Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթեր» (Առակներ 27:1-2)

Մալաթիա-Սեբաստիա, Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Հայոց Եղեռնից առաջ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում ապրում էր 40.000 մարդ, որից 20.000-ը հայեր էին: Եղեռնից մազապուրծ մալաթիահայերը ցրվեցին աշխարհով մեկ և ապաստան գտան աշխարհի տարբեր երկրներում: 1927թ., երբ նրանք ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, Երևանի ծայրամասերից մեկում հիմնեցին թաղամաս, որն անվանեցին Նոր Մալաթիա: Այսօր Նոր Մալաթիա թաղամասն ունի 178 հազար բնակիչ: Այնտեղ կառուցվել են բնակելի շենքեր, 10 արդյունաբերական ձեռնարկություններ, մշակույթի պալատ, դպրոցներ, շուկա: 1965թ. Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է կլինիկական հիվանդանոց: Այնտեղ կառուցվել են նաև 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգին և հարևանությամբ` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենե (Մալաթիա) քաղաքի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ` Հրաչյա Գասպարյան): Եկեղեցու կառուցման ժամանակ նախկին Մալաթիայից հող է բերվել և դրվել պատերի շաղախի մեջ: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1991թ` Արցախյան հերոսամարտում ընկած հերոսների, այդ թվում նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին: Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրոք: Նախաձեռնողներն էին Նոր Մալաթիայի թաղապետ Վահան Զատիկյանը և թաղապետարանը: Վահան Զատիկյանի սրտացավության և հետևողականության շնորհիվ ավարտվել էին եկեղեցու շինարարական աշխատանքները և հարակից շինությունների կառուցումը: Եկեղեցին գործում է 1998 թվականից:

Աղբյուր՝ Qahana.am