Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից

Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ, դիվական ներգործության պատճառով, նրանք ի վիճակի չեն նույնիսկ գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ Լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: Եթե իր մեղքերը չխոստովանած որևէ մեկն այդ տեղով անցներ, ապա նույնիսկ առանց պատճառն իմանալու՝ կվնասվեր: Մոգական այդ ցանցերն իմ ճանապարհին տեսնելով՝ միանգամից խաչակնքվեցի ու անցա դրանց վրայով: Բոլորը պատռեցի: Այնուհետև կախարդն ինքն իմ խուց եկավ: Նա պատմեց ինձ իր բոլոր մտադրությունների մասին ու այրեց իր գրքերը:

Հավատացյալ, եկեղեցի գնացող, մեղքերը խոստովանող, Սուրբ Հաղորդություն ստացող մարդու վրա սատանան ոչ մի իշխանություն և ուժ չունի: Սատանան միայն անատամ շան պես վայրահաչում է այդպիսի մարդու վրա: Սակայն նա մեծ իշխանություն ունի անհավատ մարդու վրա, ով նրան նման իրավունք է տվել: Այդպիսի մարդուն սատանան նույնիսկ կարող է կրծել, այս դեպքում նա ատամներ ունի և դրանցով տանջում է դժբախտին: Սատանան մարդու հոգու վրա այն իշխանությունն ունի, ինչ նա է տալիս:

Երբ հոգևոր առումով կարգավորված մարդ է մահանում, ապա նրա հոգու Երկինք բարձրանալը սլացող գնացքի է նման: Հաչող շները վազում են գնացքի ետևից՝ խեղդվելով իրենց հաչոցի մեջ, փորձում են հասնել նրա ետևից, իսկ գնացքը սլանում ու սլանում է՝ սպառնալով կոխկրտել նրանց: Իսկ եթե մի այնպիսի մարդ է մահանում, ով այնքան էլ լավ հոգևոր վիճակում չի գտնվում, ապա նրա հոգին նմանվում է հազիվհազ քարշ եկող գնացքի: Նա չի կարող արագ ընթանալ, որովհետև անիվները սարքին չեն: Շները վագոնների բաց դռներից ներս են ցատկում ու կծում մարդկանց:

Եթե սատանան մեծ իրավունքներ է ձեռք բերել մարդու նկատմամբ, ապա պետք է դրա պատճառը փնտրել, որպեսզի սատանան զրկվի այդ իրավունքներից: Հակառակ դեպքում, որքան էլ ուրիշներն աղոթեն այդ մարդու համար՝ թշնամին չի հեռանում: Նա խեղում է մարդուն: Հոգևորականները նախատում են նրան, նախատում**, իսկ արդյունքում խեղճի վիճակն ավելի է վատանում, որովհետև սատանան նրան ավելի շատ է տանջում, քան առաջ: Մարդը պետք է ապաշխարի, մեղքերի խոստովանության գնա, սատանային զրկի այն իրավունքներից, որ հենց ինքն է տվել: Միայն դրանից հետո է սատանան հեռանում, հակառակ դեպքում՝ մարդը կշարունակի տանջվել: Մեկ օր նրան խրատիր, երկու օր, մի շաբաթ, թեկուզ ամիս ու տարի՝ սատանան իրավունքներ ունի դժբախտների նկատմամբ ու չի հեռանում:

* Արտասանվել է 1985թ. հունիսին, երբ Սուրբ Հայրը «Պանագուդա» խցում էր ապրում:

** Չար ոգիների վանում («էկզորցիզմ») – Եկեղեցու կողմից սահմանված կարգ, որի ժամանակ հոգևորականը, հատուկ բանադրական աղոթքներ կարդալով, չար ոգիներին վանում է դրանցով բռնված մարդկանց միջից: Սուրբ Հայրը նշում է, որ այս կարգին դիմած դիվահարն անպայման պետք է ապաշխարի, հոգևորականի առաջ խոստովանի մեղքերը և քրիստոնեավայել ապրելու վճռականություն ունենա:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am