Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Արտաշէս Յարութիւնեան. Կարօտներս

Հոգւոյս խորը կարօտներ կան՝
Որ կը քանդեն զիս օրէ օր,
Ինչպէս բոցին կարմիր լեզուն՝
Մոմին ճերմակ մարմինն աղուո՜ր։

Կարօտներ կան խորը մըտքիս,
Որ անդադար զայն կը փորեն.
Լա՛ւ, ի՞նչ է վերջն այս ցաւերուն,
Լուռ՝ կը խորհիմ ես ինքնիրեն։

Ու կը լայննա՜յ վէրքը տակաւ
Չըդարմանուած կարօտներուն.
Ո՛չ ո՛ք գիտէ զանոնք, - ի՜նչ փոյթ,
Ես դագաղն եմ այդ ցաւերուն։

Չընչի՞ն ցաւեր. է՜, ո՜վ գիտէ.
Խորհուրդներն են անոնք հոգւոյս.
Մեծ երազներ եւ իղձեր վառ՝
Կը մարին խորն այդ ցաւերուս։

Ու կարօտներն իմ մեծամոլ
Կը սպառեն զիս մինչեւ ցըմահ,
Ինչպէս բոցի կարմիր լեզուն՝
Մոմին մաքուր մարմի՜նն աղուոր։

«Նոր Քնար», 1912

Արտ. Յարութիւնեան
(1873-1915)