Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Իմաստուն պատասխաններ

Ռուսական ժողովրդական հեքիաթ

Մի զինվոր քսանհինգ տարի ծառայեց թագավորական զորքում, բայց թագավորի երեսը չտեսավ: Ծառայությունից վերադարձավ տուն, ու որ թագավորից հարցնում էին, չէր իմանում ինչ ասի: Դե ծանոթ-բաերկամներն էլ սկսեցին նախատել:

- Բա էսպես բան քսանհինգ տարի ծառայես ու թագավորի երեսը չտեսնե՞ս:

Զինվորը ամոթից վեր կացավ ու ճամփա ընկավ թագավորի մոտ: Եկավ պալատ, թագավորը հարցրեց:

- Ի՞նչ կա զինվոր:

- Էսպես, էսպես, ձերդ պայծառափայլություն, քսանհինգ տարի աստծո ու քո առաջ բարով խերով ծառայել եմ ,բայց դե երեսդ չեմ տեսել, հիմա եկել եմ տեսնեմ:

- Դե տես:

Զինվորը երեք անգամ թագավորի չորս կողմը պտտվեց ու լավ մտիկ տվեց:

Թագավորը թե`

- Հը՞, լա՞վն եմ , թե՞ չէ:

- Լավն ես, - ասաց զինվորը:

- Դե հիմա ասա` երկինքը երկրից շա՞տ է բարձր:

- Էնքան բարձր է, որ էնտեղ գոռում են, էստեղ լսվում է:

- Բա երկրի լենքն ինչքա՞ն է:

- Էնքան, որ էնտեղ արևը դուրս է գալիս, էնտեղ մայր է մտնում:

- Բա երկրի խո՞րքը:

- Ես մի պապ ունեի, սրանից մի իննսուն տարի առաջ մեռավ, հողը դրինք, էն օրվանից մինչև հիմի տուն չի հասել` վայ թե խորն է:

Հետո թագավորը զինվորին զնդանը գցեց ու ասավ:

- Քեզ տեսնեմ, զինվոր, մոտդ երեսուն ղազ կղրկեմ, մի-մի փետուր կպոկես:

Թագավորը կանչեց երեսուն հարուստ վաճառական ու զինվորին տված հանելուկները սրանց առաջարկեց: Սրանք մտածեցին, մտածեցին, ու որ պատասխան չտվին, թագավորը հրամայեց նրանց էլ զնդան տանել : Զինվորը հարցրեց, թե.

- Ձեզ ինչո՞ւ են էստեղ բերել, վաճառական-տղերք:

- Բա գիտես` թագավորը մեզ հարցեր տվեց. թե` հեռու է երկինքը երկրից, ինչքան է երկրի լենքը, ինչքան է խորքը: Դե մենք էլ խեղճ-անգրագետ մարդիկ, պատասխանը չգտանք:

- Եկեք ամենքդ հազար ռուբլի տվեք, պատասխանն ասեմ:

- Արի, ախպեր, մենակ թե ճիշտն ասես:

Զինվորը փողն առավ ու խրատ տվեց, թե թագավորի հանելուկները ոնց են լուծելու:

Մի երկու օր հետո թագավորը զինվորին ու վաճառականներին կանչեց, էլի էն նույն հանելուկները տվեց: Վաճառականները շուտ-շուտ պատասխանը տվին ու գնացին իրենց տները:

- Հը՞, զինվոր,մի-մի փետուր պոկեցի՞ր:

- Հա, տեր-թագավոր, էն էլ`ոսկի:

- Տունդ շա՞տ է հեռու:

- Էստեղից չի երևում, հեռու կլինի:

- Դե առ քեզ հարյուր ռուբլի` աստված քեզ հետ:

Զինվորը ետ դառավ տուն ու ուզածի պես հարուստ կյանք քաշեց:

Աղբյուր՝ Impoqrik.am