Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Պաղտասար Դպիրի. «Ի ննջմանեդ արքայական»

Ի ննջմանէդ արքայական
Զարթիր, նազելի իմ, զարթիր,
Էհաս նշոյլն արեգական,
Զարթիր, նազելի իմ, զարթիր:
Պատկեր սիրուն, տիպ բոլորակ,
Լըրացելոյ լուսնոյն քատակ,
Ոչ գըտանի քեզ օրինակ,
Զարթիր, նազելի իմ, զարթիր:

Պաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղն է՝ Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ: Թավջութակով նվագակցում է Անի Ազնավուրյանը:

Տաղերը խորը անցյալի հայ բանաստեղծական-երաժշտական ժառանգության ամենավառ նմուշներից են, որոնց բանաստեղծության ու երաժշտության ակունքներն ընկած են հին-հին ժամանակների ժողովրդական ստեղծագործության մեջ: 10-րդ դարից սկսած դրանք զարգացում են ապրել իբրև պրոֆեսիոնալ արվեստի գործեր: Պրոֆեսիոնալ արվեստի մեջ տաղերի ժանրի հայտնվելը կապված է այդ ժամանակաշրջանում հայ մշակույթի բոլոր բնագավառներում տեղ գտած աշխարհիկ մտածողության զարթոնքի հետ: Միջնադարյան բանաստեղծական այդ ժանրի հատկանիշների ձևավորման գործում մեծ դեր է ունեցել Գրիգոր Նարեկացին, իսկ տաղերգությունը գոյատևել է մինչև ուշ միջնադար:

Երաժշտական առումով տաղերն իրենցից ներկայացնում են խոշոր վոկալ մոնոդիկ պիեսներ, բազմազան թեմաներով ու զանազան բնույթի՝ քնարական, հայեցողական, վիպական, դրամատիկական տարրերով հագեցված:
Տաղերը լինում են հոգևոր և աշխարհիկ: Աշխարհիկ տաղերով արտացոլված են միջնադարյան քաղաքաբնակ հայի կենցաղն ու հոգեկան տառապանքները: Սրանց մեղեդիները ձևով ու բովանդակությամբ համեմատաբար պարզ են:
Շատ օտար ուսումնասիրողներ հայկական տաղերի մեղեդիները, նրանց կատարելության, գեղեցկության և նրանցում արտահայտվող տրամադրության խորության պատճառով, հաճախ համեմատում են Բախի և Հենդելի վոկալ կամ գործիքային արիաների հետ: Տաղերից շատերը ժամանակին ձայնագրվել են խազագրերով: Սակայն, երբ վերջին հարյուրամյակների ընթացքում, երբ կորսվել է խազերը կարդալու բանալին, դրանք սերնդեսերունդ փոխանցվել են բերանացի: Ցավոք, շատ տաղերի մեղեդիներ էլ մեզ չեն հասել, և այսօր մեզ հայտնի են դրանց միայն բանաստեղծական բովանդակությունը:

«Ի ննջմանեդ արքայական» տաղի մեջ Պաղտասար Դպիրը միացրել է նոր աշուղական և հին եկեղեցական, դասական երաժշտության գծերը: Սա սիրո երգ չէ, ինչպես սխալմամբ կարծել են ոմանք: Այն Պաղտասար Դպիրի ամենանշանավոր տաղերից մեկն է, որի մեջ նա ցավով անդրադառնում է աստանդական հայի դառն վիճակին և իբրև ելք, միջոց՝ ազգի հավաքականության ու միաբանության պատգամն է հղում: Թուրքական բռնատիրության պայմաններում Պաղտասար Դպիրը ողբում է Հայոց պետականության կորուստը, աղերսում է արթնանալ արքայական քնից, ազատագրվել օտարի լծից, այլաբանորեն թախծագին սիրով հայրենիքին դիմելով իբրև նազելի սիրուհու: Իսկ արքաները քնից արթնանալով, կատարում են արքայավայել գործեր, ինչի ակնկալիքն ունի բանաստեղծը իր ու մեր հայրենիքից: Ինչպես տեսնում եք, 18-րդ դարում ապրած Պաղտասար Դպիրին և մեր՝ ժամանակակից հայերիս հուզում են նույն ցավը, նույն ձգտումները: Մենք այսօր ունենք Պաղտասար Դպիրի ու նրա ժամանակակից հայերի երազած պետականությունը, բայց դեռ շատ հեռու ենք նրանց ու մեր երազած արթնացումից: Այդ արթնացման համար պետք է թողնել անձնական շահը և հետապնդել անանձնական, այսինքն համընդհանուր շահը, մեր պետության շահը: Ու այսպես պետք է անեն իշխանավորից մինչև աշխատավորը, սա է Պաղտասար Դպիրի՝ միաբանվելու, համախմբվելու պատգամը:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան