Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Վարդարանի աղոթքը համառոտ

 

Վարդարանի աղոթքը ընդգրկում է 20 իրադարձություն որոնք կոչվում են նաեւ խորհուրդներ: Այս խորհուրդներից 5-ը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ու մանկության իրադարձություններին, 5-ը Հիսուսի նշաններին ու դեպի խաչը ճանապարհին, 5-ը Հիսուսի չարչարանքներին, 5-ը Հիսուսի ու Մարիամի հավերժական փառքին երկնքում: Այսպիսով, Վարդարանի աղոթքը կազմված է 4 մասից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 5-ական թեմա մտորելու համար, որոնք կոչվում են խորհուրդներ: Հետևապես, Վարդարանի աղոթքը միաժամանակ խորհրդածություն է և աղաչանք: Վարդարանի կողմից ներկայացված ավետարանական տեսարանների միջով Մարիամի ընկերակցությամբ անցնել՝ նշանակում է հաճախել Մարիամի «դպրոցը», Քրիստոսին ընթերցելու համար, Նրա գաղտնիքների խորքը ներթափանցելու համար, Նրա պատգամը հասկանալու համար։ Աստվածամորն ուղղված տևական պաղատանքը հենվում է այն վստահության վրա, որ իր մայրական բարեխոսությունը կարող է ազդել Իր Որդու սրտին։ Վարդարանի մեջ, Մարիամը՝ Սուրբ Հոգու սրբավայրը, մինչ աղաչանքներ է ընդունում մեզնից, մեր համար կանգնում է Հոր առջև, ով իրեն լիացրել է շնորհներով, և Որդու առջև, ով իր արգանդից է ծնվել, և աղոթում է մեր հետ և մեր համար։

ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ ՎԱՐԴԱՐԱՆԸ

Վարդարանը բաղկացած է երեք ավանդական խորհուրդներից (ուրախ, վշտալի և փառահեղ) և մեկ նոր խորհրդից (լուսավոր), որոնցից յուրաքանչյուրը կազմված է հինգ տասնյակից: Մեկ տասնյակը կազմված է մեկ «Հայր մերից», տասը «Ողջոյն քեզ, Մարիամ» և «Փառք Հորը…» աղոթքներից:

Վարդարանը սովորաբար աղոթում են հետեւյալ հերթականությամբ. սկզբում՝ «Հավատամք», «Հայր մեր», երեք անգամ «Ողջոյն քեզ, Մարիամ», «Փառք Հոր…»:

1) Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ և ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ո՛չ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղև յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի և զմիտ, և զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս և ո՛չ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան։ Հաւատամք և ի սուրբ Հոգին, յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, և ի կեանսն յաւիտենականս։
2) Հա՛յր մեր, որ յերկինս ես, սո՛ւրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ՛ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս` եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
3) Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհոք, Տէրն ընդ քեզ. օրհնեալ ես դու ի կանայս եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո՝ Յիսուս։ Սրբուհի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս, այժմ եւ ի ժամու մահուան մերոյ. Ամէն:
4) † Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ով իմ Հիսուս, ների՛ր մեր մեղքերը, փրկի՛ր մեզ դժոխքի կրակներից, բոլոր հոգիները երկինք առաջնորդի՛ր, հատկապես նրանց, որոնք ավելի շատ կարիք ունեն քո ողորմությանը:

ԱՂՈԹԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՎԱՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

Վարդարանի ուրախութեան խորհուրդները
1 Ավետում (Ղուկ. 1,26-38)
2 Մարիամի այցը Եղիսաբեթին (Ղուկ. 1,39-56)
3 Հիսուս Քրիստոսի Ծնունդը (Ղուկ. 2,1-21)
4 Տեառնընդառաջ (Ղուկ. 2,22-40)
5 Տասներկուամյա Հիսուսի գտնելը տաճարում (Ղուկ. 2,41-52)

Վարդարանի լոյսի խորհուրդները
1 Մկրտությունը Հորդանանում (Ղուկ. 3,21-22)
2 Կանայի հարսանիքը (Հով. 2,1-12)
3 Թագավորության հռչակումը (Մարկ. 1,15)
4 Հիսուսի Պայծառակերպությունը (Ղուկ. 9,28-36)
5 Սուրբ Հաղորդության հաստատումը (Ղուկ. 22,14-20)

Վարդարանի տրտմութեան խորհուրդները
1 Հիսուսի աղոթքը եւ տագնապը Ձիթենյաց պարտեզում (Ղուկ. 22,39-46)
2 Խարազանումը սյան մոտ (Մատթ. 27,24-26)
3 Հիսուսին թագադրում են փշե պսակով (Մատթ. 27,27-31)
4 Հիսուսին տանում է խաչելության (Հով. 19,16-27)
5 Հիսուսի խաչելությունը (Հով. 19,28-37)

Վարդարանի փառավորութեան խորհուրդները
1 Հիսուս Քրիստոսի Հարությունը (Հով. 20,1-10)
2 Հիսուսի Համբարձումը Երկինք (Ղուկ. 24,50-53)
3 Սուրբ Հոգու գալուստը (Գործ. 2,1-13)
4 Տիրամոր վերափոխումը Երկինք
5 Տիրամայրը Երկնքի և Երկրի Թագուհի (Հայտ. 12,1)

ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Երկուշաբթի - Շաբաթ)

1. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ Գաբրիէլ Հրեշտակապետը աւետեց քեզի թէ Յիսուսի մայրը պիտի ըլլաս:
2. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ այցելութեան գացիր քու ազգականիդ՝ Եղիսաբեթին:
3. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ ծնար Աստուծոյ Որդին, Բեթղեհէմի քարայրին մէջ:
4. Կ’ուրախանանք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ ընծայեցիր Երուսաղէմի Տաճարին մէջ:

ԼՈՅՍԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Հինգշաբթի)

1. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ ներկայ եղար քու Որդիիդ մկրտութեան Յորդանան գետին մէջ:
2. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ դուն միջնորդեցիր Յիսուսի քով՝ կատարելու իր առաջին հրաշքը Կանայի հարսանիքին:
3. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ ապրեցար քու Որդիիդ առաքելական կեանքը, որուն ընթացքին Ան աւետեց Աստուծոյ Արքայութիւնը:
4. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ՝ Յիսուս Քրիստոս իր աոաքեալներուն առջեւ պայծաոակերպեցաւ Թափոր լերան վրայ:
5. Կը լուսաւորուինք քեզմէ, ո՜վ Ս. Կոյս Մարիամ, որովհետեւ ականատես եղար քու Որդիիդ հաստատած Ամենասուրբ Հաղորդութեան խորհուրդին Վերնատան մէջ՝ Վերջին Ընթրիքին:

ՏՐՏՄՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Երեքշաբթի - Ուրբաթ)

1. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, արիւնով քրտնեցաւ Գեթսեմանիի պարտէզին մէջ:
2. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, սիւնին վրայ ձաղկուեցաւ:
3. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, փուշով պսակուեցաւ:
4. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, խաչափայտը իր ուսերուն վրայ առաւ:
5. Կը տրտմինք քեզի հետ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ մեզի համար, խաչուեցաւ երկու աւազակներու միջեւ:

ՓԱՌԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
(Չորեքշաբթի - Կիրակի)

1. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ յարութիւն առաւ մեռելներէն:
2. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ քու Որդիդ երկինք համբարձաւ:
3. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ Սուրբ Հոգին՝ հրեղէն լեզուի նման, իջաւ առաքեալներուն վրայ:
4. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ երկինք վերափոխուեցար հոգւով եւ մարմնով:
5. Կը փառաւորենք քեզ, ով Կոյս Մարիամ, որովհետեւ փառքով պսակուեցար Ամենասուրբ Երրորդութենէն:

Ո՛ՂՋ ԼԵՐ, ԹԱԳՈՒՀԻ

Ո՛ղջ լեր, թագուհի, մայր ողորմութեան. մեր կեանքը, քաղցրութիւնը եւ յոյսը, ո՛ղջ լեր: Քեզի կ՚աղաղակենք, Եւայի աքսորական որդիներս: Քեզի կը հառաչենք հեծելով ու լալով արցունքի այս հովիտին մէջ: Եւ արդ, ո՜վ մեր բարեխօսը, մեզի՛ դարձուր քու բարեգութ աչքերդ. եւ ցոյց տուր մեզի քու որովայնիդ օրհնեալ պտուղը՝ Յիսուս: Ո՜վ գթած, ո՜վ բարեգութ, ո՜վ քաղցր կոյս Մարիամ:
Բարեխօսէ՛ մեզի համար, սո՛ւրբ Աստուածածին, որպէսզի արժանի ըլլանք Քրիստոսի խոստումներուն ամէն:

ՔՈՒ ՀՈՎԱՆԻԻԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ

Քու հովանիիդ պաշտպանութեան կ՚ապաւինինք, սուրբ Աստուածածին, մեր կարօտութիւններուն մէջ անտես մի՛ ըներ մեր աղաչանքները, այլ փրկէ՛ մեզ ամէն վտանգներէ, մի՛շտ փառաւորեալ եւ օրհնեալ Սուրբ Կոյս. ամէն:

ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՊՍԱԿԸ

Աստծո ողորմության պսակը աղոթում են Վարդարանի հատիկների վրա: Սկզբում «Հայր մեր», «Ողջոյն քեզ, Մարիամ», «Հավատամք», «Փառք Հոր…»: Այնուհետեւ հինգ տասնյակների վրա՝ «Հայր հավիտենական…» (աղոթում են մեկ անգամ) և «Հանուն Իր դառը չարչարանքների…» (ասում են տաս անգամ):

- Հայր հավիտենական, Քեզ եմ ընծայում Քո սիրեցյալ Որդու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն և Արյունը, Հոգին եւ Աստվածայնությունը, մեր եւ ողջ աշխարհի մեղքերի քավության համար:

- Հանուն Իր դառը չարչարանքների ողորմի՛ր մեզ եւ ողջ աշխարհին:

Վերջում երեք անգամ.

- Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ, ողորմեա մեզ և ողջ աշխարհին:

ՀԻՍՈՒՍ, ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