Այսպէս է ասում Տէրը. «Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի։ Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կը լինի» (Ղուկաս 11:31-32)

«Պաշարվածները»

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» պատրաստած «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմը պատմում է 1991-92 թթ. Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ առնված Ստեփանակերտում տիրող վիճակի մասին: Արցախի հայ խաղաղ բնակչությանը ոչնչացնելու նպատակով Ադրբեջանը բոլոր կողմերից գնդակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ Արցախի միակ օդանավակայանը, որը գտնվում է Խոջալուում, գրավված էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից: Արցախը զրկվել էր արտաքին աշխարհի հետ օդային կապից, ինքնաթիռները չէին կարողանում սնունդ, դեղորայք, կենսապահովման համար անրաժեշտ ապրանքներ հասցնել Ստեփանակերտ: Ադրբեջանական կրակակետերից «Գրադ» կայանքով ռմբակոծվող Ստեփանակերտի բնակիչները ապաստանել էին շենքերի նկուղներում, իսկ ինքնապաշտպանության ուժերը մարտեր էին մղում՝ հերթով վերացնելով ադրբեջանական այն կրակակետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Ֆիլմը ներկայացնում է այդ օրերի ականատեսների վկայությունները: Օգտագործվել են բացառիկ արխիվային կադրեր, որոնք «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին» են տրամադրել վավերագրող օպերատորներ Բենիկ Ղարախանյանը, Գագիկ Սիմոնյանը, ինչպես նաև օգտագործվել են կադրեր Տիգրան Գևորգյանի, Սվետլանա Կուլչինսկայայի նկարահանումներից և «Բարս Մեդիայի» տրամադրած տեսաարխիվից: