Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Մխիթար Այրիվանեցի․ Սիրտ իմ սասանի

Սիրտ իմ սասանի, սարսափ զիս ունի
վասն Հուդայի:
Նա ոչ ամաչէ, և ոչ զարհուրի,
սիրողն արծաթի:
Որ տէրն ամենի, նմա առաջի
ի ծունկըս անկանի:
Փրկիչըն բազմի դասուք երջանկի ի յերեկոյի,
Տէր իմ, արժանի արա զմեզ հացի քո
սուրբ սեղանի:
Ահա ազատե՛ա զմեզ ի մեղաց, քաւիչ յանցանաց,
աղաչեմք:
Լուր, Տէր, և ողորմեա՛:

Աննա Մայիլյանի կատարմամբ Մխիթար Այրիվանեցու (13-րդ դար) «Սիրտ իմ սասանի» հոգևոր երգն է: Նվագակցում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:

Մխիթար Այրիվանեցին ծնվել է 13-րդ դարի 30-ական թվականներին: Հայտնի է որպես պատմիչ, մանկավարժ, բանաստեղծ և երգահան: 1265-75-ին Խոր Վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական գործունեություն: Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները։ Մինչև 1275-ը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա՝ Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում՝ (Գեղարդավանք):

1268-ին Մխիթար Այրիվանեցին ստեղծել է հոգևոր անհատական երգերի իր չափածո ժողովածուն՝ «Գանձարանը», որը մեծապես ճանաչվել և տարածվել է դեռ միջնադարում: Դա է փաստում այն, որ «Գանձարանը» մեզ է հասել հարյուրավոր ընդօրինակություններով:

Մխիթար Այրիվանեցին իր գրած խոսքերը եղանակել է ինքնուրույն: Մեծ արժեք են ներկայացնում այդ չափածո ստեղծագործությունները, որոնք հիմնականում տաղեր և օրհնության երգեր են: Մեզ հասած այդ ձեռագրերում պահպանվել են խազագրված երգեր, որոնք այսօր էլ երգվում են ժամերգությունների ժամանակ:

Դրանցից է «Սիրտ իմ սասանի» շարականը, որը ոմանք սխալմամբ վերագրում են 15-16-րդ դարերում ապրած Առաքել Սյունեցուն: Եկեղեցական ծիսակարգում այս շարականի դերի մասին զրուցեցինք Գյումրիի և Աշոցքի կաթողիկե հայոց ժողովրդապետ հայր Պետրոս վարդապետ Եսայանի հետ.

- Այս շարականն այսօր երգվում է Ավագ Հինգշաբթի օրը, Ոտնլվայի արարողության ժամանակ: Թեպետ այն ծիսարանի, ծիսական գրքերի մեջ ընդգրկված չէ, այսինքն նախկինում նախատեսված չի եղել Ավագ Հինգշաբթվա համար: Այն ավելի ուշ շրջանում է մուտք գործել ծեսի մեջ, դրա համար գրքերում չենք հանդիպում: Բայց շատ սիրված շարական է մանավանդ Առաքելական եկեղեցում և Ոտնլվայի արարողության ժամանակ կատարվում է մենակատարությամբ: Շատ գեղեցիկ երաժշտություն ունի, և ես էլ շատ սիրում եմ ու կատարում:

Երգի առաջին տողերում Այրիվանեցին պատմում է, որ իր սիրտը սասանվում է և սարսափը պատել է իրեն՝ Հուդայի պատճառով, ով իր արածից չի ամաչում և զարհուրում: Չէ՞ որ ամենքիս Տերը այդ մատնությունից հետո նրա առջև ծունկի էր բերվել:

Երկրորդ հատվածում, երգվում է, որ Փրկիչը երեկոյան բազմել է երջանիկների դասի հետ և խնդրվում է Նրան՝ մարդկանցս արժանի անել Իր սուրբ սեղանի հացին և ազատի մեզ մեղքից: Ապա, Հիսուսին անվանելով հանցանքները քավող, խնդրում է լսել մեր աղաչանքը և ողորմել: