Այսպէս է ասում Տէրը. «Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտէ անցեալը եւ կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը

«Կապուտ քուռակ հեծել եմ»

Կապուտ քուռակ հեծել եմ,
Արազին մոտեցել եմ,
Ախ ջան, Արազ, վախ, ելման Արազ,
Արազ, ինձ մի ճամփա տուր,
Իմ յարին կարոտցել եմ,
Մի ճամփա տուր, երթամ յարիս հյուր:
Արազը չունի գյամին,
Կըրծքիս ա տալի քամին,
Ես մի ղարիբ ջան ունեմ,
Չհասնե՞մ Ոսկեծամին:
Արազ, Արազ, խան Արազ,
Բինգյոլից բըխան Արազ,
Ընկել եմ ես քու ծոցը,
Մի՛ տար ման ի ման, Արազ:
Խոր գետը ծով դառել ա,
Ինձ էլ հետը տարել ա,
Խեղճ աղջիկն էնպես գիտե՝
Սերս իրենից սառել ա

Հայ ժողովրդական «Կապուտ քուռակ հեծել եմ» երգը կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան:

Երգի հերոս տղան հեծնել է կապույտ քուռակը և մոտեցել Արազին՝ Արաքսին: Կապույտ քուռակ հեծնելու մասին հիշատակվում է նաև զատկական «Շմոն խեծե կապուտ քուռակ» երգում: Դա համարվում էր ազնիվ ցեղատեսակ և հարգի էր նրանով արշավելը:
Եւ ահա, տղան կապույտ քուռակ հեծած մոտեցել է Արազին: Նա գետին խնդրում է իրեն ճամփա տալ, որպեսզի հյուր գնա իր յարին, ում շատ է կարոտել: Իսկ Արաքսը Հայկական Լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է, որի լայնությունը տարբեր հատվածներում 30-ից մինչև 130 մետր է, և միայն Մեղրիի կիրճերում է սեղմվում 6 մետրանոց հունի մեջ: Իսկ խորությունը 3-4,5 մետր է: Արաքսը նաև արագահոս գետ է, նրա ջրերը վայրկյանում հոսում են 1,5 մետր տարածություն: Այսպիսով, իր սիրած աղջկան հասնելու համար տղան պետք է հաղթահարի Արաքս գետը, քանի որ աղջկա տունը գտնվում ափից այն կողմ: Մենք չգիտենք, թե տղան որ հատվածից է ցանկանում հատել Մայր գետը, իսկ այն, ի դեպ, հոսում է ամբողջ Հայկական լեռնաշխարհով մեկ, սակայն որտեղից էլ լինի, միևնույնն է, գրեթե անհնար է՝ առանց կամրջի:
Հաջորդ քառատողում տղան երգում է, որ Արազը չունի գյամին: Գյամը բարբառներում նշանակում է սանձ: Օրինակ Գյումրիում ասում են «տղիդ գյամերը քաշե», այսինքն տղայիդ զսպիր, որ իրեն ավելորդություններ թույլ չտա: Այսպիսով, ասելով՝ Արազը գյամին՝ սանձ չունի, տղան նկատի ունի, որ նրա արագ ընթացքը, հոսքը զսպող ոչինչ չկա: Այստեղ արժե հիշել, որ Ք.Ա. 1-ին դարի հռոմեացի բանաստեղծներ Վիտիլիոսը և Ալբիուս Տիբուլոսը իրենց ստեղծագործություններում Արաքսն անվանում են «կամուրջընկեց և կամուրջներ չհանդուրժող գետ»: Հայտնի է, որ իր 1072 կմ երկարությամբ հունի վրա Արաքսը «հանդուրժել է» միայն հինգ կամուրջ, որոնք երկար ժամանակ ծառայել են մարդկանց: Իսկ մնացածը, որոնք բազմաթիվ են եղել, պարբերաբար վարարումներից քանդվել են և նորից վերաշինվել:
Այսքանը՝ որպեսի ավելի պատկերավոր լինի, թե տղան ինչպիսի դժվարություն պետք է հաղթահարի՝ իր սիրելիին հասնելու համար: Տղան էլ գիտակցելով դա, նաև հարց է տալիս իրեն՝ ինչպե՞ս չհասնեմ Ոսկեծամին:
Ինչպես երևում է հաջորդ քառատողի խոսքերից, տղան նետվում է Արաքսի ջրերը և ձգտում լողալով անցնել այն: Նա, դիմելով Արաքսին, ասում է, որ ընկել է նրա ծոցը և խնդրում է՝ իրեն չքշել տանել: Սակայն, երգի վերջին հատվածում տղան երգում է, որ խոր գետը կարծես ծով է դարձել ու իրեն էլ քշել-տարել է, մինչդեռ խեղճ աղջիկը, տեսնելով, որ ինքը՝ տղան իրեն չի այցելում, պետք է կարծի, թե իր սերն իրենից սառել է:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան