Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ

Ահա՜ կ՚անցնի ցայգս անքուն,
մութին ծածքը կը մաշի.
ու կը կայթե կույսն այգուն
իր քողքին մեջ մըշուշի:

Անցան սայլերն ալ դանդաղ,
ու մըշակներն երգեցիկ,
ու բանվորներն ու հոտաղ`
ճամփաներեն բալաձիգ:

Ճառագայթներ խուսափուկ
լիճերուն մեջ կը խաղան,
և հանկարծ թույր մը դեղձան
կը ներկե ջուրը փափուկ:

Ու բոցեղեն լեզվակներ
կը ծըծեն մեգն համորեն,
արևին կյա՜նքն հըրեղեն,
արևին փա՜ռքն անըստվեր…։

Հոգիես ներս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե:

Լիճը բոսոր հարսնուկի,
ցորենի ծովը կանանչ,
կը հծծին տաղն անճանաչ
մըտերմասաց շըշուկի:

Ու մարմանդները ճանճկեն,
ու սարերը կապտորակ
եղկ հծծյունով մը կ՚երգեն
լույսին ոսկի պատարագ:

Տունկեր ռեհան ծաթրինի
կը ծըխեն խունկ մը վայրի,
որ կ՚ամպանա ու կ՚այրի
բուրվառին մեջ արփենի:

Հոգիես նե՜րս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե…։