Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հակոբ Անանիկյան . Ամենակոլորիտային քաղաքի նկարիչը

Գեղարվեստական ինքնատիպ տաղանդ ունեցող նկարիչներից է Հակոբ Անանիկյանը(1919-1977): Նա իր նկարչական տաղանդը բացահայտել է 1966 թվականից հետո, երբ թողնելով իր ծննդավայրը` Լենինականը, բնակություն է հաստատում Երևանում: Սակայն իր ստեղծագործություններում նա հավատարիմ է մնացել հարազատ քաղաքին` անվերջ վերհիշելով հին Գյումրու` Ալեքպոլ-Ալեքսանդրապոլի անցյալում մնացած, անցած-գնացած դեպքերն ու դեմքերը, կյանքն ու կենցաղը, անկրկնելի ոգին ու շունչը, բնիկ գյումրեցիների կերպարներն ու կոլորիտային տիպաժները: Անանիկյանի կտավները երկար աշխատված, պլաստիկորեն լավ մշակված ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խիտ քսվածքով, գունային թանձր շերտավորումով, զուսպ, մթին` հողագույն, կարմիր ու շագանակագույն, արծաթափայլ, գորշ և սև տոներն ու «թանգարանային» խավար ֆոները նկարիչը հաճախ աշխուժացնում է ավելի պայծառ, վառ ու լուսեղեն, կարծես առկայծող գունաբծերով: Տիրապետող մուգ տոնայնությունը ոչ թե դրամատիկ, մռայլ, այլ հանգստաբեր, ջերմ, կամերային հնչերանգ ունի [1, էջ 143-144]:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Անանիկյանի արվեստում գերիշխել է բնազդականը: Այս ենթադրությունը բխում է արտաքուստ տարերային, ազատ, նույնիսկ, որքան էլ պարադոքսալ հնչի, որոշ իմաստով վիրտուոզ ու ժամանակակից նկարչաեղանակից: Սակայն մինչև յուղաներկին անցնելը նկարիչը շատ երկար ճշտել է կամպոզիցիան, հստակել գծանկարը, ապա միայն սկսել նկարել` եռանդուն, ներշնչված, հետևելով ոչ այնքան գծանկարի ճշտգրտությունը, որքան ֆակտուրային, ճշմարիտ գեղանկարչությանը, որը մենք երբեմն մոռացության ենք տալիս:

Գեղանկարչական ֆակտուրան Անանիկյանի կտավներում չի վերածվել պարապ հրապուրանքի ու մանր նրբերանգման, այլ ձեռք է բերել հավասար լարվածություն: Երբեմն նկարիչը դիմել է էֆեկտների, բայց դրանք երբեք ինքնանպատակ չեն, բացահայտվել են նկարելու ընթացքում և հմայում են մի առանձին անկեղծությամբ` հնչեցնելով մուգ ֆոնի վրա շողացող գունաբծերի պայծառությունը:

Միջին չափերի, հաճախ փոքրադիր, ստվարաթղթի, կամ կտավի վրա յուղաներկով կատարված աշխատանքների հերոսները, դրանցում գործող, կամ դիտողին պարզապես ներկայացող պերսոնաժները ոչնչով առանձնապես աչքի չընկնող, իրենց առօրյա գործերով զբաղված աշխատավոր մարդիկ են` քաղաքի արհեստավորական կամ մանրածախ-առևտրական խավերը կազմող վաճառողներ ու հացթուխներ, կոշկակարներ ու պայտագործեր, երկաթուղային դեպոյի աշխատողներ ու շինարարական բանվորներ, քաղաքի նեղլիկ փողոցներով ֆայտոն քշող կառապաններ, ժողովրդական բանահյուսության, քաղաքային սրամիտ ֆոլկլորի, անեկդոտների հանրածանոթ հերոսներ և այլն:

