Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Սահակ Պարթևի. Պարգևատուն ամենեցուն

Պարգևատուն ամենեցուն
Այսօր խնդրի պարգևս ի Պիղատոսէ.
Եւ արկողն զլոյս որպէս զօթոց՝
Հաւանի պատիլ ի Յովսէփայ։
Կենդանատուն ամենեցուն
Այսօր դնի ի նոր գերեզմանի
Եւ գանձն անմահութեան
Կնքի մատանեաւ քահանայից։
Արարածոց փրկութիւն Քրիստոս
Այսօր եդաւ ի նորափոր վիմի.
զՈր օրհնեն զօրք երկնից երգով,
Պահպանի ի զինուորացն:

Կենդանին յաւիտենից Քրիստոս
Այսօր խնդրի որպէս մեռեալ ի Պիղատոսէ.
Եւ մերկութեան ծածկոյթն Ադամայ
Յանձն առնու պատիլ ի Յովսեփայ:
Անմահութեանց տուող Քրիստոս
Այսօր ի հող մահու խոնարհեցաւ.
Եւ Բնակեալն ի լոյս անմատոյց
Թաղեցաւ մարմնով ի սիրտ երկրի:
Արեգակն արդարութեան Քրիստոս
Այսօր եդաւ ի գբի ստուերականի.
Եւ փառացն Հօր Ճառագայթ
Ծածկեցաւ վիմով ի մէջ երկրի:

Կուսածին մարմնով Քրիստոս
Այսօր դնի ի կոյս գերեզմանի.
Եւ Լուծիչն երկանց դժոխոց
Մատանեաւ կնքի քահանայիցն:
Արթուն բնութեամբ Արարիչն
Ամենեցուն այսօր ննջէ ի մէջ մահացելոց.
Որ պահէն զԻսրայէլ,
Անքուն պահպանի ի զինուորացն:

V դարի հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի «Պարգևատուն ամենեցուն» շարականն է՝ Վահագն Հովենցի կատարմամբ։ Ավագ Շաբաթվա շաբաթ օրվա օրհնության շարական է։
Շարականի խոսքերում ասվում է, որ նա, ով պարգևներ էր տալիս ամենքին, այժմ, իբրև պարգև, խնդրվում է Պիղատոսից։ Նա, որ լույսն է կրում իբրև վերարկու, համաձայնում է պատվվել Հովսեփից (հավանաբար խոսքը Արիմաթացու մասին է)։ Ինչի՞ մասին է խոսքը․ երբ Հիսուս, որ կույրերին աչքի լույս էր պարգևում, կաղերին՝ բժշկություն, մեղավորներին՝ մեղքերի թողություն, մահացավ խաչի վրա, նրա մարմինը Պիղատոսից խնդրելու գնաց Հովսեփ Արիմաթացին՝ հուղարկավորելու համար։ Լույսը որպես վերարկու կրող Հիսուս այդպիսով պատվի արժանացավ Հովսեփ Արիմաթացուց։
Շարականի հաջորդ հատվածում Սահակ Պարթևը երգում է, որ բոլորին կյանք պարգևող Հիսուսն այժմ դրվել է նոր գերեզմանի մեջ, որի մուտքը կնքում են հրեա քահանաները, քանզի վախենում էին, որ Հիսուսի աշակերտները կգողանան նրա մարմինը և լուր կտարածեն, թե հարյավ ի մեռելոց։ Իսկ զինվորները պահապան են կարգվել նրան, ով երգով օրհնում էր երկնային զորքերին։
Ապա երգվում է, որ հավերժ կենդանին իբրև մեռյալ մարմին է խնդրվում Պիղատոսից։ Արդար արեգակ Քրիստոսը դրվեց խավար գուբի մեջ, և Հոր փառքի ճառագայթը երկրի վրա ծածկվեց վեմի մեջ։