Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Մահէն Ներշնչում

Ո՜վ մշտակոթող, խուռն ու սեւ նոճիք՝
Որ փոսերուն վրայ կեանքին վաղագրաւ,
Բոլոր այն խանդով, զոր մահն ի ձեզ դրաւ,
Դէպի վերամբարձ Անհու՜նը կ՛աճիք։

Այս նըւաստ հովտէն՝ զեղծ ու սրտագրաւ,
Ի՜նչ հեշտ է ձեր ելքն, հրաժարումն անճիգ.
Ի՜նչ սէր Անյեղլւոյն՝ ուր կը մըխըրճիք…
Վերին լուսաղբերց համար ի՜նչ ծարաւ։

Ձեր արմատներուն ներքեւ, այնպէս չէ՞,
Կ՛նեխին ամէն իղձիք աշխարհանըւէր,
Եւ դո՛ւք միայն գիտէք վախճանն այս թշուառ.

Եւ ան է անշուշտ՝ որ ձեզ կ՛ներշնչէ
Սեւեռիլ Անդրին բերկրութիւնն ի վեր,
Որ միայն ձեր կայքէն կը նշմարուի, վառ։

8 յունիս 1906

Ինտրա (Տիրան Չրաքեան)