Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Աշխարհիկ ցանկությունները

Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր իրենց սիրտը չեն սանձահարում, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնի, որպեսզի հոգու հետ միասին Աստծուն տան:

- Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է:

- Ոչ, սրտի ցանկությունն, ինքն իրենով, չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսավոր չեն, սակայն իմ սիրտը գրավելով՝ նվազեցնում են Քրիստոսի հանդեպ տածած իմ սերը: Եվ այդպիսի անմեղ ցանկությունն էլ չար է դառնում, որովհետև դրա միջոցով թշնամին խանգարում է Քրիստոսի նկատմամբ ունեցած իմ սիրուն: Եթե ես ցանկանում եմ ինչ-որ օգտակար բան ունենալ, օրինակ՝ գիրք, և այդ օգտակար իրը գերում է սրտիս մի մասը, ապա այդպիսի ցանկությունը բարի չէ: Գիրքն ինչո՞ւ պետք է գերի իմ սրտի մի մասը: Ի՞նչն է ավելի լավ՝ գիրք ցանկանա՞լը, թե Քրիստոսին փափագելը: Մարդկային յուրաքանչյուր ցանկություն, որքան էլ, որ այն լավը թվա՝ ավելի ցած է Քրիստոսին կամ Սուրբ Աստվածածնին փափագելուց: Մի՞թե Աստված Իրեն լիովին ինձ չի տա, եթե ես Նրան իմ սիրտը տամ: Աստված մարդու սիրտն է փնտրում: «Տո՛ւր ինձ, որդյա՛կ, քո սիրտը» (Առակ. 23:26): Եվ եթե մարդն իր սիրտը Նրան տա, ապա Աստված մարդուն տալիս է այն, ինչ նրա սիրտն է սիրում, եթե իհարկե դա նրան վնաս չի պատճառի: Սիրտը միայն այն ժամանակ իրեն զուր չի վատնում, երբ Քրիստոսին է տրվում: Եվ մարդ միայն Քրիստոսով է աստվածային սերը ստանում այս կյանքում, իսկ հավիտենական կյանքում՝ աստվածային խնդությունը:

Մենք պետք է խուսափենք աշխարհիկ բաներից, որպեսզի դրանք մեր սիրտը չգերեն: Օգտագործենք հասարակ իրեր, այնպիսիք, որ միայն մեր կարիքներն են հոգում: Սակայն պետք է հոգ տանենք այն մասին, որպեսզի մեր կողմից օգտագործվող իրերը հուսալի լինեն: Ցանկանալով որևէ գեղեցիկ իր գործածել՝ ես ողջ սիրտս եմ այդ գեղեցկությանը տալիս: Եվ հետո Աստծո համար տեղ չի մնում սրտումս: Օրինակ՝ ինչ-որ տան կողքով անցնելիս շքեղ զարդարանք ենք տեսնում՝ մարմար, դրվագներ, հիանում ես քարերով ու սիրտդ այդ ամենի մեջ թողնում: Կամ խանութում մի գեղեցիկ ակնոցի շրջանակ ես տեսնում ու ցանկանում ես գնել: Եթե չգնես, ապա սիրտդ այդ խանութում կթողնես: Եթե գնես ու կրես, ապա սիրտդ այդ շրջանակի մեջ դրված ու դրան սոսնձված կլինի: Հատկապես կանայք են այդ խայծը հեշտությամբ կուլ տալիս: Շատ քիչ կանայք կան, որ իրենց սրտերը փուչ բաների վրա չեն ծախսում: Ուզում եմ ասել, որ սատանան նրանց հարուստ սրտերը աշխարհիկ, գունավոր, փայլփլուն բաներով է հափշտակում: Եթե կնոջն ափսե հարկավոր լինի, ապա նա կփորձի ծաղիկներով ափսե գտնել: Կարծես թե առանց ծաղիկների ափսեի մեջ նրա եփածը կթթվի: Իսկ որոշ հոգևոր կանայք լուրջ նկարներով են տարվում՝ (բյուզանդական) երկգլխանի արծիվներով և այլն: Իսկ հետո հարցնում են. «Ինչո՞ւ ենք հոգևորի հանդեպ անտարբեր»: Ախր ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան զգալ, երբ սիրտդ դարակների ու ապակեղենի միջև է բաշխվել: Դու սիրտ չունես, միայն մսի մի կտոր է՝ սրտամկանը, որ կրծքումդ տկտկում է ժամացույցի պես: Իսկ սրտի այդպիսի մեխանիկական աշխատանքը բավարար է քայլելու համար միայն: Որովհետև սրտի մի մասը մի բանի վրա է ծախսվում, մյուս մասը՝ մեկ այլ բանի և Քրիստոսի համար ոչինչ չի մնում:

- Հա՛յր, նշանակում է, որ նույնիսկ այդքան պարզ ցանկություններն էլ մեղավո՞ր են:

- Այդ ցանկությունները, որքան էլ որ անմեղ լինեն, ավելի վատն են, քան մեղավոր ցանկությունները: Որովհետև ժամանակ կգա, երբ մարդը մեղավոր ցանկությունը որպես մեղք կզգա, ժամանակի ընթացքում կսկսի խղճի խայթ զգալ ու ջանք կթափի՝ ուղղվելու համար: Նա կապաշխարի, կասի. «Մեղա Քեզ, Տեր Աստված»: Իսկ այն «բարի» ցանկություններն, ընդհակառակը, նրան չեն անհանգստացնում, մարդը կարծում է, որ ամեն բան կարգին է: «Ես,- ասում է,- սիրում եմ ամեն լավն ու գեղեցիկը: Չէ որ Աստված նույնպես ամեն ինչ գեղեցիկ ստեղծեց»: Այո, այդպես է, բայց այդպիսի մարդու սերը ոչ թե Արարչին է ուղղված, այլ՝ արարածին: Այդ պատճառով էլ լավ է, եթե մենք արմատախիլ ենք անում ամեն տեսակի ցանկությունները: Երբ մարդ որևէ ջանք է գործադրում Քրիստոսի համար, զոհաբերում է այն, ինչ սիրում է, որքան էլ որ այն լավը լինի, և անում է այն, ինչ չի սիրում, ապա Աստված նրան մեծ հանգստություն է պարգևում: Սիրտն աշխարհիկ ցանկություններ է ունենում և դրանցով է ուրախանում մինչև մաքրվելը: Սակայն մաքրվելով՝ սիրտը տխրում է աշխարհիկ ցանկություններից, զզվանք է զգում դրանց նկատմամբ: Եվ այդ ժամանակ սկսում է հոգևորով ուրախանալ: Այդկերպ, խորշելով աշխարհիկ ցանկություններից, սիրտն սկսում է մաքրվել: Իսկ երբ չի խորշում՝ տարվում է դրանցով: Բայց տես, թե ինչումն է բանը. մենք չենք ցանկանում նույնիսկ մի փոքր նեղություն պատճառել մեր ներսի հին մարդուն, բայց ուզում ենք նրա քմահաճույքները կատարել: Եվ ինչպե՞ս Քրիստոսի հետևորդները կլինենք դրանից հետո:

- Հա՛յր, եթե ես դժվարանում եմ որևէ ցանկություն հաղթահարել, ապա պետք է համառե՞մ իմ պայքարում:

- Այո: Եթե նույնիսկ սիրտդ տխրի, որ իր ուզածը չես անում, պետք չէ նրան լսել, որովհետև նրան լսելով՝ նախ աշխարհիկ ուրախություն ես ապրում, հետո՝ աշխարհիկ անհանգստություն: Իսկ եթե սրտիդ չես լսում ու նա տխրում է, որ իր ցանկությունը չես կատարում, իսկ դու ուրախանում ես, ապա աստվածային Երանությունն է գալիս: Եվ մեր խնդիրն էլ աստվածային Երանություն ստանալն է: Այսինքն աստվածային Երանությանն արժանանալու համար բոլոր ցանկությունները, նույնիսկ լավերը, պետք է արմատախիլ արվեն, պետք է քմահաճությունն արմատախիլ արվի: Այդ ժամանակ է մարդը խոնարհ դառնում: Իսկ երբ նա խոնարհ է դառնում՝ գալիս է աստվածային Երանությունը: Երբ սիրտը սառչում է աշխարհիկի նկատմամբ՝ ուրախանում է հոգևոր առումով: Պետք է սովորել, որքան հնարավոր է, խուսափել աշխարհիկ մխիթարությունից, զբաղվել ներքին հոգևոր աշխատանքով՝ աստվածային մխիթարության հասնելու համար:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am