Այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննեսի 13:34-35)

Սկյուռիկի ծննդյան օրը

Տիգրանն արդեն հինգ տարեկան էր դառնում: Վաղը չէ, մյուս օրը չէ, էն մյուս օրը չէ, է՜ն մյուս օրը նրա ծննդյան օրն էր: Ամեն առավոտ Տիգրանն արթնանում էր ու հարցնում մայրիկին, թե քանի օր է մնացել իր ծնունդին: Երբ այսօր առավոտ էլ հարցրեց ու իմացավ, որ ավելի քիչ է մնացել, քան երեկ, շատ ուրախացավ: Նա խնդրեց մայրիկին, որ թույլ տա իրեն գնալ բակ ու խաղալ երեխաների հետ: Մայրիկը համաձայնվեց:

Երբ Տիգրանիկը նոր էր դուրս եկել տանից, հանկարծ իրենց հարևան Ազատ պապիկենց տան պարսպի վրա մի փոքրիկ

Սսկյուռիկ տեսավ, իսկական փոքրիկ, շատ փոքրիկ սկյուռիկ: Տիգրանիկը շատ ուրախացավ ու սկսեց կամաց-կամաց սկյուռիկին մոտենալ: Բայց սկյուռիկը վախեցավ ու սկսեց փախչել: Այդ ժամանակ Տիգրանիկը խնդրեց սկյուռիկին.

- Չէ՛, չէ՛, սկյուռի՛կ ջան, մի՛ վախեցիր, ճիշտ եմ ասում, ես ոչ մի վատ բան չեմ ուզում անել քեզ, ես ուղղակի ուզում եմ խաղալ հետդ:

Տիգրանիկը հիշեց իր իմացած միակ ոտանավորն ու որոշեց արտասանել այն սկյուռիկին համոզելու համար: Ճիշտ է, ոտանավորը ծիտիկի մասին էր, բայց Տիգրանիկը մտածեց, որ այնքան էլ տարբերություն չկա.

- Ծիտիկ, ծիտիկ, մոտ արի…

Եվ, այ քեզ զարմանք, սկյուռիկն իսկապես կանգնեց ու սկսեց ուշադիր նայել Տիգրանիկին: Տղան ինքն էլ զարմացավ իր արածից: Մի՞թե սկյուռիկները մարդերեն հասկանում են: Այդ դեպքում ինչու՞ ինքը սկյուռիկերեն չգիտի… Բայց այդ մասին մտածելու պահը չէր: Սկյուռիկը նրան էր հառել իր փայլուն աչքերը: Պետք էր մի բան անել: Բայց առաջինը խոսել սկսեց սկյուռիկը.

- Դու ոտանավոր արտասանե՞լ գիտես…

- Ը… հա, իսկ… ինչու՞ ես հարցնում,- զարմացավ Տիգրանը:

- Քեզ մանրամասն բացատրելու ժամանակ չունեմ: Եթե ուզում ես, որ ընկերանանք, խնդրում եմ օգնել ինձ: Եթե ինձ հետ գաս, ճանապարհին ամեն ինչ կպատմեմ:

Տիգրանն առանց մի վայրկյան մտածելու վազեց սկյուռիկի մոտ, և նրանք երկուսով գնացին դեպի Տիգրանենց այգին:

- Մի՞թե դու մեր այգում ես ապրում, - հարցրեց Տիգրանը: - Այդ ինչպե՞ս է պատահել, որ առաջ երբեք քեզ չեմ տեսել:

- Ուղղակի ես առաջ վախենում էի քեզնից: Այսօր էլ էի վախենում, բայց ուրիշ ճար չունեի, ստիպված էի մոռանալ, որ վախենում եմ:

- Իսկ ինչու՞, - ավելի զարմացավ տղան:

- Որովհետև դու ոտանավոր արտասանեցիր: Հասկանու՞մ ես` այսօր իմ ծննդյան օրն է, ես ուղիղ հինգ ամսական եմ դառնում:

- Ի՜նչ լավ է, ես էլ շուտով հինգ տարեկան եմ դառնում, - ուրախացավ Տիգրանը, - ես շնորհավորում եմ ծնունդդ ու քեզ շատ-շատ կաղին եմ ցանկանում: Գիտեմ, որ դուք` սկյուռներդ, կաղին շատ եք սիրում:

- Շատ շնորհակալ եմ, ախր կաղին իսկապես էլ շատ եմ սիրում… Հենց դրա համար էլ խնդրում եմ, որ օգնես ինձ: Մեզ մոտ` Սկյուռաստանում, մի այսպիսի ավանդույթ կա. երբ ինչ-որ մի փոքրիկ սկյուռիկի ծննդյան օրն է լինում, նա պետք է ոտանավորներ արտասանի: Որքան շատ ոտանավոր իմանա, այնքան շատ նվերներ կստանա: Իսկ առանց դրա ես ոչ մի նվեր չեմ ստանա…

