Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի

Երևանի երբեմնի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Ս. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Ս. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.): Ներկայիս Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: Իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով այն հին Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր: Արտաքին տեսքը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի, չէր համապատասխանում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական նորոգման և բարեզարդման: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի 1972թ. կազմած նախագծի համաձայն, սկսվեցին Ս. Սարգիս եկեղեցու հիմնական նորոգման աշխատանքները: Եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվել է եկեղեցու ներքին տեսքը, արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել վերնատուն: Վերնասրահում հիմնովին քանդվել են նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է Ս. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Շնորհաշատ քանդակագործներից Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել: Ս. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, որի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսում արձանագրվել է. «Ի Հայրապետութեան Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Ս. Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին: Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:

Աղբյուր՝ Qahana.am

Եկեղեցու ընդհանուր տեսքը

Եկեղեցու խաչքարերը