Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Աղոթք դժվարածին կանանց համար

Ով մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոս՝ բարձրյալ եւ մեծ, անայլայլելի, անփոփոխելի եւ մշտնջենավոր. դու, որ երկնքից իջար եւ Սուրբ Հոգու միջոցով սուրբ Կույս Մարիամից ծնվեցիր եւ քո Աստվածությամբ սրբեցիր նախահոր հանցանքի հետեւանքը՝ մեղքով ապականված մեր բնությունը, որով կանացի բնությունը ցավերով եւ տրտմությամբ զավակ ծնելու անեծք ու պատիժ էր ստացել: Արդ աղաչում ենք քեզ, մարդասեր Թագավոր, դու, որ մեր ստեղծիչն ու նորոգողը եւ մեր հիվանդությունների բժիշկն ես, բժշկի՛ր քո (անունը) աղախնուն / ծառային: Քո սուրբ բնակությունից օգնի՛ր եւ զորացրո՛ւ նրան, որպեսզի իր զավակն ունենա եւ նրան՝ իբրեւ իր որովայնի պտուղ, Սուրբ Ավազանից ծնունդով ամեն արատներից մաքրելով՝ Քո սուրբ Եկեղեցուն ընծայի: Շնորհի՛ր, որ այս զույգը հանդարտությամբ եւ առանց փորձանքի հասնի ցանկալի ուրախության, եւ բոլոր հավատացյալ տները աճեն ու բազմանան քո փառքի համար, ո՛վ Տեր, որպես կատարում աստվածային քո խոսքի. «Աճեցե՛ք եւ բազմացե՛ք»: Այո՛, Տեր մեր Աստված, այս պահին լսիր քո անարժան ծառայի (եւ բոլոր այստեղ գտնվողների) խնդրանքը անարատ ծնողիդ՝ սուրբ Աստվածածնի եւ բոլոր սրբերիդ բարեխոսությամբ. որովհետեւ քեզ՝ Միածին Որդուդ, եւ անսկիզբ ու համագո քո Հոր եւ կենդանարար ու ամենասուրբ Հոգուդ են վայել փառքը, պատիվն ու երկրպագությունը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:

Մաշտոց ծիսամատյանից

 

Աղբյուր՝ ԱՂՈԹԱՐԱՆ