Վերջին բառերն արտասանելիս սկյուռիկը շատ տխրեց: Իսկ մինչ այդ նրանք հասել էին մի մեծ ծառի: Պարզվեց, որ սկյուռիկը հենց այդտեղ էր ապրում: Տիգրանն ու սկյուռիկը նստեցին ծառի տակ: Տիգրանիկն սկսեց նրան սովորեցնել «Ծիտիկ-ծիտիկը»: Տղան արտասանում էր տող առ տող, իսկ սկյուռիկը կրկնում էր: Մոտ կես ժամում նա վերջապես կարողացավ սովորել ոտանավորը:

- Էհ, - հոգոց հանեց սկյուռիկը, - շուտով հյուրերը կգան, իսկ ես ընդամենը մի ոտանավոր եմ սովորել, այն էլ մարդերեն: Դե, ոչինչ, ոչինչ, չիմանալուց լավ է, բայց գոնե սկյուռերեն էլ մի բան իմանայի…

- Իսկ ինչու՞ չես խնդրում մայրիկիդ, որ սովորեցնի քեզ, - հարցրեց Տիգրանիկը:

- Ուղղակի ես շատ ծույլիկ սկյուռիկ եմ…

- Այդ դեպքում ինչպե՞ս այսքան ժամանակ նստեցիր իմ կողքին ու մարդերեն ոտանավոր սովորեցիր: Ախր դա երևի քեզ համար ավելի դժվար է, քան սկյուռերենը…

- Դե հա, դու ճիշտ ես, ուղղակի քեզ հետ հետաքրիքիր էր: Ես առաջ երբեք տղայի հետ չէի խոսել:

- Այդ դեպքում մի բան եմ առաջարկում քեզ,- իր գյուտից ուրախացավ Տիգրանիկը: - Բե՛ր քո Այբբենարանը, և մենք միասին կսկսենք սկյուռերեն ոտանավորներ սովորել: Հա՛մ չենք ձանձրանա, հա՛մ էլ մի բան կսովորենք:

Սկյուռիկին շատ դուր եկավ Տիգրանի միտքը: Նա մագլցեց ծառն ի վեր, մտավ փչակը, ապա շուտ վերադարձավ` Այբբենարանը ձեռքին:

- Մայրիկս ու մորաքույրս արդեն գրեթե թխել-վերջացրել են կաղինով տորթը: Ա՜յ թե համեղ կլինի… Բայց մենք կարճ ժամանակ ունենք, մայրիկս ասաց, որ մի ժամից հյուրերն արդեն մեր տանը կլինեն:

Տիգրանիկի համար շատ դժվար էր սկյուռերեն ոտանավոր սովորելը, ուղղակի շատ-շատ դժվար: Բայց նա վերջապես սովորեց: Իսկ սկյուռիկին հաջողվեց մի ժամում երեք սկյուռերեն ոտանավոր անգիր անել: Հիմա նա կարող էր նվերներ ստանալ, ու աչքերը փայլում էին:

- Տիգրանի՛կ, ափսոս, որ դու չես տեղավորվի մեր փչակում, թե չէ քեզ անպայման մեր տուն կհրավիրեի: Բայց ես հասկացա ինչ անել: Ամեն օր դասերից հետո դու կգաս այս ծառի տակ, ու ես քեզ համար կբերեմ ծառի ամենաբարձր ճյուղերի կաղինները:

Նրանք այդպես էլ պայմանավորվեցին ու հրաժեշտ տվեցին իրար:

Սկյուռիկի ծննդյան տոնը շատ ուրախ անցավ: Բոլորը զարմացան նրա արտասանած ոտանավորների վրա: Հատկապես տարօրինակ ու անհնար թվաց, երբ սկյուռիկը մարդերեն արտասանեց «Ծիտիկ-ծիտիկը»: Դրա համար նրան երկար ծափահարեցին և շատ համեղ ու սիրուն նվերներ տվեցին:

Իսկ Տիգրանիկն այդ օրվանից սկսեց շատ ոտանավորներ սովորել, որովհետև նրա ծննդյան օրն ամեն օր ավելի էր մոտենում: Հետո էլ պիտի Նոր տարին գար, իսկ Ձմեռ պապիկից նվերներ ստանալու համար պետք է ոտանավորներ արտասանել:

Ա՜յ թե կզարմանա Ձմեռ պապիկը, երբ Տիգրանիկը սկյուռերեն ոտանավոր արտասանի: Մարդիկ բան չեն հասկանա, բայց Ձմեռ պապը հո կհասկանա…

Աղբյուր՝ Impoqrik.am