Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Խրիմյան Հայրիկ. Հատված «Սիրաք և Սամվել» գրքից

Խրիմյան Հայրիկի դիմանկարը
Նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկի
«Մկրտիչ Խրիմյանը Էջմիածնի մոտ», 1885թ.

Քո պարտքն է ճանաչել աշխարհը և մարդկանց, և ինչ որ աչքի և մտքի լույսով կտեսնես աշխարհում՝ չանցնես առանց ապշությամբ դիտելու, այլ կքննես և հետամուտ կլինես, թե ինչպես է կառավարվում աշխարհը և մարդկային ընկերությունը:

Եթե ի բնե և ի մորե կույր ծնվեիր, ես այս դասերը քեզ չէի ավանդի, որովհետև այս աշխարհը և ողջ տիեզերքն առանց աչքի լույսի տեսնելու՝ անհնար կլիներ, որ ես աշխարհի դասերը ավանդեի քեզ, անհնար կլիներ նաև, որ դու միայն մտքի լույսով կարողանայիր գաղափար կազմել իրերի գիտությաքն մասին: Սրա համար էր մի կույր աղաղակում Հիսուսին. «Տե՛ր, խնդրում եմ, որ բացես»: Դժբախտ կույրն աշխարհը և կենդանի կյանքը տեսնելու համար աչքի լույս էր խնդրում: Նա իր կուրության մեջ թշվառ էր, ոչինչ չէր տեսնում և ոչինչ չէր զգում. ո՛չ երկինքն էր տեսնում՝ լուսագունդ աստղերով, ո՛չ երկիրն էր տեսնում՝ ծառերով, ծաղիկներով, որպեսզի վայելեր և փառք տար իր ստեղծողին և օրհներ աշխարհի Արարչին:

Իսկ դու, բարեբա՛խտ որդյակ իմ, որ աչքի լույսով ես ծնվել, բյուր անգամ ծունր դի՛ր և փա՛ռք տուր քո բարերար Ստեղծողին: Շնորհապարտ եղի՛ր նաև քո ծնողին, որ աշխատում է լույս տալ և բանալ մտքիդ աչքը, որպեսզի աշխարհը դու երկու լույսով տեսնես: Կան մարդիկ, որ շրջում են աշխարհում և տեսնում են, բայց չեն տեսնում. այս մարդիկ մտավոր լույսից զուրկ են, միայն, իբրև, ստվեր, աշխարհի արտաքին երեսն են տեսնում և չգիտեն աշխարհի ներքին կյանքը, բնական և բարոյական օրենքները, ղեկավարող և շարժող ուժերը և այլն:

Ջանադիր եղի՛ր, որդյա՛կ իմ, որ մտավոր լույսդ պայծառ լինի, և որչափ պայծառանա մտքիդ լույսը, այնչափ պայծառ ու պարզ կտեսնես աշխարհը, և աշխարհի բաները, դու ստվերի նման չես անցնի աշխարհից և ստվերի նման չես տեսնի աշխարհը, այլ տիրապես կտեսնես, թե ի՞նչ է մահկանացու մարդու կոչումն աշխարհում, և ի՞նչ է նրա գործը, վախճանն ու նպատակն իր կյանքում:

Աղբյուր՝ Surbzoravor.am