Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Ճակատագիր և աստվածային կամք

Ճակատագիր և նախասահմանություն

Մարդկանց միշտ էլ հուզում են ճակատագիր հասկացության հետ կապված հարցերը: Եկեղեցական հեղինակները ևս անդրադարձել են այս թեմային` հերքելով ճակատագրի առկայությունը մարդկային կյանքում և հաստատելով ազատ կամքի իրողությունը: Քրիստոնեական ուսուցումներից մեկը` նախասահմանության մասին վարդապետությունը, բավականին նման է ճակատագրի հասկացությանը, սակայն հեթանոսական հավատալիքների կամ սնոտիապաշտության ոլորտը կարող ենք անցնել` նախասահմանությունը նույնացնելով ճակատագրի հետ: Նախասահմանության մասին խոսում է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում. «Նրանց, որ առաջուց գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու Իր Որդու պատկերին, որպեսզի Նա լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ. և որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. և որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. և որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառավորեց» (9.29-30): Այսինքն` Աստված ի սկզբանե արդեն նախասահմանել էր այն մարդկանց, ովքեր պիտի քրիստոնյա լինեին, և նրանց, ովքեր պիտի արդարացվեն ու փառավորվեն: Բողոքականության հիմնադիրներ Լյութերը և Կալվինը այն տեսակետն առաջ քաշեցին և հաստատեցին բողոքական վարդապետության մեջ, որ ամեն ինչ տեղի է ունենում Աստծո ծրագրի համաձայն, և մարդն իր ազատ կամքով չի կարող հակադրվել աստվածային նախասահմանված ծրագրին: Հետևաբար, ըստ բողոքականների, Աստծո նախասահմանումով քրիստոնյաներն արդեն իսկ փրկված են, քանի որ քրիստոնյաների հավատքը վկայում է, որ նրանք ընտրված են փրկության համար Աստծո ծրագրով, և փրկության համար կարևոր է հավատքը, և ոչ թե` գործերը: Կաթոլիկները, փրկության համար առավելաբար նաև գործերի կարևորությունը շեշտելով` բողոքականների վերոնշյալ վարդապետությունը նողկալի են համարում` պնդելով, որ ոչ ոք չի կարող վստահ լինել իր վերջնական փրկության արժանանալու մեջ, բացի այն դեպքից, երբ Աստված դա հայտնում է առանձնահատուկ հայտնությամբ: Որպես օրինակ բերվում է Քրիստոսի խաչելության ժամանակ աջակողմյան ավազակին տրված լուրը, թե նույն օրն իսկ դրախտում պիտի լինի (Ղուկ. 23.43): Կաթոլիկ Եկեղեցու մեծագույն սրբերից երանելի Օգոստինոսը նախասահմանությունը նույնացնում է Աստծո նախագիտության կամ ամենագիտության հետ, որով էլ Աստծո կողմից մարդկանց արդարացման և փառավորման նախասահմանելը նշանակում է, որ Աստված Իր ամենագիտությամբ գիտի, թե ովքեր պիտի արժանանան այդ պարգևներին: Այս ճանապարհին մարդն առաջ է շարժվում իր ազատ կամքով: Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանն իր «Տեղիք աստվածաբանության» աշխատության մեջ մեկ այլ տեսանկյունով է բացատրություն տալիս Աստծո կանխագիտության և նախասահմանության մասին: Նա տարբերակում է դնում այդ երկուսի միջև` պարզաբանելով, որ Աստծո կանխագիտությունը երբեք պատճառ չէ մարդու ազատ կամքի սահմանափակման կամ ազատ կամքի վրա բռնանալու: Այլ Աստված գիտի, թե ովքեր պիտի արժանի լինեն Իր շնորհներին և իրենց բանականությունն ու ազատ կամքը ճիշտ գործածելով` պիտի ընդունեն այդ շնորհները և նրանցով արդարանան ու փրկվեն: Աստված նախատեսում է ամեն ինչ, բայց չի նախասահմանում ամեն ինչ. Աստված նախասահմանում է այն բաները, որոնք մեր կամքից չեն կախված, և կապ ունեն Աստծու հավիտենական և ընդհանուր ծրագրի հետ: Պողոս առաքյալի խոսքերի հետ ներդաշնակ լինելով` կարելի է ասել, որ Աստված, քանի որ գիտեր, թե ովքեր իրենց ընթացքով պիտի փրկության արժանանան, այդ իսկ պատճառով էլ Իր նախագիտությամբ այդպիսիններին նախասահմանեց արդարացման և փառավորման:

Ճակատագիր և ազատ կամք

Ճակատագրի հասկացությունը հակադրվում է ազատ կամքի հասկացությանը: Ճակատագրի իրական լինելն ընդունելու դեպքում խախտվում են բարոյականության հիմքերը, քանի որ եթե կա ճակատագիր, ուրեմն մարդն այլևս պատասխանատու չէ իր գործողությունների համար: Մարդու բոլոր արարքներն արդեն ի վերուստ որոշված են, և, հետևաբար, մեղքերի, հանցանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ճակատագիրը հաստատողի և ոչ թե մարդու վրա: Ճակատագրի ընդունումով և ազատ կամքի ժխտումով աղավաղվում է նաև Աստծո մասին ճշմարիտ պատկերացումը, Աստծո մասին Սուրբ Գրքի բերած հայտնությունը: Աստված այլևս չի ընկալվում որպես արդար դատավոր, քանի որ անարդար է մարդուն դատելը ի վերուստ սահմանված արարքների կատարման համար, ինչպես նաև այս ընկալումով Աստված Ինքն է դառնում մեղքի հեղինակը: Երկնքի Արքայության մասին Քրիստոսի խոսքերը, թե «Երկնքի Արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն» (Մատթ. 11.12), նույնպես վկայում են ազատ կամքի մասին: Այսինքն` մարդն է իր ազատ կամքով ընտրած ճանապարհով, ազատ կամքով կատարած գործերով, աստվածային շնորհին գործակից լինելով ձեռք բերում Երկնքի Արքայությունը:

Աստվածաշնչում խոսվում է կյանքի գրքի մասին, որտեղ գրված են փրկության արժանացածների անունները: Տպավորություն է ստեղծվում, որ արդեն նախապես որոշված է ամեն ինչ: Սակայն Քրիստոսի վերոնշյալ խոսքերով սա բացատրվում է ազատ կամքի ընտրության և աստվածային ամենագիտության իրողությամբ: Ծննդոց գրքում Մովսեսը խնդրում է Աստծուն ներել ոսկե հորթին երկրպագած հրեաներին` ասելով. «Իսկ եթե չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջիր Քո մատյանից, ուր գրել ես ինձ» (Ելք 32.32): Տիրոջ դեմ ըմբոստացածների մասին սաղմոսերգուն ասում է. «Թող նրանք ջնջվեն կյանքի Քո մատյանից, և Քո արդարների շարքում չարձանագրվեն» (Սաղմ. 68.29): Ղուկասի Ավետարանում Քրիստոս ասում է. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (10.20): Եկեղեցական հեղինակներից մեկի խոսքով` բոլոր մարդկանց անունները գրված են կյանքի գրքում, քանի որ Աստված ցանկանում է բոլորի փրկությունը: Սակայն մարդու` մեղքերի և դրանց մեջ մինչև երկրային կյանքի վերջը հարատևելու պատճառով հետագայում նրա անունը ջնջվում է հիշյալ գրքից, որի մեջ անվան գրառումը փոխաբերականորեն նշանակում է փրկության արժանացածների շարքում լինել:

Երբեմն ոմանք հակադրություն են փորձում տեսնել ազատ կամքի և աստվածային ամենագիտության միջև: Սակայն Աստծո ամենագիտությունը չի ոչնչացնում ազատ կամքը և չի նշանակում, որ Աստված է որոշված կյանքի ծրագիր հաստատել մարդու համար: Պողոս առաքյալը Հակոբի և Եսավի օրինակով խոսում է Աստծո ամենագիտության մասին. «Որովհետև քանի դեռ տղաները չէին ծնվել, և քանի դեռ բարի կամ չար բան չէր գործվել (որպեսզի Աստծո ծրագիրը ըստ ընտրության հաստատվի, ոչ թե գործերից, այլ` նրանից, ով կոչեց),- նրան ասվեց, թե ավագը կրտսերին պիտի ծառայի. ինչպես գրված էլ է, թե` «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Հռ. 9.11-13, Ծննդ. 25.23, Մաղաք. 1.2): Ոսկեբերանն ասում է, որ չնայած Հակոբն ու Եսավը դեռ գոյություն չունեին, սակայն Աստված արդեն գիտեր, թե նրանք ինչպիսին պիտի լինեն: Իր կանխագիտությամբ Աստված ոմանց ընտրում է և մոտեցնում իրեն (Ա Պետր. 1.2): Բայց սա չի նշանակում, որ Աստծո ամենագիտությունը կամ կանխագիտությունն է պայմանավորում մարդու կամքը: Այլ Աստված, քանի որ ամենագետ է, նախապես գիտի նաև, թե մարդն իր ազատ կամքով, ազատ ընտրության հնարավորությամբ ինչ արարքներ է գործելու:

Ճակատագիր և նախախնամություն

Նախախնամության մասին հստակ չիմանալու դեպքում կարելի է այն շփոթել ճակատագրի հետ: Իր նախախնամությամբ Աստված ուղղորդում է մարդու կյանքը` այն ավելի լավ հանգրվանի բերելով: Սակայն սա չի նշանակում, որ Աստված Իր խնամքով մարդուն պարտադրում է աստվածային կամքը, այլ մարդկային կամքով կատարված սխալ ընտրությունը իրադարձությունների զարգացման ընթացքում աստվածային կամքով ուղղվում է հօգուտ մարդու: Նախախնամությունը աստվածային կամքի այն ներգործությունն է, որով արարածները երկնային կանխորոշմամբ խնամվում են և պահպանում իրենց գոյությունը: Ներսես Լամբրոնացին իր «Պատարագի մեկնության» մեջ ասում է, որ նախախնամության այս հատկությամբ է բնորոշվում Աստված բառը, որը արարչության և նախախնամության անուն է, այլ ոչ թե բնության:

Աստվածային նախախնամությամբ էր, որ մանուկ Մովսեսը փրկվեց փարավոնի աղջկա ձեռքով, չնայած եգիպտացիները գարշում էին հրեաներից: Փարավոնի դուստրը տեսավ երեխայի շնորհով լցված դեմքը և բնական գեղեցկությունը, խղճաց նրան և միանգամից որդեգրեց` դարձնելով իր բարօրության ժառանգորդը (Ելք 2.2-10): Այսպես նաև Հովսեփը իր եղբայրների դավաճանությամբ հեռացվեց հայրական տնից, վաճառվեց ստրկության, հետո բանտարկվեց, բայց վերջում մեծ փառքի արժանացավ և փրկություն բերեց սովի մատնված իր ողջ ընտանիքն ու շատ ժողովուրդների (Ծննդ. 37.18-36, 39.20-23, 41.37-44, 45.1-11): Նույն կերպ նաև Դանիելը և իր ընկերները փորձությունների ու տանջանքների մատնվեցին թշնամիներից, բայց դրանք հաղթահարելով` հենց չարչարողների կողմից մեծ հարգանքի ու պատիվների արժանացան (Դան. 3.19-23, 91-97, 6.17-28): Նաև Պողոս առաքյալը տանջվում էր հիվանդության պատճառով և աղոթում էր, որ Աստված իրեն ազատի այդ դժվարություններից, բայց Տերը նրան պատասխանեց, որ նրա իսկ օգտի համար է այդ կացության մեջ գտնվելը (Բ Կորնթ. 12.7-9): Նաև վտանգի հնարավորությամբ ճանապարհորդությունների պարագային մենք հույս ենք դնում Աստծո նախախնամության վրա, հավատալով, որ Աստված Իր բարի խնամքով հաջող ավարտի կհասցնի մեր ընթացքը, ինչպես և ասվում է Աստվածաշնչում. «Թեև նավը ստեղծվել է շահի ցանկությունից, և ճարտարապետն էլ իմաստությամբ է կառուցել, սակայն Քո նախախնամությունն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ Դու ես, որ ծովի մեջ ճանապարհ և ալիքների մեջ ապահով շավիղ ես տվել» (Իմաստ. 14.2-3): Այսպիսով, Աստված վեր չէ մարդկային կյանքից ու պատմությունից, այլ միշտ ներկա է աշխարհում Իր նախախնամությամբ, մարդկային ազատ կամքի սխալները բարիքների բերելու, մարդկանց բարօրությունն ապահովելու, իսկ մարդու` երկրավոր կյանքը այս կամ այն պատճառով ավարտվելու դեպքում նրան լուսե օթևան տալու հավիտենության մեջ: Ահա Աստծո այս մշտական խնամքի մասին է Քրիստոսի խոսքը. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է» (Հովհ. 5.17): Աստծո նախախնամությունը ճանաչում է փրկվածներին, տալիս է այն կերպն ու միջոցը, որով ընտրյալները փրկվում են: Իսկ մարդիկ անձնիշխան կամքով և գործերով հասնում են այդ փրկությանն ու շնորհներին:

