Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Մարդը՝ Սուրբ Հոգու տաճար

«Չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը դուք Աստծուց եք առել, և Այն բնակվում է ձեր մեջ, իմացեք, որ դուք չեք ձեր անձի տերը, այլ Աստված, որ փրկագնով գնեց ձեզ համար, ուստի այնպես ապրեցեք, որ Աստված փառավորվի ձեր մարմնով» (Ա Կորնթ. 6:19-20):

Պողոս առաքյալի այս պատգամն առավել արդիական է մեր օրերում:
Աստված մարդուն արարեց՝ որպես մարմնավոր և հոգևոր արարած: Հոգևորը մեզ կապում է Աստծուն, իսկ մարմնականությունը մեզ կապում է նյութական աշխարհին: Մեր առաքելությունը նյութական աշխարհը հոգևորով ու հոգևոր բարիքներով լցնելն է:

Այսօր մի կողմից զարգանում է հոգևոր կյանքը՝ աստվածաբանական նոր աշխատություններով և ուսումնասիրություններով, մյուս կողմից աշխարհն իր գիտատեխնիկական մտքով փորձում է Աստծուն բացառել այս աշխարհից:

Այնինչ Աստված մարդուն արարեց ոչ թե զորությամբ, այլ՝ սիրով: Քրիստնյայի պարտքն է զինվել աստվածային սիրով ու փոխակերպել աշխարհը, մեր կյանքը:

Ամեն մարդ տաճար է Սուրբ Հոգու և մեր առաքելությունն է աստվածային լույսով ու սիրով լցնել աշխարհը:

Աստված իզուր չի արարել մարդուն և իզուր չէ, որ Նա հավատում ու վստահում է յուրաքանչյուրիս, ուստի մենք էլ մեր առաքինի ընթացքով ու սիրով պետք է փաստենք, որ իզուր չենք ապրում:

Եթե չարության հոգին կործանեց ու քանդեց ամեն գեղեցիկ ու բարի բան, ապա Սուրբ Հոգին, բնակվելով մարդկանց մեջ, շարունակում է վերականգնել կործանվածը, վերահաստատել մարդու և Աստծո խախտված միությունը:

Աստվածային այս սիրո արդյունքում ծնվեց ու հաստատվեց Քրիստոսի եկեղեցին: Հիշենք, թե ինչպես էին առաքյալները խաչելությունից հետո հավաքվել վերնատան մեջ: Նրանք այլևս բաժանված չէին՝ ինչպես խաչելության ժամանակ, այլ՝ միասիրտ ու միակամ՝ թեկուզ սարսափի ու անորոշության մեջ: Հենց սա էր պատճառը, որ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա:

Մենք էլ այսօր հաճախ վտանգի ու անհանգստության ժամանակ «փակվում ենք» մեր մեջ՝ սարսափած ու վախեցած, և մեր խնդիրը հուսահատության ու անվստահության մեջ է. հենց սրա պատճառով մենք չենք զգում Սուրբ Հոգու ներգործությունը: Մենք կոչված ենք լինելու Սուրբ Հոգու տաճարներ, իսկ դա նշանակում է միակամ լինել ոչ միայն Աստծո, այլ նաև մարդկանց հետ:

Լինել տաճար Սուրբ Հոգու նշանակում է ձգտել Երկնքի Արքայությանը, վերադարձնել կորուսյալ դրախտը, որտեղ մեղքն ու խավարը տեղ չունեն: Այս երանությունը պետք է վաստակել ոչ միայն աղոթքով ու միակամությամբ, այլ աստվածահաճո ընթացքով, բարի գործերով՝ աստվածային սիրուն ապավինած, քանի որ Աստծո սերը կենդանություն է տալիս այն ամենին, ինչին դիպչում է:

Կարևոր է հասկանալ թե որքանով ենք մենք արձագանքում այդ սիրուն: Մենք սովոր ենք, որ սերը պետք է վաստակել: Այսպես է տանը, բակում, հասարակության մեջ: Պետք է լինենք բարի, անկեղծ, մեծահոգի, ներողամիտ, որպեսզի վաստակենք մարդկանց սերը: Եվ կարծում ենք, որ այս նույն սկզբունքն է գործում նաև մարդ և Աստված հարաբերության մեջ: Հաճախում ենք եկեղեցի, մասնակցում Պատարագի արարողություններին, որոշակի բարի գործեր ենք կատարում և կարծում, որ այդ ամենի համար Աստված պարտավոր է մեզ սիրել: Սակայն Աստծո սերը վաստակել անհնար է. Աստված մեզ սիրում է առանց որևէ պայմանի: Մեր և Աստծո հարաբերությունների մեջ կարևոր է ոչ թե աստվածային սիրուն արժանանալը, այլ այդ սիրով ապրելը:

Ուրեմն ապրենք աստվածային սիրով և Ս. Հոգու շնորհներով զորացած՝ մշտապես փառաբանելով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am