Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Եզն ու էշը

Ժամանակով մի ջրաղացպան է լինում: Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան:Որոշում է ու առնում: Էշն իր համար հանգիստ ապրում էր: Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում՝ շաբաթ օրը: Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը, նրանց շալակած, նորից վերադառնում էր գյուղ: Դա շատ հեշտ ու հանգիստ կյանք էր:

Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.

- Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը հալ չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:

Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.

- Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:

- Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:

Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.

- Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլենք:

- Ի-ա՜, ի-ա՜, - կամաց զռում է էշը, - էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:

Հաջորդ առավոտյան էշին են լում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.

- Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:

- Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, - պատասխանում է էշը: - Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. "Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք":

- Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, - անհանգստանում է եզը: - Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:

Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում:

Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Աղբյուր՝ Impoqrik.am