Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Գրիգորիս Աղթամարցի․ «Յամեն առաւոտ և լոյս»

Յամեն առաւոտ և լոյս
Գաբրիէլն ասէր հոգւոյս.
«Արի՛, ե՛լ ի յայս այգոյս»,
Այս իմ նորատունկ այգոյս:

Քար եմ բերեր սարերոյս,
Փուշ եմ կրեր ձորերոյս,
Պատ եմ բոլորեր այգոյս,
Կասեն, թ' «Արեկ, ե՛լ այգոյս»:

Ինչպէ՞ս ելնեմ ի յայգոյս,
Գէմ չար փուշ կայ պատերոյս:

Ջուր եմ բերեր լեռներոյս,
Աղբիւր եմ շիներ այգոյս,
Դեռ չեմ խըմեր ի ջրոյս,
Կասեն, թ' «Արեկ, ե՛լ այգոյս»:

Ուռ եմ տընկեր այս այգոյս,
Զտակն եմ ջրեր այս տընկոյս,
Դեռ չեմ կերեր պըտղոյս,
Կասեն, թ' «Արեկ, ե՛լ այգոյս»:

«Յամեն առաւոտ և լոյս» (Տաղ լալու): Խոսք՝ 16-րդ դարի Հայոց կաթողիկոս Գրիգորիս Աղթամարցու: Երաժշտություն՝ Դանիել Երաժիշտի: Կատարում է հնագույն երաժշտության «Շարական» անսամբլը: Մենակատար՝ Գրիգոր Համբարյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:

Հայ քնարերգության 16-րդ դարը բացվում է Գրիգորիս Աղթամարցու պոեզիայով: Իր սիրային տաղերում, որ փառք ու ճանաչում բերին բանաստեղծին, նա զարգացրել է Հովհաննես Թլկուրանցու ավանդները: Ոճական առումով նրա բանաստեղծությունն ավելի գունագեղ է, քան նախորդներինը, գերհագեցած է զգացմունքներով: Աղթամարցուն մերթ ընդ մերթ վախ են պատճառել հոգեկան լարվածության ուժն ու զգացմունքների լիակատար ազատագրվածությունը: Նման դեպքերում նա խոստովանում է, որ իր մարմինը հաղթում է հոգուն: Նրա ստեղծագործությունների հարյուրավոր ձեռագրեր են պահվում Երևանի Մատենադարանում, Վիեննայի, Վենետիկի, Երուսաղեմի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ձեռագրատներում:

16-րդ դարի Հայաստանը եղել է Իրանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած մի քանի պատերազմների ասպարեզ: Նրանք թեև տարածքային ու այլ հարցեր միմյանց միջև էին պարզում, սակայն պատերազմի արհավիրքը կրում և տառապում էր հայ ժողովուրդը: Այդ պատերազմների ականատես տարեգիր Հովհաննես Արճիշեցին գրում է. «Քանի հայր ու մայր անորդի եղան և անդուստր: Եւ քանի քույր առանց եղբայր, և եղբայր` առանց քույր մնացին: Քանի սիրուն հարս ու փեսա բաժանվեցին: Քանի քույր ու եղբայր մեկ գիշերվա մեջ մեռան: Եւ ո՞վ կարող է պատմել աղետը, ծնողների ու հարազատների կսկիծը»: Գրիգորիս Աղթամարցու այս տաղը, որ կրում է «Տաղ գեղեցիկ ի վերայ այգոյ, հոգոյ և մարմնոյ», ընկալվում է թե' իբրև մեկ անհատի կյանքի պատմություն, և թե' իբրև 16-րդ դարի Հայաստանին բնորոշ անկայուն կյանքի, վաղվա օրվա նկատմամբ ունեցած անվստահության նկարագրություն, քանզի յուրաքանչյուր ժամը կարող էր դառնալ վերջինը: Տաղը համակված է մղկտուն կենսասիրությամբ: Այն խոսք է` ձախողված կյանքի մասին, որ ասույթ է դարձել. «Շինեց, բայց չվայելեց» :

Դանիել Երաժիշտը մեղեդու ստեղծման մասին պատմում է. «Կարդացի, ցնցվեցի, երգը ժայթքեց. հայի բախտն է` ամենուր շենացնում է, հետո մի օր ասում են` ել այգուցդ,տնիցդ, ինպես Արցախում եղավ: Հենց Արցախն էլ նկատի ունեի... Տուն, այգի, կարելի է մեկնաբանել գլոբալ առումով, որպես մեր աշխարհը, երկրային կյանքն առհասարակ»:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան