Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Լեռ Կամսար․ Բաց նամակ Գուրգեն Մահարուն

Հարգելի՛ ընկեր
Դուք սույն թվի հունվարի մեկին, բաժանելով իրարից իմ «Լեռ Կամսար» գրական անվան «Լեռը», ստիպել եք, որ ձեզ համար «մուկ» ծնի «Երևան» թերթում:
Մի «մուկ», որ գալիս է երկրի երեսից սրբելու իմ հիսնամյա ողջ գրական վաստակը:
Պարզ է, որ Դուք ինձ վրա կրակել եք «դում-դում» գնդակով . միայն պարզ չէ, թե հրացանը կրակվել է անզգուշությա՞ն հետևանքով, թե՝ հատուկ ճակատիս նշան եք բռնել:
Ես հակված եմ ընդունելու առաջին տարբերակը, որովհետև չգիտեք, թե որպես գրողի՝ Դուք ինչպե՜ս եք հարգում ինձ, ինչպե՜ս փառաբանում…
Երախտապարտ եմ Ձեզ և չեմ կարող մոռանալ մինչև այս տարվա հունվարի մեկն արած լավությունները:
Հիշո՞ւմ եք, նախանցյալ տարի, երբ «Ոզնու» խմբագրությունը կարճատև ընդհատումից հետո ինձ նորից աշխատակցության կանչեց, Դուք, չկարողանալով զսպել ուրախությունը, վեր կացաք ու մի նամակով շնորհակալություն հայտնեցիք խմբագրությանը, շնորհավորեցիք արարքը, քաջալերեցիք, հրահանգեցիք շուտ տպել, շատ տպել և այլն, և այլն:
Պարզ է, որ նման ուրախություն միայն հաճելի ու արժեքավոր բաների նկատմամբ կունենան: Ո՞վ է տեսել, որ խելքը գլխին մարդն ուրախանա… մկների վրա:
Չեմ մոռանա Ձեր այն ոգևորումը, որ Դուք ցուցաբերում էիք իմ «Գրաբար մարդիկը» լույս տեսնելուց շատ առաջ:
Դուք զորահավաք էիք հայտարարել բոլոր գովասանական բառերի և կազմ ու պատրաստ պահում էիք, որ գիրքս լույս տեսնելուն պես՝ թափեք գլխին:
Իսկ երբ ես Ձեզ զգուշացնում էի, թե մեր մամուլը իմ մասին զգուշանում է գովասանք տպելուց, Դուք ասացիք.
- Ո՛չ, հիմա իմ դիրքն այնպես է, որ ինչ գրեմ՝ կտպեն:
Չեմ մոռանա այն օրը, երբ Դուք նվիրեցիք ինձ Ձեր գիրքը, վրան գրված հարգանքի ու մեծարանքի այնպիսի վերամբարձ խոսքեր, որ ներկայիս ամաչում եմ կրկնել՝ չվիրավորելու համար իմ համեստությունը:
Ես Մոսկվայից, Ձեր եղբայր Խորեն Ռադիոյից ստացած ունեմ մի նամակ, ուր ասված է, թե «իմ եղբայր Գուրգենը Ձեզ համարում է Մեծ մարդ»:
Այժմ, ասացե՛ք խնդրեմ, ընկե՛ր Մահարի, ի՞նչն ստիպեց Ձեզ, որ Դուք այսքան «մեծ մարդուց» հանկարծ մի փոքրիկ «մուկ» ծնեցնեք «Երևան» թերթում:
Հավատացնում եմ Ձեզ, որ տարիներով մկան երես չտեսած կատուն անգամ կզգուշանար այսքան «հարգելի» մարդուց «մուկ» ծնեցնել…
Հետո՝ չմոռանամ հայտնել Ձեզ նաև հետևյալը:
Դուք շատ լավ գիտեք, որ երևանյան մամուլը հանդես գալու համար ինձ հատկացրել է շատ նեղ, համարյա աննկատելի մի տեղ. այնքան նեղ, ուր անգամ «մուկ» ծնել հնարավոր չէ, ես ի՞նչ կերպ կարող եմ Ձեր ցանկությունը կատարել, եթե անգամ ցանկանամ ինքս:
Եթե ես էլ Ձեզ նման բոլոր թերթերին աշխատակցելու իրավունք ունենայի և ինչ կամենայի՝ գրեի՝ Ձեր ցանկությունը սիրով կկատարեի:
Ի՞նչ դժվար բան կլիներ այն ժամանակ Ձեզ նման ընկերոջ համար մի չնչին «մուկ» ծնելը…
Վերջացնելով նամակս՝ ասում եմ.
Ընկե՛ր Մահարի, մենք երկուսս էլ հասակավոր մարդիկ ենք, և մեր տարիքին չի սազի այլևս թերթերում մուկ ու կատու խաղալ:
Լավ չի՞ լինի, որ մեր արժանիքները հանձնենք պատմության դատաստանին: «Մուկ» ասաց՝ «մուկ» լինեմ, «կատու» ասաց՝ «կատու» լինեմ…
Որովհետև անունս «Լեռ» է՝ անպայման «մո՞ւկ» պիտի ծնեմ…
Ես շատ «լեռներ» էլ գիտեմ, որոնք մուկ չեն ծնում:
Ես վերջացրի:

Հարգանքներով՝ Լեռ Կամսար
05.01.1961թ., Երևան
/Նոր տպվելիք «Միայնակը» ժողովածուից