Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Զաքար Խաչատրյան. Կենսագրություն

Զաքար Ավագի Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1924 կամ փետրվարի 5, 1924, Սառնակունք, Սիսիանի շրջան - հունվարի 21, 2017, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում, հայ նկարիչ, ՀՀ (1983) և ՌԴ (2005) վաստակավոր նկարիչ։ ՀՀ ժողովրդական նկարիչ (2012)։ Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ (1995)։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի եղբայրն է։

Կենսագրություն

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

1956 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ աշակերտելով ռուս անվանի վարպետներ Բորիս Յոգանսոնին և Ալեքսանդր Գերասիմովին։ 1960-1962 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1984 թվականից՝ դեկան, 1986 թվականից՝ պրոֆեսոր։ ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։

1962 թվականին Սիսիանում Զաքար Խաչատրյանի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է նրա անունով։

Ստեղծագործություններ

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ «Սայաթ-Նովա» (1963), «Կոմիտաս» (1968), «Ա. Զ. Խաչատրյան» (1982), «Հին Մեղրի» (1970 ), «Արագած. ծաղիկներ» (1974), «Հին երևանյան բակ» (1980), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ' 1982), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ' 1980 թվական), գրաֆիկական գործեր, «Սպիակավոր եկեղեցին», 1961 թվական, «Սիսիավան եկեղեցին հին Սիսիանում», 1965 թվական, «Ղոշուն-դաշ (Զորաքար)», 1967 թվական, «Թանահատի վանքը։ Սիսիան», 1968 թվական, « Պատկառուկներ», 1968 թվական, «Ձմեռ», 1969 թվական, «Փողոց հին Երևանում», 1969 թվական, «Աշուն։ Ծաղկաձոր», 1978 թվական, «Երևանի ծայրամասը», 1980 թվական, «Ժնևյան լիճը», 1993 թվական, «Սև գետակ։ Գիշեր», 1998 թվական , «Արևածագը Սև ծովի վրա», 1984 թվական, «Ծովն ու արևը», 1984 թվական, «Սև ծով։ Կեսօր», 1986 թվական, նատյուրմորտներ՝ «Թրաշուշաններ», 1956 թվական, «Վարդակակաչներ», 1961 թվական, «Վարդեր», 1981 թվական, «Դաշտային ծաղիկներ», 2001 թվական, «Աստղածաղիկներ», 2003 թվական։

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում։

Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում։