Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հենրիկ Սվազյան․ Կենսագրություն

Պատմաբան

Ծնվել է 1938թ. հունվարի 8-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1955թ. ավարտել է տեղի Վ.Մայակովսկու անվան թիվ 5 դպրոցը: 1958-61թթ ծառայել է խորհրդային բանակում: 1961-66թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1966թ. աշխատանքի է անցել Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունում, 1967թ.՝ Հեղափոխության պետական թանգարանում որպես ավագ գիտաշխատող: 1968-71թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ: 1971թ-ից աշխատում է նույն ինստիտուտի միջին դարերի բաժնում որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող: 1975թ. պաշտպանել է թեկնածուական, 1991թ. դոկտորական ատենախոսություն (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1980-81թթ վարել է ՀՀ ԳԱ միացյալ արհկոմի նախագահի պաշտոնը: 1994-2003թթ ծառայել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, գլխավորել դաստիարակչական աշխատանքների և հասարակագիտական առարկաների ամբիոնները, դառնալով դրանց հիմնադիր-պետը: Ստացել է ՀՀ բանակի գնդապետի զինվորական կոչում: Զբաղվել է Աղվանից աշխարհի պատմության հարցերով: Հրատարակել է 80-ից ավելի աշխատություն և «Աղվանից աշխարհի պատմություն (հնագույն շրջանից 8-րդ դարը ներառյալ)» հայերեն և ռուսերեն լեզուներով մենագրությունները: Համահեղինակել է երկու ուսումնական ձեռնարկ: Պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով: