Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Գրիգոր Տաթևացի. Պահքի և ողորմության մասին

Քարոզ պահքի և ողորմության մասին՝ Եսայու այս խոսքի համաձայն. «Լվացվե՛ք, սրբվե՛ք, վերացրե՛ք չարը ձեր հոգիներից իմ աչքերի առջև» (Եսայ. 1 : 16):

(Ձմեռան, գլուխ 68, էջ 315)

Պետք է իմանալ, որ մարդկանցից սուրբերն ու անսուրբերը զանազանվում են 4 կերպով:

Մարդիկ կան, որ սուրբ են մարդկանց առջև, բայց Աստծո առաջ պիղծ են, ինչպես կեղծավորները. այս խոսքի համաձայն. «Գալիս են ոչխարի մորթով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են»:

Մարդիկ էլ կան, որ սուրբ են Աստծո առաջ, սակայն պիղծ են մարդկանց աչքին, ինչպես հավատացյալներն անհավատների մեջ և մարտիրոսները իրենց չարչարողների մեջ: Սրա մասին է Տերն ասում. «Ովքեր ձեզ սպանեն, համարելու են, որ Աստծուն պաշտամունք են մատուցում»:

Մարդիկ էլ կան, որ անսուրբ են թե՛ մարդկանց, թե՛ Աստծո առջև, ինչպես մարդկանցից չարերը՝ գողերը, ավազակները, պոռնիկները, զեխ կյանքով ապրողները:

Նրանց Տերն ասում է. «Վա՛յ նրանց, որ գայթակղեցնում են մարդկանց»:
Մարդիկ էլ կան, որ սուրբ են թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առջև, ինչպես ճգնավորները, պահեցողները, ինչպես Պողոսն է ասում. «Բարին ենք խորհում Աստծո և մարդկանց առաջ»:

Այս 4 տեսակներից 2-ը բարի են, իսկ 2-ը՝ չար: Նրանք, որ սուրբ են միայն մարդկանց աչքին, և նրանք, որ անսուրբ են թե՛ մարդկանց ու թե՛ Աստծո առջև, չար են: Իսկ նրանք, որ սուրբ են միայն Աստծո առջև և նրանք, որ սուրբ են թե՛ մարդկանց ու թե՛ Աստծո առաջ, բարի են:
Տեսնենք, թե այս 2 բարեգործությունները մարդկանց ո՞ր մասին, ո՞ր խավին են պատշաճում:

Պետք է իմանալ, որ սուրբ լինել թե՛ մարդկանց ու թե՛ Աստծո առջև պատշաճում է մարդկանց հետևյալ 2 օղակներին.
Նախ՝ նրանց, ովքեր եկեղեցու առաջնորդներն են՝ թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր: Հոգևոր՝ ինչպես վարդապետները, եպիսկոպոսները և մյուսները, իսկ մարմնավոր՝ թագավորները, իշխանները և ուրիշներ: Հոգևորի համար Տերն ասում է. «Ով կկատարի և կուսուցանի, նա մեծ կկոչվի»: Իսկ մարմնավորի համար Դավիթն է ասում. «Իմ աղոթքները Տիրոջը կառաքեմ Նրա ամբողջ ժողովրդի առջև»:

Ինչպես հոգևոր առաջնորդից սովորում են նրան հետևողները, այնպես էլ մարմնավոր իշխանից սովորում են նրան հնազանդվողները. բարին կամ չարը:
Երկրորդ՝ այս տեսակը պատշաճում է նաև այն հավատացյալներին, ովքեր ապրում են անհավատների կամ այլադավան ժողովրդի մեջ: Նրանք պարտավոր են էլ ավելի բարին գործել մարդկանց և Աստծո առջև 2 պատճառով.

Նախ՝ Աստծո փառքի համար, ինչպես Տերն է ասում. «Որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»:
Երկրորդ՝ որպեսզի երբ անհավատներից կամ հերձվածողներից շատերը հավատացյալներին բարեգործությունների մեջ տեսնեն, գան դեպի ճշմարիտ հավատքը: Սրանով հավատացյալները շահած կլինեն նրանց:

Իսկ եթե այլազգիների մեջ ծուլությամբ ու անպարկեշտ վարքով ապրեն, անհավատության ու մոլորության համար սահմանված կորուստի մեջ կմնան, նաև կհայհոյեն այն ահավոր անունը, որով կոչված են հավատացյալները, այսինքն՝ քրիստոնեությունը, ինչպես Աստված մարգարեի միջոցով ասում է. «Ձեր պատճառով Իմ անունը հայհոյվում է հեթանոսների մեջ»:

Սրանք նրաք էին, ովքեր պարտավոր էին բարին գործել թե՛ մարդկանց և թե՛ Աստծո առջև: Իսկ նրանք, ովքեր պետք է բարին գործեն միայն Աստծո առջև, հասարակ հավատացյալներն են իրենց եկեղեցիներում. բոլոր բարի գործերը պետք է ծածուկ անել, ինչպես պահքը, աղոթքը, ողորմությունը և այլն:

Տերը պահքի համար սովորեցնում է. «Լվա՛ քո երեսը և օծիր մորուքդ», իսկ աղոթքի համար. «Մտիր քո սենյակը ու փակիր դռներդ», ողորմության համար. «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որովհետև քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»:

Ծածուկն այն չի ասում, թե մարդիկ ամենևին չտեսնեն. քանի որ այս անհնար է: Ահա առհասարակ բոլորս քառասնորդաց և մյուս պահքերն ենք պահում, և այդ տեսնում են մարդիկ. մի՞թե ընդունելի չէ: Նաև եկեղեցում ենք հավաքվում ու աղոթում, ողորմություն ենք անում քչերին ու շատերին: Նույնպես խոնարհության, հեզության ու խաղաղության առաքինությունները մարդկանց մեջ լինելով ենք ձեռք բերում. մի՞թե ընդունելի չէ:

Սակայն Տերն այս չասաց: Այլ Տերը սրտի ծածուկ լինելու մասին է խոսում. որպեսզի երբ բարին գործես, ի ցույց մարդկանց չլինի, ինչպես մարդահաճներն են անում, որ մարդկանցից փառավորվեն:

Երբ խոսում է երեսը լվալու և մազերն օծելու մասին, այն չի ասում, թե երբ պահք պահես, միշտ բաղնիք գնա, լողացիր ու օծվիր: Այլ այն է ասում, թե երբ պահք պահես, լվացվիր զղջման արտասուքներով ու սրբվիր խոստովանությամբ, հոգուցդ հանիր ամեն աղտ ու գարշանք, այսինքն՝ նախանձը, ատելությունը, բարկությունը, ագահությունը և բոլոր մյուս տեսակի մեղքերը. սրանք բոլորը սևացնում են և ապականում հոգիները: Սրանք է հրամայում լվանալ, և ոչ մարմնի աղտը, ինչպես Եսային է ասում. «Լվացվե՛ք, սրբվե՛ք, վերացրե՛ք չարը ձեր հոգիներից իմ աչքերի առջև»: Եվ ապա նոր այսպիսի պահքը տարբերվում է կեղծավորների պահքից, ովքեր միայն մարմնավորն են խորհում՝ մարդկանցից փառավորվելու համար, սակայն հոգևորը չեն խորհում, որն Աստծո փառքի համար է:

Նաև երբ ասում է. «Մտիր քո սենյակը ու փակիր դռներդ», այն չի ասում, թե եկեղեցում մի աղոթիր: Այլ սենյակ է կոչում միտքը, իսկ դռներ՝ զգայարանները: Նույնը Եսային էլ է ասում. «Խու՛յս տուր, ի՛մ ժողովուրդ: Գնա մտի՛ր շտեմարանները, փակիր դռները»: Տերն ասում է, երբ աղոթելու լինես առ Աստված, փակիր ու կտրիր քո բոլոր զգայարանները ամեն աշխարհային գործից, և մտքումդ, խորհուրդներիդ մեջ խոսիր Աստծո հետ, ինչպես Պողոսն է ասում. «Սաղմոս պետք է ասեմ մտքով, սաղմոս պետք է ասեմ հոգով»:

Նաև երբ ասում է. «Թող քո ձախը չիմանա», այն չի ասում, թե ողորմություն անելիս, ձախ ձեռքդ հեռու պահիր. քանի ահա քաղցածների համար 2 ձեռքով ենք հաց բրդում, մերկերին 2 ձեռքով ենք հագցնում և բազում այսպիսի ուրիշ բաներ: Այլ ձախ այն է ասում, որ երբ աղքատներին ողորմում ես, մարմնական սիրով չանես ու փոխարենը չխնդրես, ինչպես տերերը ծառաներին են տալիս ծառայության փոխարեն, և որոշ չարեր՝ իրենց գործակիցներին, և բարեկամները՝ բարեկամներին, որպեսզի նրանք փոխհատուցեն: Այդպիսի տուրքը ձախ կյանքի համար է: Տերն ասում է, որ ողորմությունն այսպիսին չլինի:

Իսկ աջ ողորմությունը հոգևոր սերն է, որ հանդերձյալ կյանքի համար է: Սրա համար է Տերը հրամայում ողորմություն անել, ինչպես մի ուրիշ տեղ ասում է. «Փոխ տվեք նրան, ումից ետ վերցնելու ակնկալիք չունեք»:

Դարձյալ՝ ձախ ողորմություն է այն, որ մարդկանցից փառք ու գովասանք ստանալու համար իրենց գովասանքի արժանացնողներին են տալիս, որից պետք է հրաժարվել: Իսկ աջ ողորմությունն Աստծո փառքի համար եկեղեցուն են տալիս՝ քահանաներին ու աղքատներին, որը պետք է կատարել:

Դարձյալ՝ կան մարդիկ, ովքեր չար կամքով ողորմածին արգելում են ողորմություն անել: Այսպիսիների մասին է ասում, որ չիմանան քո ողորմության մասին: Իսկ ողորմությունը հաջող է և բարի կամքով, երբ միտքդ է ընկել և մյուս բարեկամներդ էլ հորդորում են նույնը, նրանց լսիր և ողորմություն արա:

Դարձյալ՝ աջ ողորմությունն այն է, երբ առձեռն, ներկա ժամանակում, այսօր պատրաստ է լինում, և ողորմություն ես անում: Իսկ ձախ ողորմությունն այն է, որ հետաձգում ես, վաղվա կամ մի ուրիշ տարվա ես գցում: Տերն այն է ասում, որ ողորմությունը չհետաձգես վաղվա օրվան, ինչը ձախ ողորմություն է, այլ այսօր արա, որն աջ ողորմություն է:

Մարդկանցից շատերը կան, ովքեր ողորմությունը պահում են վաղվա օրվան, սակայն հաջորդ օրը չի հաջողվում, աղքատներին չեն հանդիպում. քանի որ սատանան հակառակ է, փոշմանել ու զղջալ է տալիս, կամ ուրիշ ինչ-ինչ պատահարներ խափանում են ողորմությունը: Սրա համար Հակոբոսն ասում է. «Մ՛ի հետաձգիր վաղվան, քանի որ չգիտես, թե վաղն ի՛նչ կլինի»: Սրա համար պետք է նույն ժամին, երբ միտքն ընկավ, ողորմություն անել:

Դարձյալ՝ աջ ողորմությունն է ուրախությամբ, իսկ ձախ ողորմությունը՝ տրտմությամբ. ինչպես առօրյա կենցաղից է երևում, որ մարդիկ ուրախալի գործը հաջողակ են կոչում, իսկ տխրալի գործը՝ ձախողակ: Սրա համար էլ Տերն ասում է, որ ողորմությունը տրտմությամբ ու հարկադրությամբ չանես, որը ձախ է, այլ ուրախ ու զվարթ սրտով ողորմություն արա, որն աջ է, ինչպես Սողոմոնն է ասում. «Զվարթառատ տուրքն է սիրում Աստված»:

Այստեղ հարց է ծագում, թե ինչու՞, երբ մեղանչում ենք, ամեն բարի գործ, որ արել ենք, կորչում է, իսկ ողորմությունը՝ ոչ: Ասենք, որ 3 պատճառով.

Նախ՝ ողորմությունը փոխ է Աստծուն տրված. ինչպես մարդկանց մեջ տրված փոխը չի կորչում, եթե պարտատերը հարուստ է լինում կամ աղքատ, այլ ամեն ձևով պետք է փոխհատուցվի, այդպես էլ Աստծո մոտ է:

Երկրորդ՝ ողորմությունը ուրիշների համար ենք անում, թեպետ մեղանչում ենք, այն չի պղծվում ու կորչում, քանի որ հեռու է: Իսկ ուրիշ բարի գործը, որ մեզ համար է, երբ մեղանչում ենք, պղծվում և կորչում է:

Երրորդ՝ ողորմությունը եղբայրների հանդեպ ունեցած սիրո արտահայտությունն է, որը Տերն է պատվիրում կատարել: Եվ ինչպես սերը հարատև է և անանց, նույնպես էլ ողորմությունն անանց է ու անխափան:

Ողորմածներն Աստծուց ողորմություն են գտնելու, իսկ անողորմները՝ անգթություն, ինչպես առաքյալն է ասում. «Անողորմ դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ողորմություն չեն անում»: Ինչպես մաքուր հայելին, երբ ինչ-որ գեղեցիկ իր ենք դիմացը դնում, իր մեջ պատկերում է ու մեզ անդրադարձնում, այնպես էլ աստվածային արդար դատաստանն է. եթե ողորմություն ու բարի գործեր ենք դնում արդար դատաստանի առջև, պատկերում է իր մեջ և անդրադարձնում մեզ այս կարճ խոսքը. «Եկե՛ք իմ Հոր օրհնյալներ»: Իսկ եթե ոնողորմություն ու չարություն ենք դնում, նույնն էլ պատասխանում է մեզ կարճ խոսքով. «Գնացե՛ք ինձանից անիծյալներ»: Եվ ինչպես հայելու էությունը չի փոխվում ու այլայլվում՝ հակադարձ պատկեր ցույց տալով, այնպես էլ աստվածային դատաստանը չի փոփոխվում ու այլայլվում:

«Լվացվե՛ք, սրբվե՛ք»:

Նախքան այս խոքերը, Տերն ասել էր. «Չեմ ներելու ձեր մեղքերը, հագեցել եմ ձեզանից, ձեր պահքերն ատեցի, ձեր խունկերը պիղծ են ինձ համար, քանի որ ձեր ձեռքերը լի են արյամբ»: Իսկ այժմ ինչու՞ է ուղղության խրատ տալիս: Պատճառն այս է. Աստված սովոր է մարդկանց սպառնալ, որպեսզի ապաշխարության բերի, իսկ երբ դառնում են, փրկության հույսն է առաջները դնում, ինչպես նինվեացիներին արեց: Նրանք երբ սպառնալիքից զարհուրեցին, դեպի բարին փոխվեցին, այն ժամանակ անմիջապես վերացրեց բարկությունը: Նույնպես այստեղ է ասում. «Լվացվե՛ք, սրբվե՛ք»: Այսինքն՝ ապաշխարության, զղջման արտասուքների, խոստովանության միջոցով:

Դարձյալ՝ այս խոսքը հոգևոր մկրտություն է նշանակում. «Ովքեր մկրտվում են Սբ Հոգով ու հրով»: Հուրը մաքրում է մեղքերի աղտեղությունը, ինչպես Պետրոսն է ասում. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուսի անունով՝ մեղքերի թողության համար»:

«Վերացրե՛ք ձեր անձերից չարը»:

Որպեսզի երբ լսեն. «Լվացվե՛ք, սրբվե՛ք», չկարծեն հրեական լվացումների մասին է խոսքը, ավելացրեց. «Վերացրե՛ք ձեր միջից չարը»:Այստեղ խոսքն առաքինության դյուրինության և անձնիշխանական կամքի ազատության մասին է, քանզի, որ կողմն ուզենք, կարող ենք փոխվել£ Եվ քանի որ մկրտության լվացումից հետո անձը պետք է սուրբ պահել՝ ըստ կարողության, ուստի ավելացնում է. «Վերացրե՛ք ձեր միջից չարը», ինչպես Սողոմոնն է ասում. «Ամենայն զգուշավորությամբ պահի՛ր քո սիրտը»:

«Իմ աչքերի առջև»:Այսպես ասաց նաև Սողոմոնը. «Քո սրբությունը թող Աստծո ամենատես աչքերի առջև լինի»: Ոչ ինչպես կեղծավորները, որոնք միայն մարդկանց աչքին են սուրբ ձևանում, իսկ ներքուստ հափշտակող գայլեր են. բերանով խաղաղություն են խոսում, իսկ սրտով նենգություն ու դավ են նյութում:
«Սովորե՛ք բարին գործել»:

Բարի գործերին հակառակ 4 բան կա.
նախ՝ մեր բնության ծանրաքարշությունը,
երկրորդ՝ անձնիշխան կամքի ծուլությունը,
երրորդ՝ դևերի խաբկանքները,
չորրորդ՝ ագահությունը:

Եթե մեկը կամենում է փրկվել սրանցից, պետք է հոժարությամբ կամքը դեպի բարին ուղղի և Աստծուց օգնություն խնդրի, ինչպես Դավիթն է ասում. «Իմ օգնությունը Տիրոջից է գալիս»: Նաև պետք է սովորել Սուրբ Գրքից ու առաջնորդներից, ինչպես ասում է. «Սովորե՛ք բարին գործել», այսինքն՝ ասում է. «Իրավունք փնտրեք, փրկեցեք փրկվածներին»:

«Եկե՛ք, խոսե՛ք միմյանց հետ»:

Այս խոսքը 2 իմաստ ունի.

Նախ՝ խոսել միմյանց հետ, նշանակում է միմյանց մեղքերը խոստովանել:

Երկրորդ՝ միմյանց հետ խաղաղություն ու հաշտություն հաստատել, ինչպես Դավիթն է ասում. «Հեռացի՛ր չարից ու բարի՛ն գործիր, փնտրի՛ր խաղաղություն»:

Այժմ պետք է հեռանալ չարից ու բարին գործել՝ պահքի ու ապաշխարության միջոցով, հաստատել խաղաղություն 4 բաների մեջ.

Նախ՝ մեր հոգու և մարմնի միջև,
երկրորդ՝ մեր և Աստծո միջև,
երրորդ՝ մեր և ընկերների միջև,
չորրորդ՝ ուրիշներին միմյանց հետ հաշտեցնել:

Այն ժամանակ, եթե մեր գարշելի մեղքերը թանձր սև լինեն, որդան կարմիր արյամբ ներկված, մեր Աստծո ու Փրկչի ողորմությունը դրանք ձյունի ու բրդի նման սպիտակ կդարձնեն: Նրան փառք հավիտյանս. ամեն:

Թարգմանեց` Արման դպիր Գևորգյանը

Աղբյուր՝ Qahana.am