Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Հոգու բժշկարան

ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գիտենք, մարդը բաղկացած է հոգի, շունչ, մարմին Աստվածահրաշ եռամիասնությունից, որը եզակի է ողջ արարչագործության մեջ։ Օրինակ, հրեշտակները միայն հոգի են, կենդանական և բուսական աշխարհը` մարմնավոր, նյութական, իսկ ահա ադամածին մարդը եռամիասնական է, և դա հաստատվում է Սուրբ Գրքով։
Պողոս առաքյալն իր հավատակիցներին այսպես է գրում. «Եվ խաղաղութեան Աստուածն Ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղոնիկեցիներին, 5,23)։

Եթե ընթերցողն ուշադիր եղավ, ապա նկատեց, որ Տիրոջ առաքյալը եռամիասնության աստիճանակարգության մեջ առաջինը հոգին նշեց, հետո շունչը, ապա մարմինը։ Եվ դա պատահական չէ, այլ ըստ կարևորության։ Եվ դա Տիրոջ խոսքով է հաստատվում. «Հոգին կենդանություն տվողը, մարմինը բոլորովին չի օգնում։ Այն խոսքը, որ ձեզ ասացի, հոգի ու կյանք է» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 6,64)։

Եվ մի այլ տեղում ավելացնում է. «Մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ փրկելու» (Ավետարան ըստ Ղուկասի 9.56)։ Այսինքն` Հիսուսի առաքելությունը նախ` մեր հավիտենական հոգիների փրկությունն է, քանի որ հենց հոգին է, որ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը։ Բայց սա չի նշանակում, որ մարմինն անարժեք է Աստծո համար, ինչպես շատ կրոններ են այդպես համարում և անխնա ու դաժան խստությամբ վարվում դրա հետ։

Պողոս առաքյալն այդ մասին գրում է. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մէջ: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետև սուրբ է Աստծո տաճարը, որը դուք եք»: (Ա Կորնթացիներին, 3,16)։ Եվ հարության օրը Սուրբ Հոգու միջոցով սրբացված այդ մարմինները պետք է իրենց հոգիների հետ վերամիավորվելով գերեզմաններից հարություն առնեն և հավիտենական Արքայություն մտնեն, որտեղ այլևս մահ, ցավ, դժբախտություն, սուգ և հիվանդություն պետք է չլինի. երանի՜ արժանացողներին։

Իսկ ո՞ւր մնաց շունչը, այսինքն` մարդու բանական մասը։ Դա, ըստ սուրբ հայրերի մեկնաբանության, տաճարի թագավորն է, որն Աստծո տված ինքնիշխան և ազատ կամքով ինքն է ընտրում՝ կամ չարին ու մեղքին տրվի, կամ էլ բարին ու փրկարարն ընտրի և այդ ճանապարհով ընթանա։ Դժբախտաբար, չգնահատելով հոգու հավիտենականությունն ու դրա առաջնակարգությունը, մենք մեր ազատ կամքով շատերս մարմնին առավել տեղ ենք տալիս և անխոհեմաբար գիշեր-ցերեկ ստրկաբար ծառայում ենք նրա ցանկություններին, որի դառնահամ պտուղները, ըստ Աստծո խոսքի, սրանք են. «Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ: Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ էի ասում, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու»: (Գաղատացիներին, 5,19-21)։

Եթե անաչառորեն քննենք մեր «պտուղները», ապա կտեսնենք, որ դրանցից անմասն չենք։ Եվ հենց այդ մեղավոր ցանկությունների դեմ պայքարը Պողոս առաքյալը կոչում է պարի պատերազմ, որը, ի վերջո, տանում է հոգու քաղցրահամ «պտղաբերության», որոնք հետևյալն են. «...սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա: Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղատացիներին 5.22-24)։

