Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

Լուսինե Զաքարյան. Իմ Շնորհալին

Ներսես Շնորհալու երգերից ու շարականներից մի քանիսը իմ երգացանկի անբաժանելի մասն են կազմել սկսած 1965-1966 թվականներից:
Իմ երգացանկում տեղ գտած միջնադարյան հայ երգերի ու շարականների մեջ Շնորհալու ստեղծագործությունները առանձին տեղ են գրավում, և ես առանձին սիրով ու երկյուղածությամբ եմ կատարում դրանք:
Նրա հոգեպարար երգերի մեջ երևում է մեր նախնիների ջինջ հոգու արտահայտությունը հանդիսացող տոհմիկ երաժշտության շեշտուն տարրը:

Գեղեցիկ են Շնորհալու Մեծ պահոց կիրակիների համար հորինած շարականները: Դրանցից «Որ արարէր» շարականը վերջերս կատարեցի հեղինակի 800 - ամյակին նվիրված համերգում: Շատ եմ սիրում ժղովրդական երգին զուգակշիռ նրա «Առաւոտ լուսոյ» երգը, «Հիշեսցուք ի գիշերին», որոնք, ինչպես վկայում է Կ. Գանձակեցի պատմիչը, Շնորհալին հորինել է Հռոմկլա բերդի պահապան զինվորների համար: Սքանչելի են Շնորհալու Արևագալի շարքի երգերը ՝ իրենց հորդորակներով: Բանաստեղծական խոսքի և մեղեդու ներդաշնակությունը հասնում է կատարելության: Այս շարքում մասնավորապես զգալի է հայ հեթանոս երաժշտության խոր ազդեցության առկայությունը: Շնորհալին նաև լույսի երգիչ է: Լույսով են ողողված այս շարքի երգերը, հատկապես «Լոյս արարիչ լուսոյ» երգը: Հոգեկան հրճվանք եմ զգում այս երգը երգելիս:

Իմ սրտին առանձնապես մոտ են Վարդանանց հերոսամարտին ձոնված շարքը և Ավագ Ուրբաթի շարքի երգերը, որոնց մեջ ճշմարիտ հայրենասիրությունը, անձնազոհությունը, հավատարմությունը, կենսատու հավատքը և հույսը այնքան ջերմ և անկեղծ են ներբողված, որ հեղինակի կատարյալին և կատարելության հասնելու տենչը և ձգտումը միանգամայն զգալի են և շոշափելի յուրաքանչյուր երգի, յուրաքանչյուր հնչյունի մեջ անխտիր: Շատ եմ սիրում Վեցերորդ կիրակիի շարականը՝ «Որ զխորհուրդ»-ը, որի մեղեդին Կոմիտասը գեղեցկորեն օգտագործել է իր հոգեզմայլ «Տէր ողորմեա» երգի համար:
Իսկ «Տէր ողորմեա» երգը հանդիսանալով մեր ժողովրդի դարավոր զրկանքները և անլուր տառապանքները իր մեջ խտացնող աղերսերգ, իր մեջ բովանդակում է նաև փրկության հույս և լավատեսություն ապագայի նկատմամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