Նախախնամության տեսակները

Աստվածային նախախնամությունը լինում է ընդհանուր և առանձնակի: Ընդհանուր է Արարչի կողմից ստեղծված և բոլորին բաշխվող արևի լույսն ու ջերմությունը, բնության բարիքները, որ հասանելի են ամենքին: Առանձնակի նախախնամություն է Աստծո հատուկ խնամքը որոշակի անձի համար և այն լինում է ոչ միայն բարերար ազդեցություններով, այլև զրկանքներ պատճառելով: Օրինակ` եթե մարդու ունեցած իշխանությունն է նրան մեղքի տանում, Աստված զրկում է այդ իշխանությունից, եթե` փարթամությունն ու ճոխությունը, ապա Աստված աղքատացնում է: Եթե առողջությունն է մեղքի պատճառ, հիվանդություն է տալիս, ինչպես նաև փիլիսոփա Կանտն է ասում. «Մարդն ուզում է երջանկություն, բայց որքան հաճախ է մարմնի թուլությունը նրան ետ պահել շվայտությունից, որի մեջ նրան կարող էր գցել հիանալի առողջությունը»: Եթե ուտելն ու խմելն են մեղքի տանում, Աստված սով և սուղ պայմաններ է բերում: Եթե մտքով ենք մեղանչում, Աստված հոգս է տալիս մտքին: Եթե մեղք ենք գործում մարմնով, աչքով, լեզվով կամ ձեռքով, մարմնի այդ մասերին հարված է տալիս, որպեսզի դրանով ուղղվենք մոլորությունից: Դրա համար էլ այս խրատներն են միշտ աշխարհի վրա` սով, սուր, մահ կամ հիվանդություն, որպեսզի նաև ոմանք հեռվից լսեն և խրատվեն, ոմանք փոքր նեղություն կրելով մեծ դժբախտություններից ազատվեն, ոմանք տեսնեն և զղջան իրենց չար գործերի համար: Այսպես է վարվում նաև հմուտ բժիշկը` տեսնելով մարդու ցավը: Եթե մարդու մարմինը տաք է կամ սառը չափից ավելի, այդ վիճակին հակառակ ազդեցություն բերող դեղն է տալիս և դրանով առողջությունը վերականգնում: Նույնպես և Աստված. ինչով մեղանչում ենք դրա հակառակ իրողությամբ տանջում է և առողջ վիճակի բերում:

Նախախնամություն և մահ

Մարդու մահը լինում է տարբեր պատճառներով, որոնցից մեկն է Աստծո նախախնամությունը: Մահը լինում է բնությամբ, երբ մարդը ծերանում է, տկարանում և մեռնում: Մահը լինում է նաև պատահմամբ` որոգայթից, գազաններից, ավազակներից, ագահությունից, չարչարանքներից և այլ պատահարներից: Մահը լինում է նաև անձնիշխանությամբ, երբ մեկը սպանում է իրեն կամ այլ մարդու: Սակայն մահը նաև լինում է Աստծո նախախնամությամբ, որ պատահում է մարդուն նրա օգտի համար: Օրինակ` երեխան մեռնում է, որպեսզի չարիքի մեջ չընկնի: Այսինքն` Աստված Իր ամենագիտությամբ իմանում է, որ այդ երեխայի կյանքի հետագա ընթացքը նրան չարիքներ է բերելու, և թույլ է տալիս, որ երեխան մահանա և փոխադրվի հավիտենություն: Ծերը մեռնում է, որ ազատվի մարմնի չարչարանքներից: Արդարը մեռնում է, որ իր արդար գործերի մեջ հանգչի: Մեղավորը մեռնում է, որպեսզի չավելանան նրա մեղքերը: Իսկ անզեղջ հանցավորները մեռնում են և հավիտենական տանջանքներ կրում, ինչպես սոդոմացիները:

Նախախնամություն, սկիզբ և վերջ

Մարդն ունի ազատ կամք և տերն է իր գործերի, իշխանություն ունի դրանք անելու կամ չանելու: Սակայն երբեմն գործերի սկիզբը լինում է մեզանով և դրանց կատարումը, վերջը` Աստծո նախախնամությամբ: Երբեմն էլ գործերի սկիզբն է լինում Աստծուց և կատարումը` մեզանով: Մեզանով սկսվող և Աստծո խնամքով վերջացող գործերը նրանք են, որոնք սկսվում են մեր կողմից իբրև բարի գործեր, և Աստված հաստատուն է պահում դրանց ընթացքն ու պարգևում բարի ավարտը: Իսկ եթե չար սկիզբ է ունենում մեր գործը, Աստված այն փոխում է ի բարին` ըստ Իր բարի խնամքի: Երբեմն երկուսն էլ` գործերի սկիզբը և վերջը Աստծուց են լինում: Դրանք կատարվում են աստվածային ներգործությամբ և սքանչելիքներն ու հրաշքներն են:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբուր՝ Surbzoravor.am