Սուրբ հայրերից մեկն է ասել. «Մարմնին տուր այն, ինչ որ պետք է, ոչ թե ինչ որ ուզում է» (Նեղոս Սինայեցի)։ Ինչպես որ մենք մեր երեխաներին չենք տալիս ինչ իրենք են ցանկանում, այլ ինչ որ օգտակար ենք համարում։ Եթե երեխաներին թողնես, ամբողջ օրը քաղցրավենիք ու ծամոն կուզեն, վիտամինազուրկ կլինեն ու կսկսեն հիվանդանալ կամ թերաճ կմնան։

Իսկ մեկ ուրիշն ասել է. «Մարմինն անշնորհակալ ընկեր է, ինչքան շատ ես սիրաշահում, այնքան աշխատում է քեզ վնասել» (Հայր Կղեմաքոս)։ Այսինքն` մարմինը հակառակվում է հոգու ողջախոհությանը։ ՈՒ, դժբախտաբար, մենք շատ հաճախ ուզում ենք այն, ինչ վնասակար է, ու տրվելով այդ ցանկություններին, նախ տկարացնում, վնասում ենք մեր մարմինները։ Դառնում ենք ամեն բանից դժգոհ, ջղագրգիռ, շուտ վհատվող, հոգնած ու հիվանդոտ էակներ։ Եվ ուշքի ենք գալիս, երբ արդեն բժշկի ձեռքն ենք ընկնում, ու սկսում ենք ցավ քաշելով և մեծ գումարներ ծախսելով ջանալ վերականգնել այն, ինչը կարելի էր հեշտությամբ կանխել։ Ինչպես որ հրդեհը կարելի է կանխել, եթե իսկույն փչենք վառվող լուցկու վրա, իսկ եթե անհոգ լինենք, մեծ վնասներ կկրենք։

ՈՒ մարմնի անկարգ ու անհագուրդ ցանկությունները կատարելով` հետզհետե վնասում ենք նաև մեր հոգին, բթացնում և մթագնում բանականությունը, որոնց վերականգնումը շատ ավելի դժվար է, քան մարմնինը, որովհետև դրանք առավել նուրբ ու անտեսանելի ոլորտին են վերաբերում։ Այստեղից էլ սկսվում է հոգեբույժների և քահանաների գործը։

Դրա համար Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք»: (Գաղատացիներին, 5,16,17)։ Ահա՛ թե որն է դեղատոմսը. մի՛ արեք այն, ինչ ուզում եք, այլ սովորեք մարմնի վնասակար ցանկություններին հակառակվել, այլապես այն մեզ Աստծուն կհակառակեցնի ու մահվանը կմոտեցնի և դժոխքին կընտելացնի։

Իսկ եթե խաթարվել է մեր հոգին, ու արդեն մահվան երկյուղն է մեզ պատել, չհուսահատվենք, քանզի ամենակարող Աստված մեզ Իր եկեղեցու, օրհնյալ սրբերի ու ծառաների միջոցով պատրաստ է օգնության հասնելու։
Մեզ՝ հայերիս համար դրա ամենալավ օրինակը Գրիգոր Նարեկացու աղոթքներն են՝ «Մատյան ողբերգությունը», որի միջոցով մեր ազգը դարերով բժշկվել ու զորացել է, ինչպես որ գրված է Նարեկ աղոթամատյանում. «Բժշկական արվեստի ամբողջ Քո բազմահմուտ ու ամենափորձ հնարանքներով՝ նախապատճառն ես Դու անախտ կյանքի, երկնավոր զորեղ Թագավոր, Հիսուս Քրիստոս, Աստված իմանալի և տեսանելի ողջ գոյությունների...
Հոգեկան վերքեր բուժելու համար կարիք չես զգում ո՛չ սպեղանու, ո՛չ ժամանակի, ո՛չ գործիքների, ո՛չ օրըստօրե երկարաձգման, ո՛չ տարբեր դեղեր օգտագործելու, ո՛չ հերձման, ո՛չ խարման, ո՛չ վիրահատման և ո՛չ երկրավոր այլ բուժումների, որ ենթակա են միշտ էլ վրիպման, ամենասխալ ձախողումների» (Բան, ԽԳ, Ա, Բ):

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am