Երկու սկյուռ
Հեքիաթներ
Ուկրաինական ժողովրդական հեքիաթ
Խիտ անտառում կողք-կողքի երկու սկյուռ են ապրելիս լինում, երկուսն էլ փափկամազիկ, երկուսն էլ լավիկ ու ժիր, բայց արի ու տես, որ բոլորովին տարբեր բնավորություն են ունենում: Սկյուռներից մեկը օրնիբուն աշխատում է, կաղին, ընկույզ և սունկ է հավաքում, բերում իր փչակը, ձմռան պաշար պատրաստում: Մյուսն իր համար անհոգ ապրում է, առավոտից իրիկուն արածն այն է լինում, որ ծառից ծառ է ոստոստում, թռչնակներին իրենց բներում վախեցնում կամ էլ անգործ նստում է մի ճյուղի և անտառով մեկ սուլում: Ուտել է ուզում` հոգ չէ, ամառ է,- անտառը լիքը բարիք. կաղին, ընկույզ, ելունդ, արմտիք, մի քիչ սրանից, մի քիչ նրանից, և կշտանում է, հետո նորից ուրախ, անհոգ ոստոստում: Այդպես է նա անցկացնում ողջ ամառը:
Մյուս սկյուռը, որը աշխատասեր է լինում, խելացի, ամռան ընթացքում իր փչակը լցնում է ամեն տեսակի բարիքներով, որ ձմռանը քաղցաց չմնա: Փչակի հատակը ծածկում է մամուռով, փետուրով ու չոր տերևներով, որ տաք լինի ու փափուկ: Սրա փչակը նույնիսկ

դռնակ է ունենում: Ինչ խոսք, լավ տանտիրուհի է լինում այդ սկյուռը:
Մի սկյուռի համար ամառն անցնում է աշխատանքի ու հոգսերի մեջ, մյուսի համար ամառը միայն խաղուպար է:
Անցնում է ամառը, անցնում է նաև անձրևոտ աշունը և վրա է հասնում ցուրտ ձմեռը: Անտառը դատարկվում է ու տխրում: Այլևս ոչ կանաչ տերև է լինում, ոչ սունկ, ոչ ընկույզ: Միայն սառնամանիքն է ճքճքում, քամին է վայում, ձյունն է ավլում:
Աշխատասեր սկյուռն իր տաքուկ փչակում նստած չգիտեր ինչ է ցուրտը, ինչ է սովը, ողջ ամառ աշխատել է, որ ձմռանը հանգիստ վայելի իր աշխատանքի պտուղները:
Բայց այ, ծույլ ու թեթևամիտ սկյուռի բանը բուրդ է: Նրա փչակը ոչ դուռ ուներ, ոչ պատուհան, ամռանը փափուկ մամուռ ու չոր խոտ չէր հավաքել, որ հիմա ծածկվեր, տաքանար: Ամառն անտառը լիքը ուտելիք` իսկ նա հիմա մի ընկույզ էլ չուներ, որ քաղցը հագեցներ: Միայն սառը քամին էր պար բռնել նրա փչակում: Ցրտից, քաղցից թուլացած ծույլ սկյուռը գունդուկծիկ կուչ է գալիս մի անկյունում և նվվում: Հետո փչակից դուրս է գալիս, որ անտառում ուտելու բան գտնի: Բայց իզուր, շուրջն ամեն ինչ սառած, թաղված է լինում ձյան տակ:
Ի՞նչ անի սկյուռը, չգիտի, այսպես կորչի-գնա՞... Մեկ էլ նա հիշում է իր ժրաջան, հոգսաշատ հարևանուհուն, իրեն-իրեն միտք է անում.«Արի գնամ, ուտելու մի բան խնդրեմ: Գուցե օգնի, ինչ կա որ, այնքան պաշար է հավաքել, փչակը լցրել: Իսկ ամռանը ես պարտքս կվերադարձնեմ»:
Եվ ծույլ սկյուռը անհամարձակ ծեծում է հարևանուհու փչակի դուռը:
- Ո՞վ է,- լսում է ներսից:
- Ես եմ` հարևանուհիդ:
- Ներս համեցիր, - կանչում է սկյուռը և փչակի դռնակը բացում է:
Բացում է, տեսնում թշվառ տեսքով, քաղցից, ցրտից կիսամեռ հարևանուհուն և ամեն բան հասկանում է:
- Համեցիր, նստիր,- ասում է նա, - հենց ճաշի ժամ է, լավ ես արել, որ եկել ես: Նստիր մամուռի վրա, մի քիչ տաքացիր, ես ընկույզ, կաղին կբերեմ... Առ, կեր, անուշ լինի: Ես մենակ եմ ապրում, տխուր է, արի երկուսով ապրենք, հը՞, ուրախ կլինի:
Սկյուռն ամոթից կմկմում է.
- Ախր... ես արժանի չեմ քո... բարությանը: Ողջ ամառ ման էի գալիս...
- Ոչինչ, - ասում է աշխատասեր սկյուռը,- այս ամառ դու ինձ պես կաշխատես, ձմռան հոգսը կքաշես: Փորձանքի մեջ ընկար, հիմա կիմանաս, որ առանց աշխատանքի բարիք չի լինում: Միասին կապրենք ու կաշխատենք:
Ծույլ սկյուռը ուրախությունից լիզում է իր ընկերուհուն:
Այդ օրվանից երկու սկյուռ միասին են ապրում: Թշվառությունն ու կարիքը ծույլ սկյուռին աշխատել են սովորեցնում: Ամռանը նա արդեն փոխվում է, դառնում է իր ընկերուհու նման աշխատասեր, այլևս ճյուղից ճյուղ չի ոստոստում, այլ ձմռան հոգսն է քաշում, պաշար պատրաստում, որ երկուսով հանգիստ ու ապահով ապրեն տաքուկ փչակում:
Աղբյուր՝ Impoqrik.am