Անանիկյանի ստեղծագործությունները բարեկամական ջերմացնող, անչար հումորով թաթախված, երբեմն զավեշտային տպավորություն թողնող իրավիճակներ և իրադրություններ, հնուց ավանդված, սովորույթ դարձած, ծեսի վերածված արարողություններ` ընկերական կամ ընտանեկան քեֆ, խնջույք, հավաք պատկերող, մի քանի դիպուկ շտրիխներով բնութագրված ժանրային տեսարաններ են: Այս թեմատիկայի լավագույն գործերից է «Պոլոզ Մուկուչը», որ պատկերված է գույմրվա սև տարազով, հանդիսավոր դիրքով նստած աթոռին, գինու բաժակը ձեռքին, շուրջը գինու տակառներ: Թվում է` հերոսը շուտով շունչ է առնելու, ու սկսի իր կենացներն ուսրամտությունները, Գյումրվա համ ու հոտով ու հումորով:

Առավել մտախոհ կերպար է «Հացթուխ Սիմոնը»: Այստեղ կոլորիտը լուծված է ցորենագույնի, դեղինի, ու շագանակագույնի երանգներով, ինչը ընդգծում է թոնրատան գաղափարը, հացթուխի մասնագիտությունը: Դիտողն ակամայից զգում է թոնրի տաք հացի հոտը: Լավ ընդգծված են հացթուխի ձեռքերը, ով մտազբաղ նստած է իր թոնրատանը, կարծես հանգստանալու: Ինչպես և Անանիկյանի մյուս գործերում, կերպարը Գյումրվա տարազով է, ինչը ավելի է ուժեղացնում ազգային շեշտադրումը:

Գյումրվա կանանց ազգային տարազի պատկերման օրինակներից հետաքրքիր են «Հարսը», «Կաթ բերողը» ստեղծագործությունները: Վերջինում նաև հետաքրքիր ճարտարապետական ֆոն կա, Գյումրվա տուն` փայտյա պատշգամբով: Գյումրին Անանիկյանը ներկայացնում է մուգ, դրամատիկ գունապատկերով, որը, սակայն, մռայլ հոռետեսական չէ:

Իր գործերում նկարիչը ձգտում է ոչ միայն ազգագրական մանրամասների ճշտգրտության, այլև չքնաղ քաղաքի մթնոլորտի հաղորդմանը՝ ոչ սովորական սև-արծաթավուն գունապատկերի օգնությամբ:

Կտավների գունային մթնոլորտի խստությունը, խտացումը նույնպես բխում է զգացողություններից, հուշերից. թրծված քարերի վրա հանգչող, տակը խարույկի մրից սևացախ խարույկի կաթսա, սև ֆայտոններ, պատկառելի գյումրեցիների սև զգեստներ, գոտևորված մթնած, թույլ առկայծող արծաթով և, վերջապես, հոյակապ տներ` կառուցված սև տուֆից ու զարդարված հարուստ քանդականախշերով: Այսպիսին է ներկայացնում մեզ Գյումրին Հակոբ Անանիկյանը: Այսպիսին ենք տեսնում նրա հայրենի քաղաքը բազմաթիվ կտավներում և չենք կարող չընդունել, չսիրել անկեղծորեն այդ սրտամոտ արձակ բանաստեղծությոնները` համեմված հուշերի աշխարհին այնքան բնորոշ հումորի ու թախծի երանգներով: Անանիկյանի արվեստում արժեքավորն այն է, որ նա չի հիմնվում այլ նկարիչների ստեղծածի վերաբերյալ իր ունեցած գիտելիքների վրա: Արվեստագետն իր կտավներում անդրադարձրել է այն, ինչը զգացել և իմացել է անձամբ, այն, ինչը կապված է հարազատ ժողովրդի ոչ հեռավոր անցյալի հետ [2, էջ 6-5]:

Գրականություն

1.Աղասյան Ա., Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում. Ե., 2009

2.Իգիթյան Հ., Հակոբ Անանիկյան, կատալոգ. Ե., 1978

3.Իգիթյան Հ., Հովնաթանյանից Մինաս. Ե., 2011

Աղբյուր՝ Arvestagir.am