Այսպէս է ասում Տէրը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների» (Հովհաննեսի 10:1-2)

Հրանտ Մաթևոսյան. Այս իմ հայրենիքն է

Այս է իմ հայրենիքը: Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդ - ոչ դեմք, ոչ դեպք-
Ախ ի՜նչ գեղեցիկ է, որ իմ լույսերը ողջակիզումի պատկերներ են գտնում հեռու այն ճանապարհներին, ախ ի՜նչ լավ է՝ որ մաքառումի ու հավիտենության անցյալը բնակեցնելու հարկը ես չունեմ: Նրանց օրինակով՝ մեր ժամանակը մենք լցնելու ենք մեր գործով ու ձայնով, մեր ժամանակի վրա մենք մեր երկաթագիրն ենք թողնելու՝ այստեղ ապրել ենք մենք:

«Գրական թերթ», 01.05.1995թ.

Աղբյուր՝ Hrantmatevossian.org