Թե ինչու են գայլերը զանգից վախենում
Հեքիաթներ
Բելառուսական ժողովրդական հեքիաթ
Գավառամասի մի ոստիկանի մոտ մի աղվես էր ծառայում: Նա իր ծառայությունը լավ էր կատարում. բոլոր հարևանների հավանոցները մաքուր մաքրում էր, հավերը ճաշին իր պետին էր տանում:
Ոստիկանը, ի՜նչ խոսք, շատ էր սիրում իր հավատարիմ ծառայողին:
Մի օր նա աղվեսին ասաց.
- Քո լավ ծառայության համար ինչ ուզես` կտամ:
Աղվեսը մտածեց, մտածեց` որոշեց ոստիկանի զանգը խնդրել: Այդ զանգից վախենում էին բոլորը` մեծ, թե փոքր:
Որոշեց` ասաց.
- Տե՛ր իմ, ի՛նձ տուր քո զանգը: Ուզում եմ, որ ինձանից էլ բոլորը վախենան, ինչպես քեզանից են վախենում:
- Լա՛վ,- ասաց ոստիկանը,- զանգը կտամ, միայն թե տե՛ս, հա՛, չկորցնես և ոչ մեկին չտաս, թե չէ կաշի՜դ կքերթեմ:
- Չե՛մ կորցնի,- ասաց աղվեսը:
Զանգն առավ` գնաց աշխարհ ման գալու:
Ի՜նչ հեշտ ու հանգիստ է զանգով ապրելը. հենց զանգահարում ես` ամենքը փախչում են քեզանից. ինչքան քեֆդ ուզի` հավ բռնիր ու կեր:
Գայլը լսեց աղվեսի զանգի մասին, եկավ նրա մոտ` ասաց.
- Սանամե՛ր, զանգդ ի՛նձ տուր` գոնե մի ժամով. փորձեմ ես էլ ինձ համար ուտելիք ճարել:
Աղվեսը չէր ուզում զանգը տալ, բայց գայլը կպել` պոկ չէր գալիս:
- Լա՛վ,- ասաց աղվեսը,- կտամ, բայց տե՛ս, հա՛, քավո՛ր, թե կորցնես` ոստիկանը իմ կաշին էլ կքերթի, քոնն էլ:
- Չեմ կորցնի, մի՛ վախեցիր,- ասաց գայլը:
Ու զանգն առավ, վազեց հովիվների մոտ` ասաց.
- Է՜յ, հովիվնե՛ր, ոստիկանն ինձ հրամայել է տանել ձեր ամենալավ ոչխարը: Թե չտաք` անձամբ կգա, բոլորիդ հերը կանիծի:
Հովիվները նրան չհավատացին, շներին քսի տվեցին, մտրակով ծեծեցին, զանգն էլ խլեցին: Կծոտված ու ծեծ կերած` գայլը եկավ աղվեսի մոտ, պատմեց գլխին եկածը:
Աղվեսը լաց եղավ.
- Է՛հ, հիմա հարկավոր է փախչել, թե չէ ոստիկանը մեզ չի ների:
Այդ օրվանից գայլը հենց որ զանգի ձայն է լսում` փախչում է. կարծում է ոստիկանն իրեն է փնտրում, որ կաշին քերթի:
Աղբյուր՝ Impoqrik.am