբունքով կատարված քարակոփ գմբեթը, որի գագաթին բացված անցքից ներս ընկնող լույսը բեկբեկուն խաղ է ստեղծում գմբեթի ներսի երեսին քանդակված, իրար կիպ կպած գոգավոր եռաթև տերևների վրա: Գմբեթի հարթությունը ձևավորելու այս եղանակը շատ է տարածված, սակայն այստեղ դա արված է չգերազանցված կատարելությամբ: Ափսոս որ մեզ չի հասել քարի ու լույսի այդ հրաշք ստեղծողի անունը: Քարակոփ այդ գմբեթի թաղերի մեծ ծավալների խավարի միջից ասես ծնվում է լույսը և թրթռուն խաղով իջնում ներքև: Ու թվում է, թե հազարավոր բյուրեղներից ճառագող լույսի ու ստվերի թրթռուն երգն է հնչում վերևից և տերևիկների վրայով սահելով, հետզհետե թուլանում, մարում է, անհայտանալով գավթի խորը մթության մեջ: Եվ դժվարանում ես ասել, թե որտեղ է վերջանում քանդակը և որտեղ սկսվում ճարտարապետությունը: Այս սկզբունքի արդյունքն են և՛ Նորավանքի, և՛ Նոր Գետիկի, և՛ Անիի Նախշուն եկեղեցու և շատ այլ կոթողների քանդակները, որոնք շունչ և իմաստ են առնում արևի լույսի տակ:

Տարբեր են մեր հմուտ վարպետների քանդակազարդումները, յուրաքանչյուր դեպքում նոր ու բազմապիսի:

Ռաֆայել Իսրայելյան «Քարե զարդաքանդակի մասին»

Աղբյուր՝ Magaghat.am