«Արևիկը, Լուսիկն ու Աստղիկը»
Հեքիաթներ
Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը քույրիկներ են: Նրանք երբ շատ փոքրիկ էին, ուրիշ անուններ ունեին: Ես մոռացել եմ այդ անունները: Իսկ թե ինչո՞ւ փոխվեցին նրանց անունները, հիմա կիմանաք: Մի անգամ քույրիկները գնացին անտառ՝ մորի հավաքելու: Թփերի տակից կարմիր ու համեղ մորի էին քաղում նրանք, շարում երկար ճղերի մեջ, մեկ էլ ամպերը կուտակվեցին, երկինքը որոտաց:
Քույրիկները վախեցած երգեցին.
Մենք քաղում ենք մորի,
Զամբյուղները լցնում,
Անձրև՛, անձրև՛, շուտ կորի,
Ինչո՞ւ ես մեզ վախեցնում:
Այդ պահին թփերի տակից դուրս եկավ մի նապաստակ ու ասաց.
- Աղջիկներ, մի վախեցեք,
Ծառերի տակ մնացեք,
Հենց որ կտրի անձրևը,
Դուրս կգա ջերմ արևը:
Քույրիկները սրտապնդվեցին, մտան մի լայնատերև ծառի տակ: Սակայն անձրևը վարար էր ու նրանց լավ թրջեց:
- Հիմա ո՞ւր գնանք այսպես թրջված շորերով:
Նապաստակը նորից քաջալերեց նրանց.
- Ճիշտ է, թրջվել եք դուք շատ,
Բայց կհանեմ ձեզ բացատ.
Կչորանաք բացատում՝
Ճամփա կընկնեք դեպի տուն:
Նապաստակը թռչկոտելով նրանց առաջնորդեց մինչև բացատ: Այնտեղ տաք էր, արևոտ: Արևն անմիջապես չորացրեց նրանց շորերը: Իսկ քույրիկներն այնքան սիրեցին արևին, որ իբրև երախտագիտության նշան՝ ավագ քրոջը անվանեցին Արևիկ: Նապաստակին էլ դուր եկավ այդ անունը ու բաժանվելիս երգով ասաց.
Շնորհավոր թող լինի
Քո անունը՝ Արևիկ,
Դե գնացի ես անտառ՝
Ուտեմ կեղև, տերևիկ:
Քույրերը բացատում մի քիչ էլ դես ու դեն ընկան, մորի հավաքեցին, մինչև որ տեսան մութն ընկել է: Դուրս եկան բացատից, բայց խիտ ծառերի մեջ գյուղ տանող ճանապարհը կորցրին:
- Հիմա ո՞ւր գնանք,-ասացին կամաց:
Մեկ էլ նրանցից մեկը բարձրաձայն կանչեց.
- Հե՛յ, ո՞վ կա այստեղ, օգնեցե՛ք, ճանապարհը կորցրել ենք:
Ես ծաղկապոչ Աղվեսն եմ,
Անտառը իմ պարտեզն է,
Գիտեմ ամեն արահետ,
Բլուր, կածան, ձոր ու գետ,
Ձեզ անտառից կհանեմ,
Գյուղի ճամփա կտանեմ,
Լուսի՛ն, լուսի՛ն, դուրս արի,
Որ մենք դուրս գանք անտառից:
Երկնքում երևաց լուսինը և լուսավորեց անտառը: Աղվեսը սպիտակ պոչը քարշ տալով ընկավ առաջ:
Աղվեսը տարավ, տարավ հանեց մի լայն ճանապարհ, դա հենց գյուղ տանող ճանապարհն էր: Քույրիկներն ուրախացան ու միջնեկ քրոջ անունը դրեցին Լուսիկ: Աղվեսն էլ բաժանեց նրանց ուրախությունը:
Շնորհավոր թող լինի
Քո նոր անունը՝ Լուսիկ,
Դե գնացի, միշտ հիշեք
Ձեր բարեկամ աղվեսին:
Աղվեսը նորից վերադարձավ անտառ, իսկ քույրիկները շարունակեցին ճանապարհը: Բայց ա՜յ քեզ անհաջողություն. լուսնի դեմքը պատեցին ամպերը ու ճանապարհը մթնեց:
Քույրիկները վախից սսկվեցին: Նրանցից մեկը թույլ ասաց.
- Հե՛յ, ո՞վ կա այստեղ մոտիկ:
- Ես…ես, ի՞նչ կա:
- Դու ո՞վ ես:
- Բրդոտ արջուկն եմ, չե՞ք ճանաչում:
- Վա՛յ, մայրիկ, ջան, - ճչաց փոքրիկ քույրիկը:
- Մի վախեցեք, ես ոչինչ չեմ անի, - ասաց Արջուկը, - հիմա ես ձեզ կօգնեմ:
- Ես արջուկ եմ մի բրդոտ,
Ես անվախ եմ ու սրտոտ,
Մեղր ու փեթակ հիշելով՝
Ման եմ գալիս գիշերով.
Սակայն շատ եմ ես բարի,
Աստղի՛կ, Աստղի՛կ դուրս արի:
Հենց որ արջուկը երգն ավարտեց, երկնքում փայլեցին աստղիկներն ու լուսավորեցին ճանապարհը: Քույրիկները քայլեցին Արջուկի առաջնորդությամբ մինչև գյուղի ծայրը:
- Դե այստեղից արդեն դուք կարող եք գնալ. իմ բաժանվելու ժամանակն է, - ասաց Արջուկը:
- Ախ, սիրելի արջուկ, այնպե՛ս երախտապարտ ենք քեզ:
-Ինչո՞ւ ինձ, ա՛յ, նայեք երկնքին, աստղիկներից շնորհակալ եղեք:
- Ա՛, բոլորովին մոռացել էինք, մեր կրտսեր քույրիկի անունն էլ կդնենք Աստղիկ ու միշտ կհիշենք աստղիկներին:
- Դե ինձ մնում է շնորհավորել, - ասաց Արջուկը:
Շնորհավոր թող լինի
Աստղիկ անունը սիրուն.
Քեզ քաջի սիրտ պարգևի՝
Չվախենաս անտառում:
Արջուկը վերադարձավ անտառ, իսկ Արևիկը, Լուսիկն ու Աստղիկը ուրախ-ուրախ մտան գյուղ: Երբ հասան տուն, մայրիկը մեկ-մեկ գրկեց նրանց ու համբուրեց: Եվ երբ իմացավ այս ամբողջ պատմությունը, ցանկություն հայտնեց անպայման մի շնորհակալական նամակ ուղարկել Նապաստակին, Աղվեսին ու Արջուկին: Քույրիկները կատարեցին մայրիկի ցանկությունը, նամակ գրեցին ու անտառապահի հետ ուղարկեցին անտառ: Անտառապահը հավաքեց բոլոր կենդանիներին ու բարձրաձայն կարդաց այդ նամակը.
Ողջո՛ւյն, բարի Նապաստակ,
Եվ ձեզ՝ Արջուկ, Աղվեսիկ,
Ձեզ կհիշենք շարունակ…
Արև, Աստղիկ ու Լուսիկ: