Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Հովհաննես Հովհաննիսյան. Գարնան կարկաչուն վտակի ափին

* * *

Գարնան կարկաչուն վտակի ափին
Մոլորվա՜ծ մտքով ես նստած էի
Եվ նայում էի պղտոր ջրերին,
Պես-պես ցավերով տանջված սիրտըս լի։

Եվ փունջը ձեռիս քրքրում էի,
Ծաղիկներն մեկ-մեկ ջուրն էի ձգում,
էվ պղտոր ալիք գարնան վտակի
Միշտ հառաջ էին անդարձ գլորում...

Եվ աչքըս ջրին՝ ասում էի ես.
«Կյա՛նք, դու էլ մեկ-մեկ օրերս ինձանից
Խլում ես պղտոր այդ վտակի պես։

Ինչպես ծաղիկներն իմ փնջի միջից՝
Անհետանում են անուշ երազներ -
Սի՛րտ իմ, դրախտ էիր, և դարձար ավե՜ր»:

1897