Այսպէս է ասում Տէրը. «Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ»(Իմաստ. Սողոմոնի 1:2)

Ի ննջմանէդ․ Աննա Մայիլյան

Ի ննջմանէդ արքայական
Զարթիր, նազելի իմ, զարթիր,
Էհաս նշոյլն արեգական,
Զարթիր, նազելի իմ, զարթիր:
Պատկեր սիրուն, տիպ բոլորակ,
Լըրացելոյ լուսնոյն քատակ,
Ոչ գըտանի քեզ օրինակ,
Զարթիր, նազելի իմ, զարթիր:

Պաղտասար Դպիրի «Ի ննջմանէդ արքայական» տաղն է՝ Աննա Մայիլյանի կատարմամբ: Հայկական վիոլայով նվագակցում է Գրիգոր Առաքելյանը: Մշակումը՝. Գր. Առաքելյանի:

Պաղտասար Դպիրի մասին տեղեկությունները կցկտուր են: Հայտնի է, որ նրա ծնողները՝ Գրիգորը և Թուրվանդը Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1683 թվականին ծնվել է Պաղտասար Դպիրը: Նախնական ուսումը ստանալով տեղական դպրոցներում, աշակերտում է Աստվածատուր Եպիսկոպոս Ջուղայեցուն, ով Հայոց կաթողիկոսի նվիրակն էր: Մոտ 60 տարեկանում նշանակվում է Գումգափուի դպրանոցի տեսուչ: Նրա աշակերտներն են լինում հետագայում հռչակված դեմքեր, ինչպես օրինակ կաթողիկոս Սիմեոն Երևանցին և բանաստեղծ Պետրոս Ղափանցին: Ժամանակակիցները նրան կոչել են «Նոր Հոմերոս»:

Պաղտասար Դպիրի դերը հայ քնարերգության զարգացման գործում մեծ է: Հայկական բանաստեղծությունը վաղ միջնադարում գրվում էր գրաբարով, բայց 12-րդ դարից սկսած այն սկսում է իր տեղը զիջել ժամանակի խոսակցական լեզվին՝ միջին հայերենին: Ահա 18-րդ դարում սկսվում է մի շարժում, որը նպատակ ուներ վերակենդանացնելով հին հայերենը՝ թուրքական ու պարսկական տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդին դուրս բերել մտքի և լեզվի անկումից: Եւ Պաղտասար Դպիրը, Պետրոս Ղափանցին և ժամանակի մյուս գործիչներն աշխատում են վերականգնել գրաբարն ու օգտագործել իբրև գրական լեզու: Սակայն, գրելով գրաբար, նրանց խոսքն այնքան պարզ ու մատչելի է, որ գրեթե աշխարհաբարի չափ հասկանալի է մեզ:

«Ի ննջմանեդ արքայական» տաղի մեջ նա միացրել է նոր աշուղական և հին եկեղեցական, դասական երաժշտության գծերը: Սա սիրո երգ չէ, ինչպես սխալմամբ կարծել են ոմանք: Այն Պաղտասար Դպիրի ամենանշանավոր տաղերից մեկն է, որի մեջ նա ցավով անդրադառնում է աստանդական հայի դառն վիճակին և իբրև ելք, միջոց՝ ազգի հավաքականության ու միաբանության պատգամն է հղում: Թուրքական բռնատիրության պայմաններում Պաղտասար Դպիրը ողբում է Հայոց պետականության կորուստը, աղերսում է արթնանալ արքայական քնից, ազատագրվել օտարի լծից, այլաբանորեն թախծագին սիրով հայրենիքին դիմելով իբրև նազելի սիրուհու: Իսկ արքաները քնից արթնանալով, կատարում են արքայավայել գործեր, ինչի ակնկալիքն ունի բանաստեղծը իր ու մեր հայրենիքից:

Ինչպես տեսնում եք, 18-րդ դարում ապրած Պաղտասար Դպիրին և մեր՝ ժամանակակից հայերիս հուզում են նույն ցավը, նույն ձգտումները: Մենք այսօր ունենք Պաղտասար Դպիրի ու նրա ժամանակակից հայերի երազած պետականությունը, բայց դեռ շատ հեռու ենք նրանց ու մեր երազած արթնացումից: Այդ արթնացման համար պետք է թողնել անձնական շահը և հետապնդել անանձնական, այսինքն համընդհանուր շահը, մեր պետության շահը: Ու այսպես պետք է անեն իշխանավորից մինչև աշխատավորը, սա է Պաղտասար Դպիրի՝ միաբանվելու, համախմբվելու պատգամը: